«Ավետիս» պարախումբն Արցախին նվիրված միջոցառում կկազմակերպի
Աթենքի «Ավետիս» պարախումբը միացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, այս կերպ իրենց զորակցությունը հայտնելով Արցախին ու արցախահայությանը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ պարախումբը շարժման խորագրի շրջանակներում ամռանը մեծ միջոցառում է կազմակերպելու և նվիրվելու է Արցախին:
2013 թվականին ստեղծված «Ավետիս» պարախմբի նպատակը հայանպաստ գործունեությամբ զբաղվելն է, ազգային մշակութային արժեքների պահպանումը:
«Ավետիս» է անվանվել՝ նպատակ ունենալով կատարած աշխատանքով միշտ բարի լուրեր և լավ տրամադրություն սփռել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Այժմ պարախումբ է հաճախում 35 երեխա: «Ավետիսը»-ը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարի միջազգային խորհրդի անդամ է:
Պարախումբը 2016 թվականին 6 պարուհիներով առաջին անգամ մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:
Պարախմբի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցը Շուշանիկ Սեմերջյանն է, տնօրենը՝ Շուշանիկի ամուսինը՝ Կարեն Հակոբյանը: