Տեսաժողով Ստավրոպոլի մարզի Կիսլովոդսկ քաղաքի հայկական ազգամշակութային ինքնավարության ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ստավրոպոլի մարզի Կիսլովոդսկ քաղաքի հայկական ազգամշակութային ինքնավարության ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը,  կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ: Կիսլովոդսկից տեսակապին մասնակցում էին Կիսլովոդսկի հայկական համայնքի նախագահ Օլեգ Այրիյանը, նախագահի տեղակալ Արմեն Մովսեսովը, երիտասարդության հարցերով նախագահի տեղակալ Գարիկ Քեշիշյանցը, Կիսլովոդսկի հայկական համայնքի խորհրդի անդամներ Մուշեղ Կյուրկչյանը և Պավել Ներսիսյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը տեսաժողովի մասնակիցներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, շնորհակալություն հայտնեց համայնքին՝ նախարարության հետ ակտիվ համագործակցելու համար: Նա մասնավորապես նշեց. «Ուզում եմ ողջունել և գնահատել ձեր աշխատանքը համայնքը համախմբելու, հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու, ազգային ավանդույթները, լեզուն, մշակույթը պահպանելու համար: Պետք է հայկական միջավայր ստեղծենք, հայերեն խոսենք, շատացնենք  հայկական երգն ու պարը: Ուզում եմ, որ լինելով ձեր բնակության երկրի լավ քաղաքացի, լավ հայ լինեք»:

Այնուհետև ելույթ ունեցավ Կիսլովոդսկի հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ Օլեգ Այրիյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ տեսաժողովը կազմակերպելու համար: «Վստահ ենք, որ այս համատեղ քննարկումը շատ շուտով իր արդյունքները պիտի տա, կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա»:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանն անդրադարձավ նախարարության առաջիկա ծրագրերին, ներկայացրեց «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը և «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխությունը, կարևորեց համայնքի ակտիվ մասնակցությունը այդ ծրագրերին:

Կիսլովոդսկի կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին նշեց, որ թեև համայնքում 1700 հայ կա, դպրոցի աշակերտների թիվը չի անցնում երկու տասնյակից: Նա խնդրեց դպրոցի սաների համար այբբենարաններ և այլ դասագրքեր ուղարկել:

Քննարկվեցին Կիսլովոդսկի հայկական համայնքի գործունեությանը, համայնքում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ Սփյուռքի նախարարության 2018թ. ծրագրերին Կիսլովոդսկի երիտասարդության մասնակցությունն ավելի ակտիվացնելուն վերաբերող հարցեր:

Համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում առավել ակտիվ մասնակցել Սփյուռքի նախարարության ծրագրերին, սերտացնել կապը Հայրենիքի հետ:

Scroll Up