Արա Աբրահամյանը դստեր հետ այցելեց Սփյուռքի նախարարություն

Հուլիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային Հայկական Կոնգրեսի և Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանին և նրա դստերը՝ Աննա Աբրահամյանին, ով ուսանում է ԱՄՆ-ում, և Հայաստան է եկել նախնիների երկրին ծանոթանալու և իր փորձառությունը Հայրենիքում անցկացնելու համար:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայկական հարուստ մշակույթին ծանոթանալու, ազգային երգին ու պարին հաղորդակից դառնալու հայ երիտասարդների ձգտումը: Նախարարը հետաքրքրվեց Աննա Աբրահամյանի հետագա ծրագրերով, ներկայացրեց նախարարության համահայկական և մշակութային ծրագրերը և հրավիրեց նրան՝ մասնակցելու «Արի տուն» ծրագրի ներկա փուլին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար: Աննա Աբրահամյանը սիրով ընդունեց նախարարի հրավերը՝ միանալ արիտունցիներին:
Զրույցի ընթացքում Արա Աբրահամյանի հետ քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր, նախանշվեցին անելիքները: