«Արի տան» միջոցով հույս ունեմ գտնել սիրիահայ իմ ընկերներին».«Արի տուն-2016» ծրագրի մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակից  Վարուժան Գագոյանը Սիրիական պատերազմի հետևանքով Հալեպից ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել մարտ  ամսին: Մինչ այդ երբեք չէր եղել Հայրենիքում:

 «Հայերն այսօրի» հետ զրույցում Վարուժանն ասաց, որ շատ է հավանել Հայաստանի տեսարժան վայրերը, երևանյան այգիները, որտեղ հաճախ ծնողների հետ զբոսանքի է դուրս գալիս: Վարուժանին հատկապես հայկական քարերն ու ժայռերն են գրավել, որոնք նրան ուժ, վստահություն են հաղորդում:

Զրույցի ընթացքում Վարուժանը չթաքցրեց, որ շատ է կարոտում Հալեպը, կարոտում է իր ընկերներին, բնակարանն ու դպրոցը: Անընդհատ հիշում է բակային խաղերն ու ամառային ճամբարները՝ հույսով սպասելով այդ երանելի օրերի «վերադարձին»:

«Արի տուն ծրագրի մասին արդեն գիտեի, տեղյակ էի նաև, որ Հայաստանում հաստատված սիրիահայ երեխաները նույնպես մասնակցելու հնարավորություն ունեն: Այդ հանգամանքն էլ ինձ ոգեշնչեց մասնակցելու ծրագրին»,-ասաց Վարուժանը՝ հավելելով, որ շատ է ուզում սիրիահայ պատանիներին և աղջիկներին հանդիպել այն նպատակով, որ գուցե նրանց մեջ իր ընկերներին կկարողանա գտնել: Նա անհամբերությամբ սպասում է Ծաղկաձոր մեկնելուն, որպեսզի «Արի տուն» ճամաբարում հաճելի ժամանակ անցկացնի, հայկական երգն ու պարը  սովորի:

Խոսելով երազանքների մասին՝ Վարուժանն ասաց, որ ցանկանում է վիրաբույժ դառնալ, որպեսզի բուժի իրեն դիմող բոլոր հիվանդներին: Նաև սիրում է երգել, գծագրությամբ զբաղվել և ազգականի՝ Աշոտ Նադանյանի մոտ շախմատի դասընթացների հաճախել:

Գևորգ Չիչյան

Վարուժան

Scroll Up