«Պահքը մարդուն առողջ ինքնահաստատման է մղում». Կարինե Նալչաջյան

Մարտի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Հարության տոնը: Տոն, որը նաև հոգեկան վերածննդի խորհուրդն ունի: Այս շրջանում մարդիկ Մեծ Պահքի մեջ են գտնվում՝ փորձելով պահեցողությամբ հավատքի մեջ ավելի զորանալ, ձերբազատվել մեղքերից և վատ սովորություններից: Իսկ այժմ Ավագ շաբաթն է, ինչպես հոգևոր հայրերն են ասում՝ զղջման, ապաշխարության և ինքնամաքրման շրջանը: Կարելի է ասել՝ Պահքը հոգևոր պատրաստվածությունից բացի, նաև հոգեբանական մոտեցում է պահանջում: Իսկ որո՞նք են այդ պահանջները:
Հարցի շուրջ «Հայերն այսօրը» զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ:
-Տիկի´ն Նալչաջյան, հոգեբանական տեսանկյունից ինչպե՞ս կմեկնաբանեք Պահքի խորհուրդը:
-Պահքը միայն չուտելու, սննդակարգին հետևելու հետ կապված չէ: Այն շատ ավելի լայն, խորիմաստ երևույթ է: Անմիջականորեն կապված է կրոնական զգացումների հետ: Այսինքն՝ հիմքում հավատքն է ընկած:
Մարդիկ կան, որոնք շատ մեծ նշանակությու են տալիս Պահքին, կան նաև ոչ այդքան մեծ կարևորություն տվողներ: Մի մասն էլ դրական է վերաբերվում, սակայն չի մտնում Պահքի մեջ: Այլ կերպ ասած՝ մոտեցումները տարբեր են:
Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մարդու կյանքի, առօրյայի, սննդակարգի հետ կապված պահանջմունքերի առումով լուրջ և կարևոր է Պահքը: Ամեն մեկը չէ, որ կարող է այդ քայլին դիմել: Հիմնականում Պահք պահում են այն մարդիկ, որոնց մոտ կրոնական զգացումները խորն են արտահայտված: Եթե հավատում ես Պահքի խորհրդին, ապա եկեղեցական բոլոր սահամանափակումները, մեկնաբանություններն ընդունելի են քեզ համար և շարժվում ես՝ հոգևոր հայրերի խոսքին համաձայն:
Սակայն չի կարելի մեղադրել և մարդկանց բաժանել՝ Պահք պահողների և չպահողների: Բոլոր դեպքերում դա կամքի արտահայտություն է: Այսինքն՝ ապրում ես այնպես, ինչպես ուզում ես:
-Իսկ մարդու հոգեվիճակի և ինքնահաստատման վրա ազդեցություն ունենու՞մ է:
-Որոշակի ազդեցություն ունենում է: Պահքը մարդուն հասունացնում է և դրական ազդեցություն թողնում հոգեվիճակի վրա: Իհարկե, նորից եմ կրկնում, որ շեղ աչքով պետք չէ նայել Պահք չպահող մարդկանց. կարող ես Պահքին չհետևել, բայց հոգևոր կյանքով ապրել:
Պահքը հիմնականում վերաբերում է սնվելու հանգամանքին. մտածում ես՝ ինչ ուտել կամ չուտել՝ չմոռանալով նախևառաջ աստվածահաճո օրերով ապրել: Ցանկանում եմ փոքր-ինչ մանրամասնել ուտելու հանգամանքը:
Թվում է՝ սննդառությունը պարզ երևույթ է: Սակայն այն բավականին լուրջ, դժվար պահանջմունք է, որոնց հոգեբանության մեջ անվանում ենք բազային, հիմնարար պահանջմունքեր: Այն չբավարարելու դեպքում կարող է ազդել կյանքի որակի վրա: Ընդհանրապես, մարդուն շատ բնորոշ է հաճույքի սկզբունքը: Դա ակնհայտորեն տեսնում ենք երեխաների մոտ. նա ուզում է անել այն, ինչ ցանկանում է. իր ցանկությունն ամեն ինչ է իր համար: Իհարկե, մեծանալուց, հոգեբանական հասունությունից հետո մարդիկ իրենց ներքին մղումները, հաճույքներից հրաժարվելը և միջանձնային հարաբերություններն ինչ-որ չափով կարողանում են կառավարել՝ հանուն նպատակի և կարևոր հեռանկարի: Իսկ ուտելը մարդու կյանքի ամենաընդգծված հաճույքներից մեկն է:
Եթե մարդն, իսկապես, իր կյանքից հանում է հաճույքները, շատ տխուր գոյության առջև է կանգնում, և կյանքը դառնում է միապաղաղ: Հաճույքները մեզ ավելի առույգ, կենսահաստատ են դարձնում և աշխատանքի մեջ ավելի պատրաստակամության հասցնում: Գուցե եկեղեցին և կրոնն են «ցանկացել», որ կարողանանք կառավարել հաճույքները, ապրել ավելի հասուն կյանքով և հոգեպես ավելի կայուն դառնալ: Չէ՞ որ միայն հաճույքների հետևից գնալը, կոպիտ ասած, շատ մեծ խելք կամ հոգեբանական բարդություն չի պահանջում:
Հոգեբանական իմաստով Պահքի խորհուրդներից մեկն էլ նաև տեսնում եմ այդ խելամիտ սահմանափակման մեջ, որ մարդ կարողանա ինքն իրեն հավաքել, կենտրոնացնել և որոշ ժամանակով գոնե հետ պահել հաճույքներից, հատկապես՝ ուտելու: Չխոսեմ նաև որկրամոլության մասին, որը մահացու մեղքերից մեկն է համարվում:
Ի վերջո, Պահքը մարդու համար ինքնահաստատման միջոց է: Ինքնահաստատումը շատ կարևոր է: Մարդ պետք է իր «ես»-ի մասին լիարժեք պատկերացում ունենա: Հոգեբանորեն ծանր է այն մարդու վիճակը, որն իր անձի մասին պատկերացում չունի, չի սիրում, արհամարհում կամ իրեն վատն է համարում:
Մյուս ծայրահեղություն էլ կա, երբ ինքնահաստատումը բերում է ինքնասիրահարվածության, մեծամտության և այլն: Այսպիսի մարդիկ նույնպես հոգեբանորեն խոցելի են:
Եթե Պահքը հանգեցնում է այնպիսի ինքնահաստատման, որպեսզի մարդ հասկանա՝ ուժեղ է և նպատակասլաց, ապա այն առողջ և լիովին արդարացված ինքնահաստատում է:
–Բնավորության ի՞նչ գծեր ունեցող մարդիկ կարող են Պահք պահել:
-Կարծում եմ` հիմնականում ներշնչվող, ազդեցությունների ենթարկվող և տագնապային բնավորության գծեր ունեցող մարդիկ են հակված Պահք պահելուն:
Նրանք մարդկային այն տեսակին են պատկանում, որոնք ավելի աստվածավախ են, խուսափում են սայթաքումներից և կատարած մեղքերի համար Բարձրյալից ներում հայցելու մասին են մտածում: Նրանք փորձում են ապրել այնպես, ինչպես պահանջում է կրոնը:
–Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, երբ մարդիկ ընդհատում են Պահքը:
-Հավանաբար կամքի ուժը չի բավականացնում: Պարզապես չեն դիմանում:
Շատ մարդիկ գուցե առողջական խնդիրների պատճառով են ճանապարհի կեսից հետ կանգնում կամ գուցե կերակուրների սահմանափակումները օրգանիզմի վրա վատ են անդրադառնում:
–Տղանե՞րն են ավելի շատ Պահք պահում, թե՞ աղջիկները: Այս առնչությամբ ո՞րևէ հետազոտություն կա:
– Հատուկ տվյալներ չունեմ: Բայց ավելի շատ հանդիպել եմ Պահքին հետևող տղաների: Կանայք էությամբ ավելի զգացմունքային են և կարողանում են արտահայտել իրենց հույզերը: Տղամարդկանց շրջանում հույզերի նկատմամբ սոցիալական վերահսկողությունն ավելի ուժեղ է, քանի որ չեն արտահայտում ապրումները: Այս պատճառով տղամարդիկ հոգու խորքում կարող են զգացումների բեռ ունենալ և ներամփոփ վիճակից աստվածավախ լինեն: Եվ ահա Պահքը իրենց համար զգացմունքային, հուզական կապն արտահայտելու, տագնապներից ձերբազատվելու, մեղքից հեռու մնալու լավագույն միջոցն է:
– Իբրև հոգեբան, ո՞րն է Ձեր խորհուրդը Պահք պահողնեորին:
-Եթե Պահքը կենսականորեն շատ կարևոր է մարդկանց համար, ապա ցանկանում եմ՝ մինչև վերջ գնան Պահքի ավարտին, և դրանից հետո էլ Աստծո հետ ներդաշնակ կապի մեջ գտնվեն:
– Դուք երբևէ Պահքի մեջ եղե՞լ եք:
–Այսքան ժամանակ Պահք չեմ պահել և կարծում եմ՝ չեմ էլ փորձի: Ճիշտն ասած, հարգում եմ և բարձր գնահատում բոլոր Պահք պահողներին: Սակայն ավելի շատ նշանակություն եմ տալիս ապրել մարդկային, բարոյական այն սկզբունքներին համապատասխան, որոնք թելադրում է ինքնին քրիստոնեությունը:
Զրուցեց Գևորգ Չիչյանը