«Չեմ կարող ապրել առանց հայկական միջավայրի».Լուսինե Ներսիսյան
Բելգիայի Լիեժ քաղաքում գործող «Մեսրոպ Մաշտոց» միության նախագահ Լուսինե Ներսիսյանի ընտանիքը հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն-2015-ի ժամանակ «Սփյուռքում լավագույն հայկական ընտանիք» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի է արժանացել: «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նա խոսել է ոչ միայն մրցանակի, այլև Սփյուռքում հայապահպանության և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ օրեր առաջ Բելգիայի հայ համայնք կատարած այցելության մասին:
-Տիկին Ներսիսյան, ի՞նչ զգացողություններ ունեք նման մրցանակ ստանալուց հետո:
-Մեր ընտանիքի համար նման գնահատանքի արժանանալը պատվաբեր է և պարտավորեցնող: Հասկանում ենք՝ Հայաստանում մեզ չեն մոռանում, որից ոգևորվում և ուժ ենք ստանում՝շարունակելով հետագա աշխատանքները:
Բացի պատվոգրից և խորհրդանշական մրցանակից, նաև դրամական պարգև ստացանք: Այդ գումարը որոշել եմ՝ որպես Ամանորի փոքրիկ նվեր, իմ ընտանիքի կողմից Ապրիլյան քառօրյա պետերազմի ժամանակ վիրավորված մի զինվորի նվիրել: Այդպես, ինձ հոգեպես ավելի հանգիստ կզգամ:
Հավելեմ նաև, որ Բելգիայի Լիեժ քաղաքում գործող «Մեսրոպ Մաշտոց» միությունը, որի նախագահն եմ հանդիսանում, 2014 թվականին տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ «Մայրենիի պաշտպան» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի է արժանացել:
-Սփյուռքում ապրելով՝ ընտանիքում պահպանու՞մ եք հայկական ավանդույթներն ու բարքերը, նշու՞մ եք ազգային, եկեղեցական, պետական տոները:
-Անխտիր, հայկական բոլոր ավանդույթները մեր տանը պահպանում ենք: Երեխաներս տանը միայն հայերեն են խոսում, ինչը կարևոր նախապայման է մեզ համար: Աղջիկս հայկական դպրոցում է սովորում, տղաս նույնպես հայկական դպրոց է հաճախել:
Ամեն ինչ արել եմ, որ նրանք օտարության մեջ գտնվելով՝ հայեցի կրթություն և դաստիարակություն ստանան, չկտրվեն իրենց արմատներից: Երբ աղջիկս տանը ֆրանսերեն է խոսում, եղբայրը նախատում է նրան և հորդորում միայն հայերեն խոսել:
Աղջիկս հիմա Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների վկայությունների մասին պատմող գիրք է կարդում, որից շատ է ազդվում և հուզվում: Ամեն օր ինձ հետ կիսվում է գրքից ստացած տպավորությունների մասին:
Մեծ խանդավառությամբ ենք պատրաստվում տոներին՝ Ամանորին, Սուրբ Զատիկին, Տեառընդառաջին և մյուսներին: Այդ օրերին բնակարանը տոնին համապատասխան տեսքով ենք ձևավորում և աշխույժ եռուզեռի մեջ լինում:
Մեր բնակարանում միշտ հայկական շունչ է տիրում.Հայաստանից բերված տարբեր նկարներ կան պատին փակցված՝ Վանա լճի, խաչքարերի, տեսարժան այլ վայրերի պատկերներով, որոնց ամեն անգամ նայելիս՝ Հայաստանին մոտ ենք զգում և փոքր-ինչ փարատում կարոտը:
Բակում ստեղծել ենք «փոքրիկ Հայաստան». թոնրատուն ունենք, Հայաստանից բերված խաղողի որթեր, թզենու, ծիրանենու, սալորենու և թթենու ծառեր ենք տնկել: Ի դեպ, թութն այս տարի առաջին անգամ բերք է տվել: Ես չեմ կարող ապրել առանց հայկական միջավայրի:
-Տեղյակ եմ, որ Ձեր ամուսինը ազգությամբ հայ չէ: Հաջողվե՞լ է նրան «հայացնել», ի՞նչ կարծիք ունի հայ ժողովրդի մասին:
-Ամուսինս՝ Դիդիեն, ազգությամբ բելգիացի է: Նա պետական աշխատող է: Աշխատում է նոտարների հետ՝ մարդկանց թողած ժառանգությունը բացելու գործընթացը կատարելով: Նա ինձանից միշտ հետաքրքրվում է հայերի պատմական անցյալի, կրած տառապանքների, պատուհասած արհավիրքների և հաղթական էջերի մասին: Շատ լավ տեղեկացված է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության մասին:
Ես հատուկ ոչ մի ջանք չեմ գործադրել, որ նա հայերի հանդեպ սեր ու հարգանք ունենա: Այդ արդյունքին ենք հասել համատեղ կյանքի ընթացքում: Ամեն տարի մի քանի անգամ Հայաստան ենք այցելում: Նույնիսկ այնպես է ստացվել, որ նա մենակ է եկել: Ամուսնուս նպատակն է, որ ապրենք Հայաստանում, որտեղ արդեն նախապես գնված հողատարածքում բնակարան ենք կառուցել: Դիդիեն հայերեն հասկանում է և խոսում: Այն հարցին, թե ինչ կարծիք ունի Մայրենիի մասին, ասում է՝ գեղեցիկ ու հնչեղ է հայոց լեզուն:
Հայկական ուտեստներից գառան խորոված է շատ սիրում: Երբ առաջին անգամ Հայաստան եկանք, մեզ հրավիրեցին գառան թոնրի խորոված ուտելու, որն ամուսին շատ հավանեց: Նա որոշեց բակում թոնրատուն կառուցելու նպատակով Հայաստանից թոնիր տանել, որտեղ հաճախ գառան խորոված է պատրաստում մեր և իր բելգիացի ընկերների համար: Նաև հայկական տարբեր մրգերից թորված տնական օղին է հավանում: Մի խոսքով, ամուսինս մեծ ակնածանք ունի հայ ժողովրդի հանդեպ:
-Ի՞նչ գործունեություն եք ծավալում Բելգիայում:
-Ես բուժքույր եմ աշխատում: Հայաստանում ապրելու տարիներին նույնպես շտապ օգնությունում բուժքույր եմ աշխատել:
«Մեսրոպ Մաշտոց» միությունում նաև հասարակական գործունեություն եմ ծավալում՝ համայնքային աշխատանքներ կատարելով:
Նշեմ, որ միության կազմում համանուն անվամբ գործում են հայկական մեկօրյա դպրոց, պարախումբ, նաև Պատարագներ ենք կազմակերպում: Քանի որ մեր քաղաքում հայկական եկեղեցի չի գործում, կաթոլիկ եկեղեցին ենք վարձակալում՝ հրավիրելով Բելգիայի Հայոց հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանին Պատարագ մատուցելու:
«Մեսրոպ Մաշտոց» միությունը նաև օգնության դրամահավաք էր կազմակերպել՝ աջակցելու Ադրբեջանի կողմից հրահրած Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով զոհված հայ զինվորների ընտանիքներին: Համայնքի և միության աջակցությամբ, ինչպես նաև դրամահավաքն իրականացնող Գայանե Սարգսյանի գործուն մասնակցությամբ՝ Լիեժ, Բիլզեն և Տոնգերեն քաղաքների հայ համայնքներից հանգանակված 1200 եվրո գումարը փոխանցեցինք 3 զոհվածների` Արամ Աբրահամյանի (Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղ), Ադամ Սահակյանի (ք. Երևան) և Մանվել Գևորգյանի (ք. Երևան) ընտանիքներին, յուրաքանչյուրին 400 եվրո:
– Համագործակցում եք նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Համատեղ ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել:
-«Մեսրոպ Մաշտոց» միությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ միշտ ակտիվ կապի մեջ է գտնվում: Միության ուսուցիչները մասնակցել են նախարարության կողմից իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացին, իսկ աշակերտները՝ «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին: Աղջիկս նույնպես 2017 թվականին կմասնակցի «Արի տուն» ծրագրին: Նա անհամբերության սպասում է, թե երբ է Հայաստան գալու:
Իսկ ես մասնակցել եմ «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացին և 2014 թվականի սեպտեմբերի 19-21-ը տեղի ունեցած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համագումարին:
-Տիկի՛ն Ներսիսյան, օրեր առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բելգիա կատարած այցելության ընթացքում հանդիպեց նաև համայնքային ներկայացուցիչների հետ: Ձեր կարծիքով՝ նախարարի հետ հանդիպումն ի՞նչ ոգևորություն առաջացրեց համայնքում:
-Առհասարակ, Հայաստանից Սփյուռք կատարվող նմանօրինակ յուրաքանչյուր այցելություն քաջալերող է: Այդ միջոցով ամրապնդվում է Հայաստանի հետ կապը: Բոլորը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ տեղի ունեցած հանդիպումից շատ գոհ էին և տպավորված: Տիկին Հակոբյանը ներկաների հարցերին սպառիչ ու բովանդակալից պատասխաններ տվեց, իսկ նրա անմիջական ու անկեղծ պահվածքը մեր հավանությանն արժանացավ:
Հրանուշ Հակոբյանը հանդիպման ընթացքում ջերմ մթնոլորտ էր ստեղծել. կարծես՝ մեկ ընտանիք լինեինք: Նախարարը մեզ տեղեկացրեց նաև «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժման մասին՝ կոչ անելով համահայկական համախմբվածություն ցուցաբերել և գործուն մասնակցություն ունենալ այս շրջանակներում:
«Մեսրոպ Մաշտոց» միությունը նույնպես միանալու է նախաձեռնությանը. որոշել ենք 2017 թվականի ընթացքում իրականացվող բոլոր աշխատանքները նվիրել Ղարաբաղին:
Գևորգ Չիչյան