Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենին

Դեկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց Հանրային ռադիոյի գործունեությունը, որը մեծ նշանակություն ունի աշխարհասփյուռք հայ ժողովրդի համար: «Կարևոր է  Հանրային ռադիոյի աշխատանքը Հայաստան-Սփյուռք գործակցության ընդլայնման և լուսաբանման գործում: Ձեր ղեկավարությամբ՝ ռադիոն լավագույնս իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությանն ու Հայաստան-Սփյուռք գործակցությանը նվիրված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Կամուրջ», «Հայկական գաղթօջախներ», «Սփյուռքի ձայնը», «Հայրենադարձություն», «Պատմական հայրենիք», «Գերդաստաններ» և «Հայկական հետք» հաղորդաշարերը: Այսօր համայն հայության համար առաջնահերթություն է դարձել մայրենիի պահպանումն ու տարածումը: Այդ առումով առաջնահերթություն է նաև արևմտահայերեն հաղորդաշարի հեռարձակումը Հանրային ռադիոյով: Հուսանք՝ մոտ ապագայում մեր հայրենակիցները այդպիսի հաղորդաշարեր ունկնդրելու հնարավորություն կունենան»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Մարկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության համար: «Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ընթացքում Կանադա այցելության աշխատանքային հրավեր ստացա: Այսպիսով՝ 2018 թվականի մարտին պլանավորում եմ այցելություններ Տորոնտոյի և Մոնրեալի, ապա  ԱՄՆ-ի հայաշատ համայնքների՝ Լոս Անջելեսի, Բոստոնի, Նյու Յորքի հայակական լրատվամիջոցներ, հանդիպումներ եմ ունենալու հայկական համայնքի ներկայացուցիչների հետ»,-նշեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը:

Նախարարը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստակամ է  այցի ընթացքում կազմակերպչական հարցերում աջակցություն ցուցաբերել, տրամադրել կոնտակատային տվյալներ, ձեռք բերել պայմանավորվածություններ:

«Հայկական համայքներում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ պետք է կարևորվեն մի շարք սկզբունքներ. մենք առաջնորդվում են այն գաղափարով, որ ամեն հայ պետք է տեսնի իր Հայրենիքը, փորձի նպաստել նրա զարգացմանն ու առաջընթացին, պահպանի հայ ինքնությունը, հավատարիմ մնա իր արմատներին: Այսօր մեզ համար կարևոր է նաև հայրենադարձության թեման, որովհետև ի վերջո յուրաքանչյուր հայի տունը Հայաստանն է»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը նշեց, որ հունվարին լինելու է նաև Լոնդոնում և տեղի հայկական համայքնի հետ ևս նախատեսում է հանդիպումներ:

Այնուհետև հյուրի հետ նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցեց հայաստանյան լրատվադաշտի, առկա մարտահրավերների մասին: Երկուստեք կարևորվեց լրագրողական էթիկայի պահպանումը, պրոֆեսիոնալ մոտեցումն ու հետևողականությունը:

Scroll Up