«Մեր նպատակը հայկական գյուղերի չդատարկվելն է».բրազիլահայ ընտանիք

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը Բրազիլիայի հայկական մշակութային ակումբի անդամ Լուիս Ալբերտո Կեդիկյանն է, ով ամեն տարի կնոջ՝ Մարսիա ԿոդջոկլամյանԿեդիկյանի հետ Հայաստան է գալիս ոչ միայն շրջելու հայրենի եզերքում, ծանոթանալու տեսարժան վայրերին, այլև՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու:

Այս ընտանիքը համախոհ մարդկանց հետ միասին բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղին:

Պարո՛ն Կեդիկյան, ե՞րբ է ստեղծվել Բրազիլիայի հայկական մշակութային ակումբը:

-Բրազիլիայի հայկական մշակութային ակումբն արդեն 75 տարվա պատմություն ունի: Ակումբում սպորտային և մշակութային խմբակներ են գործում: Ֆուտբոլի, թենիսի, վոլեյբոլի և այլ սպորտաձևերի խմբակներ հաճախող մարզիկներն ակտիվորեն մասնակցում են չորս տարին մեկ Հայաստանում տեղի ունեցող Համահայկական խաղերին:

Ազգային, եկեղեցական և պետական տոներին նվիրված միջոցառումներ ենք կազմակերպում, որոնք  հայ երիտասարդներին ազգային ավանդույթներին ծանոթացնելո հիանալի առիթ են:

-Պարբերաբար Հայաստան եք այցելում.կարո՞տն է Ձեզ Հայրենիք բերում, թե՞ նաև այլ առաքելություն եք կատարում:

-Արդեն երեք անգամ կնոջս հետ եկել եմ Հայաստան: Առաջին այցելությունը 2013 թվականին էր, որի հիմնական նպատակը բարեգործական ծրագրերին զարկ տալն էր: Այնուհետև եկանք 2016 թվականին, իսկ  2017 թվականի կատարած այցելությունը մեզ համար հիշարժան էր, քանի որ ՀՀ քաղաքացիներ դարձանք:

Բարեգործություն կատարելու համար նախապես ընտրել էինք Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղը և Հայաստան գալով՝ սկսեցինք աշխատանքների կազմակերպումը: Սկզբում փողոցները լուսավորեցինք, ապա՝ գյուղի ճանապարհը վերանորոգեցինք, որը դժվարանցանելի էր հետիոտնի և մեքենաների համար: Վերանորգեցինք նաև երկրորդական ճանապարհները:Այժմ բոլոր ջանքերը կենտրոնացրել ենք գյուղում աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ. ջերմոցներ ենք կառուցելու բնակիչներին շահագործման հանձնելու նպատակով:

Ինչո՞վ էր պայմանավորված Արեգնադեմ գյուղի ընտրությունը:

www.diarioarmenia.org.ar թերթում հոդված էի կարդացել Արեգնադեմ գյուղի և այն ժամանակվա գյուղապետ Աղունիկ Հազրյանի մասին, որը շատ հետաքրքրել  և միաժամանակ մտահոգել էր ինձ: Հոդվածից հասկացա, որ Արեգնադեմը մարզի գյուղերից առանձնանում է ոչ միայն նրանով, որ սահմանային է, աշխատատեղերը քիչ են, այլև նրանով, որ մարզում միակ գյուղն է, որը դպրոց, եկեղեցի չունի, երեխաները ուսում են ստանում սեփական տների կամ տնակների մեջ.ուստի, կնոջս հետ որոշեցինք հենց այս գյուղին օգնություն ցուցաբերել:

2013 թվականին գալով Հայաստան՝կապ հաստատեցինք Աղունիկ Հազրյանի հետ՝ սկիզբ դնելով ջերմ համագործակցության: Ի դեպ, Աղունիկ Հազարյանն այժմ Արեգնադեմ գյուղում իրականացվող  բարեգործական ծրագրերն է համակարգում: Գյուղացիների հետ արդեն բարեկամացել ենք.նրանք մեզ միշտ ժպիտով են դիմավորում՝ չնայած այնտեղ առկա դժվարություններին և հոգսաշատ առօրյային:

Առայժմ միայն Արեգնադեմում ենք այս նախաձեռնությամբ հանդես գալիս: Իհարկե գիտենք, որ Հայաստանի բազում այլ գյուղեր նույնպես օժանդակության կարիք ունեն: Առհասարակ, մեր նպատակն է, որ հայկական գյուղերը չդատարկվեն, բնակիչները մնան և շենացնեն իրենց բնակավայրերը: Հուսանք՝ հետագայում մեր հնարավորությունները թույլ կտան, որ մյուս գյուղերին էլ համապատասխան օգնություն ցուցաբերել:

Գյումրիում հանդիպեցինք Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին՝ նրա հետ խորհրդակցելու գյուղում եկեղեցի կամ մատուռ կառուցելու անհրաժեշտության մասին: Սրբազան Հայրը մեզ ուղղորդեց, թե ինչ կարելի է անել այս ուղղությամբ:  Սան Պաուլո հասնելուն պես՝ առաջին հերթին պետք է գյուղում եկեղեցի և դպրոց կառուցելու միջոցներ փնտրենք:

1312

Բարեգործական ծրագրերը Բրազիլիայի հայկական համայնքի կողմի՞ց եք կազմակերպում, թե՞ ընտանեկան ներդրում է:

Այս ամենը սրտաբուխ, հոգու թելադրանքով ենք իրականացնում: Հայաստանից հեռու ապրելով՝ցանկանում ենք ինչ-որ կերպ օգտակար լինել մեր երկրին և ժողովրդին: Մեզ միացել են մեր ընկերներն ու բարեկամները, որոնց թիվն արդեն 80-ի է հասել: Նրանք, տեսնելով իրականացվող աշխատանքերն, իրենց հնարավորությունների սահմաններում գումար են փոխանցում: Տարվա ընթացքում կազմակերպում ենք դրամահավաքը, որից հետո միայն գալիս ենք Հայաստան:

Ցանկալի է, որ Բրազիլիայի հայկական համայնքը նույնպես խանդավառվի այս նախաձեռնությամբ և միանա մեզ, որպեսզի կարողանանք ավելի լայնածավալ ծրագրեր իրականացնել: Այդ նպատակով «Facebook» սոցիալական ցանցով «Արեգնադեմի բարեկամներ» անվանումով էջ ենք ստեղծել:

Տեղյակ եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումն է իրականացնում, որը Արցախի հիմնախնդիրների լուծմանը աջակցելու համար գովելի գաղափար է: Մենք Արցախին օգնություն ենք ուղարկել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ճիշտ այդ օրն, անցյալ տարի, Հայաստան էինք եկել: Տեսնելով ստեղծված իրավիճակը՝ անմիջապես հագուստ, սնունդ գնեցինք և ուղարկեցինք Արցախ: Որոշել էինք նաև Արցախ մեկնել, սակայն անվտանգության հարցը հաշվի առնելով՝ չգնացինք: Արցախը տեսնելը մեր առաջնահերթ ծրագրերից է:

Պարո՛ն Կեդիկյան, ե՞րբ է ստեղծվել Բրազիլիայի հայկական համայնքը և զարգացման ի՞նչ ընթացք է ունեցել:

-Նախևառաջ ասեմ, որ հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի  2-րդ կեսից: 2016թ. տվյալներով Բրազիլիայում բնակվում է շուրջ 50. 000 հայ, որից 20.000–ը կենտրոնացած է Սան Պաուլոյում: Հայապահպանական աշխատանքներ են իրականացնում Հայ Դատի հանձնախումբը, ՀՅԴ և ՌԱԿ տեղական կազմակերպությունները, ՀՅԴ «Դրօ» կոմիտեն, որի նախաձեռնությամբ ստեղծվել են «Հայաստան» մշակութային ընկերությունը և ներկայումս գործող «Վահագն Մինասյան» երգչախումբը, «Կիլիկիա» պարախումբը, 1932թ. ստեղծված ՀԲԸՄ Բրազիլիայի մասնաճյուղերը, ՀՕՄ-ի, ՀՄՄ-ի Սան Պաուլոյի մասնաճյուղերը, «Հայ Կարմիր Խաչ»-ի մասնաճյուղը: ՀՕՄ-ի հովանավորությամբ այստեղ գործում են հայկական ծերանոցը, ՀՕՄ-ի «Մասիս» (Օզասկո) և «Արփի» (Սան Պաուլո) մասնաճյուղերը, Հայ եկեղեցու Երիտասարդաց միությունը: Ներկայումս բրազիլահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպող գլխավոր մարմինը Կենտրոնական վարչական խորհուրդն է:

Ունենք հայկական չորս եկեղեցիներ՝ Հայ Առաքելական Սուրբ Գևորգ Մայր եկեղեցին՝ Սան Պաուլոյում և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Օզասկոյում։ Սան Պաուլոյում գործում են նաև Հայ Ավետարանական Եղբայրաց և Հայ Կաթոլիկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Համայնքում գործում են Սուրբ Գևորգ եկեղեցուն կից միակ հայ ազգային «Դուրյան» ամենօրյա վարժարանը և «Մավյան» մանկապարտեզը: Դպրոցում շուրջ 80 աշակերտ է սովորում:

Ցավոք, համայնքը ուծացման վտանգի տակ է գտնվում.խառնամուսնություններն են ավելանում, հայերեն խոսողների թիվը գնալով նվազում է: Դժվար է այս պայմաններում պահպանել հայկականությունը և համայնքային կյանք ստեղծել, չենք նահանջում և օտար միջավայրում,  չորրորդ կամ հինգերորդ սերնդի հայեր լինելով, այնուամենայնիվ, կարողանում ենք մեր շուրջը հայկական միջավայր ստեղծել: Իր նոր վարչակազմով ակտիվ աշխատանքներ է կատարում ՀԲԸՄ-ի Բրազիլիայի մասնաճյուղը, հատկապես՝ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ: Համայնքին Հայոց եկեղեցու շուրջ համախմբելու գործում ժրաջան աշխատանքներ է կատարում Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ  տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը:

-Բրազիլիայում հայերը հիմնականում ինչո՞վ են զբաղվում, ո՞ր ոլորտներում են հատկապես ներգրավված:

-Նշեմ, որ հայ առաջին գաղթականները Բրազիլիայում ներգրավվել են հիմնականում կոշիկի արտադրության մեջ: Ժամանակի ընթացքում բրազիլահայերի նոր սերունդը սկսել է աչքի ընկնել արդյունաբերության, շինարարության, առևտրի, ֆինանսաբանկային համակարգի, գիտության, կրթության, բժշկության, արվեստի, քաղաքականության բնագավառներում:

Այժմ էլ ճանաչված բրազիլահայեր կան, ովքեր իրենց ծավալած գործունեությամբ մեծ նպաստ ունեն Բրազիլիայի զարգացման գործում, ինչպես օրինակ՝ ոսկերիչ, դիզայներ Արա Վարդանյանը, հայտնի դերասաններ Ստեփան Ներսեսյանն ու Արասի Բալաբանյանը, Սան Պաուլո նահանգի խորհրդարանի պատգամավոր Կառլոս Խռլակյանը, պատմաբան Հակոբ Քեշիշյանը, տնտեսագետ Ռոբերտո Քուչկուրյանը, ֆուտբոլիստներ Ֆաբիո Մաշերեջյանը,  Մարսելո Կիրեմիթջյանը և շատ ուրիշներ:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

 14

 

 

Scroll Up