Պերմի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում
Հուլիսի 28-ին «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներ, Պերմի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում:
Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հյուրերին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և մասնավորապես նշեց. «Այս տարի նշվեց Պերմի հայկական կիրակնօրյա դպրոցի 15-ամյակը: Այս տարիների ընթացքում դպրոցը դարձել է հայապահպանության յուրահատուկ կենտրոն, շնորհիվ գիտակ և հայրենասեր ուսուցիչների՝ համայնքում պահպանվել և ծաղկել են մայրենին, հայ երգն ու պարը, հայի ոգին, երիտասարդ սերնդի մեջ սերմանվել են ազգային արժեքները, հայաճանաչությունն ու հայրենաճանաչությունը դարձել են առաջնային խնդիր»:
Բարձր գնահատելով Սփյուռքում հայ երեխաների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդը՝ ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով կիրակնօրյա դպրոցի տնօրենը և մի խումբ ուսուցիչներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:
Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը Սփյուռքում նոր սերնդի հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների և հայապահպանության գործում մեծ ավանդի համար Պերմի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ժասմենա Հայրապետյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե» մեդալ: Դպրոցի ուսուցչուհի Զոյա Վարդանյանը Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման համար պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով: Ուսուցչուհիներ Աննա Հայրապետյանը, Թագուհի Գրիգորյանը, Նինա Վարդանյանը, Ալյոնա Հարությունյանը, Արմենուհի Աբրոյանը, Լիլիթ Արսենյանը և Անահիտ Նալբանդյանը ստացան պատվոգրեր:
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար՝ Ժասմենա Հայրապետյանը նշեց, որ Պերմի հայ համայնքն ու հայկական դպրոցը ամենաառաջիններից են եղել, որ սկսել են համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության հետ և ամեն տարի մասնակցում են նախարարության բոլոր ծրագրերին: «Մենք կշարունակենք աշխատել այնպես, որ դուք մեզնով հպարտ լինեք»,-ասաց Պերմի կիրակնօրյա հայակական դպրոցի տնօրենը: