Ֆոնեթոն-2016. 1,34 միլիոն եվրոյի նվիրատվության խոստում
Նոյեմբեր 20-ին ավարտվեց ի նպաստ Հայաստանի, Արցախի և Սիրիայի ու Իրաքի աղետյալ բնակչությունների՝ Ֆրանսայի «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած «Ֆոնեթոն-2016»-ը:
Ըստ «Հայերն այսօրի»՝ Փարիզի, Լիոնի, Թուլուզի և Մարսելի հեռաձայնային կենտրոններից շուրջ 700 կամավորներ չորս օրերի ընթացքում հեռաձայնել են 46.000 ընտանիքների և ընկերությունների: Շնորհիվ այդ հեռախոսային կոչերի՝ հնարավոր է դարձել չորս երկրներից` Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից և Շվեյցարիայից ձեռք բերել շուրջ 1,34 միլիոնի նվիրատվության խոստում, ինչը անցյալ տարվա հանգանակությունը գերազանցում է 1%-ով:
Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամը, որ հաղորդում է այս տեղեկությունները, նշում է նաև որ 1700 նոր անուններ են ավելցել նախորդ տարիների նվիրատուների ցանկին՝ նվիրատու ընտանիքների և ընկերությունների ընդհանուր թիվը հասցնելով 10.200-ի:
Հանգանակված գումարները կգործածվեն գլխավորաբար երեք ուղղություններով` Հայաստանի Տավուշի սահմանամերձ շրջանի գյուղերին, Արցախի Ապրիլյան քառօրյա պատերազմից տուժած շրջաններին և Հալեպի ու Մուսուլի հայ բնակչությանը օգնելու նպատակով:
Ֆոնեթոնի չորսօրյա այս արշավը ավարտվել է, բայց դեռ կարելի է նվիրատվություններ անել՝ այցելելով www.fondsarmenien.org կայքը կամ մինչև 2017 հունվար 15-ը զանգահարելով 0810 24 24 24 համարին: