«Հայաստանն իմ տու՛նն է, միակ տեղը Երկիր մոլորակում, որը միշտ ի՛մն է, իմ սրտու՛մ, իմ հոգու՛մ, իմ շուրթերի՛ն». Քնարիկ Գրիգորյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում Իսպանիայի Մադրիդ քաղաքից հյուրընկալված  երիտասարդ՝ ընդամենը 23-ամյա հայրենասեր   հայուհու՝ Քնարիկ Գրիգորյանի  հետ, «Հայերն այսօր»-ի համար արված հարցազրույցի ընթացքում ամենից տպավորիչը թերևս  Քնարիկի խանդավառությունն էր՝  ներկայում  ծավալած իր  գործունեության և ապագայի ծրագրերի հետ կապված: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

-Քնարի՛կ, ո՞րն է  Մադրիդում  քո գործունեության ոլորտը:

-Աշխատում եմ  «Մուսիքա էն վենա», թարգմանաբար՝«Երաժշտությունը երակներում է» բարեգործական նորաստեղծ  ասոցիացիայի կազմակերպչական, տեղեկատվական ոլորտում: Աշխատանքն իմ մասնագիտությամբ է. ես ավարտել Մադրիդի «Ռեն Խուան Կառլոս» համալսարանի գովազդի և թատերական արվեստի բաժինը:

-Հայապահպան, ազգանպաստ ի՞նչ գործունեություն ես իրականացնում:

-Ես երգում եմ  եկեղեցու երգչախմբում. տեղի կաթոլիկ եկեղեցին ամսվա մեջ երկու կիրակի է տրամադրում մեզ՝ մեր պատարագն անցկացնելու համար, հայոց լեզու եմ սովորեցնում հայ երեխաներին, մասնակցում եմ հայանպաստ զանազան միջոցառումների: Հայկական կիրակնօրյա  դպրոցը վերջերս է բացվել, դասերն անց են կացվում հայկական դեսպանատան շենքում:

-Քնարի՛կ, քանի՞ աշակերտ ունի դպրոցը, կա՞ն ազգությամբ ոչ հայեր, ովքեր հաճախում  են այդ  հայկական  դպրոցի դասերին:

Առայժմ 45 աշակերտ ունենք, մեծմասը հայ երեխաներ են. Լաուրա անունով իսպանացի  աղջիկ է հաճախում մեր դասերին, կան նաև խառնամուսնություններից ծնված  երեխաներ, որոնց ծնողներից մեկը հայ է: Հիմնականում դասավանդում ենք հայոց լեզու, սովորեցնում ենք հայոց այբուբենի տառերը, գրել, կարդալ, նկարչություն ենք անցնում, երգ-պար ենք սովորեցնում, մի փոքր  ծանոթացնում ենք երեխաներին  մեր  պատմությանն ու աշխարհագրությանը, որովհետև նրանք դեռ շատ փոքր են: Երեխաները սիրով, հետաքրքրությամբ են հաճախում  դասերի: Նրանք Հայաստանը տեսնելու  մեծ ցանկություն ունեն:

-Մադրիդում  ապրող  հայ երիտասարդները  ճանաչու՞մ  են իրար, շփվու՞մ են միմյանց հետ, ակտի՞վ են՝ հայապահպան, հայամետ աշխատանքներ տանելու գործում:

-Այո՛, շփվում ենք,  միջոցառումներ կազմակերպում. շատ ակտիվ երիտասարդներ կան:  Հայոց ցեղասպանության 101-րդ տարելից առիթով Իսպանական մշակույթի կենտրոնում մենք միջոցառում կազմակերպեցինք և ներկա գտնվող իսպանացիներին    ներկայացրեցինք մեր պատմության այդ եղերական էջերը, թեմատիկ նկարներ ցուցադրեցինք, հնչեցին Կոմիտասի երգերից:  Տեղի բոլոր հայերը, բնականաբար, գիտեն Եղեռնի մասին, սակայն ոչ բոլոր իսպանացիներն են ծանոթ Հայոց ցեղասպանությանը, ուստի մեր նպատակը օտարներին ներկայացնելն է այն: Մենք դրանից առաջ՝ դեռևս Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, 100 թռուցիկ էինք պատրաստել երկու՝ անգլերեն և իսպաներեն  լեզուներով՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ 100 տարի առաջ  և փողոցներում դրանք  բաժանում էինք անցորդներին: Շատ հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ՝ մի թուրք աղջկա հանդիպեցինք, ով այնքա՜ն ցավով էր խոսում Հայոց ցեղասպանության մասին՝ մի տեսակ մեղավոր հայացքով նայելով մեզ. չեմ կարող ասել, թե նա քանի՜ անգամ ներողություն խնդրեց իր ժողովրդի կողմից:

Մադրիդում ապրող մյուս ազգությունների, համայնքների հետ ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորված:

-Բարիդրացիական. մեր համայնքն այնքան էլ վաղուց չի ձևավորվել, այն 15-ից 20 տարվա պատմություն ունի, բայց բարեհամբավ է: Ինչ վերաբերում է իսպանացիներին, նրանք շատ բարեկամաբար են տրամադրված հայերի հանդեպ, սիրում են հայերին, հայերն էլ՝ իսպանացիներին: Նրանք սիրում են, երբ դու, ապրելով իրենց երկրում, ընդունում, գնահատում ես իրենց սովորույթները, մշակույթը, պատմությունը, սովորում ես իրենց լեզուն, նրանք էլ հարգում են մեր սովորույթները,  մեր պատմությունը, մեր լեզուն: Հայերի նման շատ տաք ժողովուրդ են. իզուր չեն ասում, որ իսպանացիների և հայերի միջև դարերից եկող կապ կա:

– Այնտեղ  բնակվող ադրբեջանցիների կողմից չե՞ք արժանացել հակահայամետ վերաբերմունքի, գործողությունների, սադրանքի:

-Եղել են ինչ-ինչ  նման  քայլեր նրանց կողմից, սակայն նրանք միշտ հայտնվում են  կարևոր, մեծ իրադարձությունների ժամանակ: Այս տարվա ձմռանը մենք մասնակցում էինք  զբոսաշրջային  ամենամյա  մեծ ցուցահանդեսի, որին ամեն մի  կազմակերպություն, ներկայացուցիչ ներկայացնում է իր  երկիրը, զբոսաշրջային վայրերը. Հայաստանի կողքին մասնակցում էր նաև Արցախի զբոսաշրջային ընկերությունը: Մեր դեսպանությունից  նախօրոք  զգուշացրել էին իրավապահներին՝ խուսափելու  հնարավոր սադրանքներից: Եղավ սադրանքի նախադրյալ՝ կանգնած էին ադրբեջանցիներն՝ իրենց դրոշներով, նրանց մայկաների վրա գրված էին հակահայ, Արցախին ընդդեմ արտահայտություններ:

-Հայաստանում, կարծեմ,  տարիներ առաջ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերից մեկին ես մասնակցել…

-Այո՛, մասնակցել եմ մի  հետաքրքիր ծրագրի՝ «Հայաստան. ստեղծենք միասին»   խորագրով  երիտասարդական առաջին հավաքին: Սիրով կմասնակցեմ  Հայրենիքում  կազմակերպվող երիտասարդությանն առնչվող ցանկացած հետաքրքիր  միջոցառման, հավաքի, դասընթացի:

-Քնարի՛կ,  ի՞նչ է քեզ համար Հայրենիքը:

-14 տարի առաջ եմ գնացել Հայաստանից, երբ ընդամենը ինը տարեկան էի…Ամեն տարի գալիս եմ Հայաստան և միշտ մտածում եմ, թե ինչն է ինձ այսպես ձգում ու պահում այստեղ…ու չեմ գտնում պատասխանը: Կարծում եմ՝ այդ մտորումներիս պատասխանը մեկն է, որը կձևակերպեմ հե՛նց  այսօր՝ Հայաստանն իմ տու՛նն է, իմ ծննդավայրը,  միակ տեղը Երկիր մոլորակում, որը միշտ ի՛մն է, իմ սրտու՛մ, իմ հոգու՛մ, իմ շուրթերի՛ն:

Զրուցեց Կարինե Ավագյանը

 

 

Scroll Up