Սահմանադրական փոփոխություններում լրամշակվել է սփյուռքին վերաբերող հոդվածը

Անկախության տարիների զարգացումները վկայում են, որ և՛ 1995 թվականի, և՛ 2005թ. բարեփոխված Սահմանադրությունն անգամ ամենաանկանխատեսելի և վտանգավոր պահերին կարողացան ապահովել երկրի կայությունն ու խաղաղ ընթացքը:

Ուստի հարց է ծագում, թե այդ դեպքում ինչո՞ւ էր անհրաժեշտ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ և այդ հարցով հանրաքվե անցկացնել: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` այս հարցը մեկնաբանելու խնդրանքով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցը դիմել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

­Հարգելի տիկին Հակոբյան, ի՞նչով է պայմանավորում մեր երկրի զարգացման հենց այս ժամանակահատվածում սահմանադրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը: ­

Կյանքն առաջ է գնում, հասարակական հարաբերությունները փոխվում և զարգանում են: 2005թ-­ի փոփոխություններից հետո դեռևս մնացել են վտանգավոր «ականներ», որոնք խանգարում են մեր երկրի առաջընթացին: Այսպես, նախագահական բոլոր ընտրությունների դեպքում էլ (բացառությամբ 1991 թվականի) հասարակությունը պառակտվեց, լուրջ առճակատում առաջացավ հաղթող և պարտվող թիմերի միջև: Ընդամենը 2­3% տարբերությամբ նախագահական ընտրություններում հաղթողը ձեռք է բերում մեծ լիազորություններ, իսկ պարտվողն իր հսկայական ընտրազանգվածով մնում է ձեռնունայն: Հասարակությունը ճեղքվում է երկու հատվածի և բավականին բարդ ու երկար է տևում նրան բնականոն հունի մեջ դնելու գործընթացը: Ժողովրդավարության ոսկե կանոններից է ընտրված և ձևավորված իշխանությունների, պաշտոնատար անձանց նկատմամբ վերահսկողության սահմանումը: Սակայն ներկա Սահմանադրությամբ հնարավոր է այն շրջանցել: Բերեմ մի օրինակ. այսօրվա գործող Սահմանադրության պայմաններում, Նախագահի ինստիտուտը կարող է անվերահսկելի դառնալ։ Միակ դեպքը, երբ հնարավոր է Նախագահին պաշտոնանկ անել` Հայրենիքի դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման համար, որը գործնականորեն գրեթե անհնար է, քանզի չի գտնվի նման Նախագահ, որը պետական դավաճանություն գործի։ Իսկ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում Նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից, նրա հիմնական լիազորությունները տրվում են վարչապետին, որը երկրում դառնում է գլխավոր դերակատարություն ունեցող պաշտոնատար անձ: Սակայն, ի տարբերություն այս կառավարման ձևի, առաջարկվող նոր կառավարման համակարգի դեպքում նա անվերահսկելի չէ և անմիջական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև։ Այս բարեփոխումների ընդունման դեպքում ցանկացած ձախողում դառնալու է խորհրդարանում քննարկման առարկա և կարող է դրվել վարչապետին, կառավարությանը, նախարարին անվստահություն հայտնելու հարցը։ Այսպիսով, կառավարման այս մոդելի դեպքում հնարավորություն է ընձեռվում բացառելու անվերահսկելիությունը, անպատժելիությունը, քաղաքական ու սահմանադրական անպատասխանատվությունը: Ուզում եմ խոսել ևս մեկ հնարավոր հակասության մասին, որը կարող է հանգեցնել սահմանադրական ճգնաժամի: Գործող կառավարման համակարգում, եթե խորհրդարանը և Նախագահը միևնույն թիմից են, ապա, բնականաբար, հակասություն չի առաջանում այս երկու ինստիտուտների միջև։ Հնարավոր է, սակայն, մի իրավիճակ, երբ հանրապետության Նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը լինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և միմյանց հակոտնյա: Այս դեպքում չի բացառվում, որ երկրում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ խորհրդարանը, այդ թվում և նրա կողմից կազմավորված կառավարությունը, որոշեն չապահովել Նախագահի սահմանադրական լիազորությունները. օրինակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար, Նախագահը պահանջում է մոբիլիզացնել պետական ռեսուրսները երկրի պաշտպանության համար, իսկ կառավարությունն այդ պահին նպատակահարմար չի գտնում այդ հարցը լուծել Նախագահի հանձնարարության համապատասխան և արդյունքում պետության մեջ կարող է առաջանալ մի անլուծելի, անելանելի իրավիճակ և նման դեպքում նույնիսկ երկրի պաշտպանության հարցերին վտանգ կսպառնա:

Ակնհայտ է նաև, որ հակադիր բևեռներում գտնվելով՝ Նախագահը չի կարող ազատել վարչապետին (վարչապետը նշանակվում է խորհրդարանական մեծամասնության կողմից վստահություն վայելող անձը), չի կարող արձակել խորհրդարանը, իսկ խորհրդարանն էլ չի կարող անվստահություն հայտնել Նախագահին, քանի որ նա ընտրված է ժողովրդի կողմից և այլն։ Նման ճգնաժամային վիճակների թվարկումը կարելի է շարունակել:

Ներկա բարեփոխումները հաշվի են առել նմանատիպ բոլոր դեպքերը, փակուղային իրավիճակների բերող նորմերը և առաջադրվել են նոր կառուցակարգեր, և եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգի, ապա այսպիսի հակասությունները կբացառվեն: Ժողովուրդն ընտրում է Ազգային ժողով և պահանջում հասարակական զարգացման բնականոն ընթացք: Եթե այս փոփոխություններին «այո» է ասում ժողովուրդը, դա նշանակում է, որ ապագայում նա ընտրելու է միայն իշխանության օրենսդիր մարմին՝ խորհրդարան, այն էլ համամասնական ընտրակարգով և լայն խորհրդարանական վերահսկողական լիազորություններով: Խորհրդարանը, ընտրելով վարչապետին և երկրի նախագահին, կառավարության վրա է դնում երկրի արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերի լուծման պատասխանատվությունը, ինչն էլ հանգեցնում է երկբևեռության վերացմանը (գործող Սահմանադրությունում և Նախագահը և կառավարությունն են պատասխանատվություն կրում): Նախագծով առաջարկված կառավարման համակարգը նախատեսում է խորհրդարանի և կառավարության միջև այնպիսի կառուցակարգեր, որոնք չեն հանգեցնի առճակատման, հակամարտության: Անբավարար աշխատանքի դեպքում ժողովրդի դժգոհությունների ականջալուր խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը, ազատվել ցանկացած անկարող և ժողովրդի կողմից չընդունվող վարչապետից, հետևաբար և կառավարությունից։ Այս փաստաթղթի կարևոր առավելություններից և ժողովրդավարության խորացմանը նպաստող էական մոտեցումներից մեկն էլ այն է, որ խորհրդարանական ընդդիմությանը վերապահվում են լայն իրավունքներ, տրվում է խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնը, առանցքային շատ որոշումներ խորհրդարանական մեծամասնությունը ի վիճակի չի լինի կայացնել, եթե չհամագործակցի ընդդիմության հետ և այլն: Մեկ այլ կարևոր հանգամանք. երկրում ներքին կայունության հաստատման, քաղաքական առճակատումներից խուսափելու լավագույն լուծումներից է, երբ խորհրդարանն է ընտրում Հանրապետության Նախագահին: Նախագահը պետք է լինի անկուսակցական և իրականացնի անաչառ իրավարարի՝ արբիտրի դեր կառավարության և խորհրդարանի միջև՝ հետևելով երկրում Սահմանադրության պահպանմանը: ­

Տիկին Հակոբյան, որպես Սփյուռքի նախարար ի՞նչ կասեք սփյուռքին վերաբերող նորմերի մասին:

­Գործող Սահմանադրությամբ սփյուռքը և նրա հետ պետության հարաբերությունները դարձել են սահմանադրական նորմ, որի գործնական արդյունքն էլ ՀՀ սփյուռքի նախարարության գոյությունն է: Սահմանադրական փոփոխություններում լրամշակվել է սփյուռքին վերաբերող հոդվածը՝ ամրագրելով, որ Հայաստանը Սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացման և ամրապնդման, հայապահպանմանն ուղղված քաղաքականություն՝ նպաստելով հայրենադարձությանը: Այս հոդվածում որդեգրվել է նաև պետության մի կարևոր պարտականություն՝ նպաստելու այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, ինչպես նաև հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը: Ժողովրդավարացման կարևոր սկզբունքներ որդեգրելով՝ մենք ձգտում ենք զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, լայնացնել և խորացնել ժողովրդաիշխանությունը՝ ավելի ուժեղ և պաշտպանված Հայաստան կառուցելու համար:

Scroll Up