«Անուշ» պարախումբը 2017 թվականի գործունեությունը նվիրեց «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը
Գերմանիայի Մյունխեն քաղաքի Հայ հայրենակցական միության «Անուշ» պարախումբը՝ հիմնադիր, պարուսույց և գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանի գլխավորությամբ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը՝ 2017 թվականի մշակութային ամբողջ գործունեությունը նվիրելով այս ծրագրի հանրահռչակմանը: Անուշ Չախալյանն այն կարծիքին է, որ մեզանից յուրաքանչյուրը տարբեր միջոցներով պետք է այս կարևոր գործում ներդրում ունենա՝ ի շահ Արցախ աշխարհի:
Գերմանիայի տարբեր քաղաքներում, պարախումբը մասնակցելով համերգների և միջազգային փառատոների, շարժումը խորհրդանշող ցուցապաստառները վեր բարձրացնելով՝ օտար հանդիսատեսին իրազեկեց ոչ միայն հայկական մշակույթի, այլև՝ Արցախի հիմնախնդիրների մասին:
Ամփոփելով համահայկական շարժման շրջանակներում իրենց կատարած աշխատանքերը՝ պարախմբի անդամները որոշել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ անակնկալ մատուցել Ստեփանակերտի և Բերձորի գիշերօթիկ դպրոցի աշակերտներին՝ Մյունխենից նրանց ուղարկելով քաղցրացվենիքի տուփեր:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Անուշ Չախալյանն ասաց, որ հոգեպես հանգիստ է զգում՝ այս ծրագիրը տրամաբանական ավարտին հասցնելու, արցախցի երեխաներին ամանորյա ժպիտներ և ջերմություն պարգևելու համար: Պարախմբի ղեկավարն ասաց, որ պարախմբի անդամները մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ են մասնակցել այս կարևոր գործին, այնուհետև հավելեց, որ հետագայում նույնպես շարունակելու են մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:
«Բոլորս լավագույն ակնկալիքներով և հույսերով ենք սպասում Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներին, ուստի ցանկանում եմ հավատարիմ շան տարին իր հետ մարդկանց բերի բարություն, երազանքների իրականացում և առողջություն: Թո՛ղ Հայոց բանակի համար խաղաղության տարի լինի, շնորհակալ եմ հատկապես քաջարի հայ զինվորներին՝ մշտապես մեր անվտանգությունն ապահովելու համար:
2018 թվականը համայն հայության համար թո՛ղ լինի բազում հաղթանակների տարի, իսկ ես էլ կշարունակեմ Սփյուքում ծառայել հայ մշակույթին»,-ամանորյա ջերմ բարեմաղթանքով իր խոսքն ավարտեց Անուշ Չախալյանը:
Գևորգ Չիչյան