Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչները Սփյուռքի նախարարությունում
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Էվա Թոմիին, Գերմանիայի Շտուտգարդ քաղաքի Լյութերական եկեղեցու տեսուչ Էքարտ Շուլց-Բերգին, Հայ Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, ծրագրերի տնօրեն Արշավիր Գապուջյանին և մանկապատանեկան ծրագրերի տնօրեն Մարիամ Ապրեսյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց աշխարհի բոլոր աստվածաշնչային ընկերությունների միջև հարաբերությունների սերտացումն ու նրանց ջանքերի համատեղումը: Նա կարևորեց Հայաստանում Աստվածաշնչային ընկերության ստեղծումը և ծավալած արդյունավետ գործունեությունը, որը տարբեր կրթական ճանաչողական ծրագրեր է իրականացնում, հրատարակելով և տարածելով Աստվածաշունչը, թարգմանելով Ս. Գրքին առնչվող գրականություն:
Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին այն նվիրումի համար, որով նրա գլխավորած կազմակերպությունը հասարակության տարբեր խավերի, երեխաների, լսողական խնդիրներ ուեցողների համար հատուկ ծրագրեր է իրականացնում՝ Աստծո խոսքը հասու դարձնելով բոլորին:
Քննարկվեցին նախարարության ծրագրերի շրջանակներում Հայաստանի Աստվածաշնչային ընկերության որոշ ծրագրեր իրականացնելու և հետագա համագործակցության հետ կապված այլ հարցեր: