«Հայաստանի համար ես պատրաստ եմ ամե՛ն ինչ անել». Վիգեն Ասսիլյան

 ՀՀ սփյուռքի նախարարությունում Լիբանանից հյուրընկալված «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանի հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցում հնարավորինս համապարփակ ամբողջացավ այս հայրենասեր հայորդու ծավալած գործունեությունը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Պարո՛ն Ասսլիյան, մասնագիտությամբ լինելով ատամնաբույժ, Դուք, կածես, ավելի շատ զբաղված եք հասարակական աշխատանքներով. ի՞նչն է Ձեզ մղել՝ այդքան գործուն մասնակցություն ունենալու մի շարք հասարակական աշխատանքներում:

-Մեկ բառով կարող եմ ասել՝ Հայաստա՛նը…որովհետև ես 1980-ից մինչև 1986-ը ուսանել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Իհարկե, դրանում մաս ունեն ծնողներս, նրանց տված հայեցի դաստիարակությունը: Իմ ուսումնառության 6 տարիների ընթացքում ես այնքա՜ն սիրեցի Հայրենիքս, այնքա՜ն ամուր թելերով կապվեցի Հայաստանին, և այդ սերը հավերժական է. ես վեց տարի շնչեցի Հայաստանի օդը, խմեցի անմահական ջուրը, վայելեցի արևահամ մրգերը, վայելեցի իմ շուրջբոլոր հնչող հայերենը…այս ամենը նպաստեց, որ ես անմնացորդ նվիրվեմ հայապահպան գոծերին:

-Ձեր կատարած հասարակական աշխատանքներից կա՞ մեկը, որն առավել կարևոր է և արդիական:

-Երբ ուսումս ավարտեցի և վերադարձա Լիբանան, աշխատեցի տարբեր մշակութային միություններում՝«Թեքեյան» միությունում, ՀԲԸՄ-ում, տարբեր վարչություններում, սակայն ամենից կարևոր աշխատանքս նպատակաուղղված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Շատ կարևոր էր, որ Ցեղասպանությունից 100 տարի անց, ամեն մեկն իր բնագավառում՝ մշակույթ, արվեստ, քաղաքականություն, գիտություն, մանկավարժություն, ներթափանցեր ոչ հայկական շրջանակներ: Այդ կետն ի նկատի ունենալով՝ մենք, մոտավորապես երկու տարի, մեր գործունեությունը ծավալել ենք լիբանանյան տեղական միջավայրում՝ տարածելով հայկական մշակույթը: Հիմնական միջոցառումներից ցանկանում եմ առանձնացնել երկուսը. մեկն այն էր, որ Լիբանանում տարբեր տարիքի արաբ երեխաներ նվագեցին հայկական երաժշտություն, մյուսն էլ ՝ Ապրիլի 24-ին արաբ նկարիչների ցուցահանդեսն էր Բիբլոս քաղաքում: Նրանց նկարների հիմնական թեման Հայոց ցեղասպանությունն էր:

-Արաբ ժողովուրդը Հայոց ցեղասպանության տարիներին Եղեռնից մազապուրծ հայ ժողովրդի մի մասին ապաստան տվողներից մեկն էր, սակայն հիմա արդեն ապրում է նրանց 3-րդ, 4-րդ սերունդը. ո՞վ է նրանց ուղղորդել՝ 100 տարի անց ետհայացք ձգել այդ հրեշավոր ոճրագործությանը՝ Դու՞ք, Ձեր հասարակական կազմակերպություննե՞րը…

-Հիրավի, արաբ ժողովուրդը բարի ժողովուրդ է, և  մեզ համար ծանր օրերին ընդունել, ապաստան է տվել հայերին: Հայ ժողովուրդն էլ միշտ եղել է աշխատասեր, կարգապահ, նվիրված բոլոր այն երկրներին, որտեղ ապրել է: Այդ փոխհարաբերությունները նպաստել են, որպեսզի այսօրվա արաբ սերունդը հետաքրքրված լինի հայ ժողովրդի պատմությամբ ու մշակույթով, մենք հե՛նց այդ հենքի վրա ենք ծավալում մեր գործունեությունը:

-Պարո՛ն Ասսիլյան, ի՞նչ առաքելությամբ եք Հայրենիքում:

-Այս անգամ մենք որոշեցինք մեկ քայլ առաջ գնալ. այն համերգը, որը տեղի ունեցավ Լիբանանում, ծրագրեցինք իրագործել նաև Հայաստանում, և այն կազմակերպվեց Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում. 10 արաբ երեխաներ հայաստանյան բեմում կատարեցին հայ կոմպոզիտորների գործերը, միայն մեկ հայուհի կար՝ իմ աղջիկը՝ Թամար Ասսիլյանը:

 Մոտ 40 հոգանոց խումբ էինք բերել՝ երեխաներ ու ծնողներ, որի համար անչափ շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Լիբանանում ՀՀ դեսպանատանը, մասնավորապես՝ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին և նրա անձնակազմից Վլադիմիր Պողոսյանին: Այս ձեռնարկը հովանավորված էր նաև Մշակույթի նախարարության կողմից: Հնարավոր է, որ հաջորդ տարի ևս մշակութային այլ ձեռնարկներ իրագործենք Հայրենիքում: Այսպիսով մենք ոչ միայն պահում–պահպանում ենք մեր մշակույթը, այլև մեր մշակույթին մերձեցնում, ծանոթացնում ենք նաև արաբ ժողովրդին:

-Սիրո՞վ են կատարում մեր հայ կոմպոզիտորների գործերը:

-Չեք պատկերացնի, թե ի՜նչ մեծ սիրով են սովորում ու կատարում այդ գործերը: Մեկ տարի է, ինչ իրենց ուսուցչուհու՝ տիկին Ռիտա Ասսիլյանի հետ, պարապում են, անցնում անհատական դասընթացներ, հետաքրքրվում հայ կոմպոզիտորների գործերով, նրանց ծնողները ևս սիրով են լսում այդ գործերը:

-Հարգելի՛ հայրենակից, ո՞րն է Հայաստան կատարած Ձեր երկրորդ առաքելության նպատակը:

-Արվեստագետների տոհմից սերած Լենա Այդընյանի գաղափարն էր «4 սերունդ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդես-վաճառքը, որը նվիրված էր «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր մարմնի 70-ամյակին: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին նաև Սահակ, Արփինե, Սարին Ոսկյանների, Տանիա և Լենա Այդընյանների և Մելին Չաղլասյանի կտավները: «Վրձինով կմերժենք» պատկերազարդ գիրքը, որում 24 արաբ արվեստագետների վրձնած կտավներն են՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, նույնպես մեր ձեռքբերումներից է. Լիբանանի Բիբլոս քաղաքի քաղաքապետարանում, Լիբանանում ՀՀ դեսպանատան հովանավորությամբ, կայացավ այս նկարների ցուցահանդեսը. նկարիչների շարքում կային նաև ոչ քրիստոնյա արվեստագետներ: Ավելի հետաքրքիր էր, երբ նկարիչները մտահղացան ցուցադրվող նկարներից 7-ը նվիրել Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հաջորդ տարի ապրիլին նպատակ ունենք նույն այս ցուցահանդեսը իրականացնել նաև Հայաստանում: Մենք մասնակիցն ենք նաև ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը. անցյալ տարի, դեռևս Հայաստան չեկած, իրականացրեցինք Գայանե Դավթյանի «Իմ Շուշի» պատկերազարդ գրքի շնորհանդեսը և վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրեցինք Շուշի քաղաքի վերակառուցմանը:

-Ամբողջովին նվիրյալն եք հայրենասիրական, հասարակական աշխատանքների. Ձեր մասնագիտությունը, հուսով եմ, չեք անտեսել…

-Անշուշտ, հասարակական աշխատանքն առաջնային է, սակայն ասեմ նաև, որ իմ մասնագիտությամբ էլ եմ հասցնում աշխատել, որովհետև դա մեր կենցաղավարման, ապրուստի միջոցն է: Հայաստանի համար ես պատրաստ եմ ամե՛ն ինչ անել:

Ահավասիկ, իրականացրած բազմաթիվ ձեռնարկները, երդման, ուխտի նման, սրտի անկեղծ թրթիռով հնչած այսպիսի վերջաբանն առավել խոսուն է, քան՝ բարձրագոչ, կյանքի չկոչվող բազում գեղեցկախոսությունները:

Կարինե Ավագյան

Scroll Up