«Արարատի գագաթին զգացի, որ կարծես մորս գրկում լինեմ»

«Սիրելի Ծովակս… Արդարև երկու խնդրանք ունեմ քեզնից: Առաջինը` երբ բարձրանաս Արարատի գագաթը, խոսի´ր նրա հետ, որպեսզի իմանա, որ պանդխտության մեջ նա մենակ չէ, և որ իր որդիք չե´ն լռել  ու պիտի չլռե´ն իրենց պահանջատիրության մեջ: Երկրորդ խնդրանքս է` ափ մը հող Արարատի բարձունքից, որ այն պահեմ սրտիս մոտիկ»: Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի այս խոսքերն ուղղված են Լիբանանի Սահակեան Լևոն-Մկրտիչեան քոլեջի 9-րդ դասարանի աշակերտուհի Ծովակ Քէոշկերյանին, ով օրերս քոլեջի տնօրեն Նազօ Ջերեջյանի հետ նվաճել է Արարատի գագաթը:

Ծովակն ու Նազո Ջերեջյանն այս օրերին Հայաստանում են, որոնց հետ զրուցել է «Հայերն այսօրի» աշխատակիցը:

– Պարո´ն Ջերեջյան, ինչպես ծնվեց «Դեպի Արարատ՝ Սահակյանի համար» նախաձեռնությունը:

– Անցյալ տարի ես առաջին անգամ բարձրացա Արարատ: Հենց այնտեղ որոշեցի, որ հաջորդ տարի անպայման աշակերտներիս հետ պիտի բարձրանամ: Սկզբում ցանկանում էի, որ 5 հոգանոց խմբով Արարատ բարձրանանք, բայց նյութական խնդիրները թույլ չտվեցին:

Այս քայլը, շատ մեծ դասախոսություն է: Սփյուռքյան դպրոցների հիմնական նպատակը պետք է լինի ո´չ միայն աշակերտներին գրաճանաչ, հայրենաճանաչ դարձնելը, այլև հայրենասիրություն սերմանելը: Իսկ նման ձեռնարկները հայրենասիրություն քարոզելու լավագույն օրինակներից մեկն են. սերմանել հայրենասիրություն՝ շատ արագ և զորավոր: Արարատ կամ պատմական այլ վայրեր այցելությունն օգնում է, որ աշակերտն ավելի շուտ կապվի այդ ամենին, հայրենասիրությամբ վարակվի, հայ ժողովրդի, հայ լեզվի, հայ պատմության հետ առնչվի անմիջականորեն: Նաև, ինչո՞ւ չէ, որպեսզի առողջ մեծանա:

Անչափ ուրախ եմ, որ մեկ տարի առաջ գծագրված մեր նպատակը կարողացանք իրականացնել: Ծովակն իր առաջադրանքը շատ լավ կատարեց, և մեր դպրոցի անունն ավելի ճանաչելի դարձավ: Դյուրին չէր այս քայլը, մեծ խիզախում էր: Եվ մենք հաղթահարեցինք:

Հուսով եմ, որ այս քայլը շատերի համար խթան կհանդիսանա: Շատերը կցանկանան ո´չ միայն Արարատ բարձրանալ, այլև այցելել մեր պատմական վայրերը:

– Պարո´ն Ջերեջյան, ինչո՞ւ Ծովակը:

– Դպրոցական միջոցառումներից մեկի ժամանակ տեսա, թե նա ինչպես է պարում, ատլետիկ հնարքներ անում: Հետաքրքրվեցի և իմացա, որ Ծովակը ոչ միայն պարում է, այլև մարմնամարզության է հաճախում: Ինքս ինձ մտածեցի՝ Ծովակը կարո´ղ է Արարատ բարձրանալ: Հակառակ, որ նա դեռ 13 տարեկան է: Մենք առ այսօր չենք լսել, որևէ տեղ չենք կարդացել, որ 13 տարեկան աղջիկը լեռ բարձրանա: Բայց Ծովակը խիզախեց և հաջողեց:

– Ծովա´կ, երբ իմացար, որ Արարատ ես բարձրանալու, ինչպիսի՞ զգացողություններ ունեցար:

– Երբ առաջին օրը մեր դպրոցի տնօրենն ասաց, որ լեռնագնացության պիտի գնամ, որ Արարատ պիտի բարձրանամ, շատ ուրախացա: Անմիջապես եկա ու ծնողներիս ասացի, նրանք էլ համաձայնեցին:

Լիբանանում շատ մարզվեցինք, բարձրացանք Լիբանանի ամենաբարձր գագաթը՝ Կուրնա Աս Սաուդան (3038 մ): Բարձրացանք Արագած, կարողացանք մարզել մեր շունչը:

– Ի՞նչ զգացիր, երբ կանգնած էիր Արարատի գագաթին:

– Ատավորտյան 7:30-ն էր: Զգացի, որ կարծես իմ մոր գրկում լինեմ: Այնքան գեղեցիկ էր, օդն այնքան մաքուր էր: Հաճելի էր սեփական աչքերով տեսնել այն, ինչը սուրբ է յուրաքանչյուր հայի համար: Գագաթին շատ հանգիստ զգացողություն ունեի: Ուրախ էի, քանի որ տարիներիս երազն իրականացավ:

Մի բան էլ՝ երբ ես Բայազետում էի, տարբեր էր Արարատը, չտեսա այն գեղեցկությունը, ինչը Հայաստանից ենք տեսնում:

– Ծովա´կ, ի՞նչ փոխվեց քո կյանքում:

– Փոխվեց այն, որ առաջ միայն նստում էի ու երազում՝ ասելով՝ մեկ շաբաթից կբարձրանամ, երկու օրից կբարձրանամ, վաղը…, այսօր պիտի բարձրանամ: Իսկ հիմա կարող եմ ասել՝ բարձրացա:

– Հավատո՞ւմ էիր, որ կկարողանա՞ս:

– Միայն այն ժամանակ հավատացի, որ կարող եմ փափագս իրականացնել, երբ մարզվեցի: Այդ ժամանակ զգացի, որ կարող եմ: Կցանկանամ իմ տարեկիցներիս ասել, որ եթե իրենց նպատակներին հասնելու համար աշխատեն, անպայման կհասնեն:

– Պարո´ն Ջերեջյան, մինչ Արարատ բարձրանալը Դուք և Ծովակը հանդիպեցիք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի, Լիբանանի սպորտի նախարարի հետ: Ի՞նչ նպատակ ունիեին այդ հանդիպումները:

Գարեգին ԵրկրորդԾովակ-Արամ Առաջին

– Հիմնական նպատակը՝ քարոզչական էր, որպեսզի տեղյակ լինեին, որ Սահակեան Լևոն-Մկրտիչեան անունով դպրոց կա, որ 13-ամյա աղջիկը խիզախում է բարձրանալ Արարատ: Այդ ամենը տարածվեց սոցցանցերում, լրատվամիջոցներում: Շատերը ճանաչեցին ո´չ միայն Ծովակին, այլև այն դպրոցը, որտեղ ուսանում է նա:

– Ծովա´կ, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը քեզ գեղեցիկ մաղթանք էր հղել ու խնդրել խոսել Արարատի հետ: Խոսեցի՞ր:

– Այո (ժպտում է-հեղ.), ասացի, որ ինքը մենակ չէ, որ մեր լեռն է, որ միշտ մեզ հետ է, մեր մտքում:

– Լսե՞ց քեզ:

– Անշուշտ:

– Իսկ ափ մը հող բերեցի՞ր:

– Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը մորեղբայրս է: Նա միշտ ինձ հայրենասիրություն է քարոզել: Շատ ուրախացավ, երբ իմացավ, որ բարձրանալու եմ Արարատ ու խնդրեց ինձ, որ գագաթից հող բերեմ: Ու ես որոշեցի՝ անպայման պիտի հասնեմ, որ բերեմ:

Շարունակում է Նազո Ջերեջյանը:

– Երբ Արարատի գագաթը հասանք, Ծովակը հիշեցրեց ինձ իր մորեղբորը խնդրանքը: Եվ մենք երկուսով իջանք դեպի Հայաստանին նայող փոքրիկ հողատարածքի վրա, որտեղ սառույցը հալած էր, և Ծովակն իր մանրիկ մատներով ափ մը հող դրավ պարկի մեջ:

Արարատ Ծովակ

– Ծովակ, միայն այդ «խնդրանքն» էիր քեզ հետ Արարատ տարել:

– Ո´չ, շատ-շատերն էլ ինձ խնդրել էին, որ իրենց համար քար բերեմ, ինչը երկար ժամանակ խլեց մեզանից: Եվ ո´չ միայն… Տնօրենը իր ուսն առած իջեցրեց այդ քարերը:

– Ինչպիսի՞ տեսարան էր բացվում Արարատից:

– Շատ գեղեցիկ: Երևում էր Հայաստանը՝ Խոր Վիրապը, Արագածը:

Ծովակը լռում է և պարոն Ջերեջյանն է շարունակում…

– Անցյալ տարի, երբ բարձրացանք, եղանակը լավ չէր և չկարողացանք գագաթ հասնել. միայն մոտ 5000 մետր բարձրացանք: Այս տարի եղանակը շատ լավ էր, նույնիսկ առանց ձեռնոց, գլխարկ մոտ մեկ ժամ գագաթի վրա մնացինք: Մի քիչ ներքև իջանք՝ հող վերցնելու համար, նորից հետ վերադարձանք, լուսանկարվեցինք: Շատ պարզ տեսանք Հայաստանը, հեռվում երևում էր Երևանը. անբացատրելի զգացողություն էր:

-Քանի՞ օր տևեց վերելքը:

– 4 օր, ամեն օր՝ 1000 մետր: Մեր ուղեկցողը Հայաստանից էր՝ Գևորգ Գասպարյանը: Խմբում կային նաև ամերիկահայեր, ֆրանսահայեր: Բոլորն էլ 35 տարեկանից բարձր էին, ամենափոքրը Ծովակն էր: Եվ նա մոտ մեկ շաբաթ ապրեց այդ մթնոլորտում, առանց իր տարեկիցների:

– Ծովա´կ, ի՞նչն էր ամենադժվարը:

– Միշտ խոսում էի ընտանիքիս հետ, զգում նրանց ներկայությունը: Միակ դժվարությունն այն էր, որ երբ 4200 մետր բարձրացել էինք ու արդեն կեսգիշեր էր, մի քիչ պաղեցի, շունչի խնդիր ունեցա:

– Ուզում էր կանգնել, բայց մենք քաջալերեցինք:

– Ծովա´կ, Արարատի ուժը զգացի՞ր:

– Զգացի, ու կարծես ո´չ միայն ես էի բարձրանում Արարատ, այլև իմ ամբողջ միջավայրս էր ինձ հետ բարձրանում: Կարծես իմ բոլոր ընկերների, ընտանիքիս համար էի բարձրանում: Երբ հասա գագաթը, զգացի, որ իմ հայրենիքիս համար մի փոքրիկ «գործ» արեցի:

Հիմա մինչև օգոստոսի վերջը Հայաստանում եմ մնալու:

– Առաջին անգա՞մ ես Հայաստանում:

– Այո: Անցյալ տարի եղբայրս եկավ, շատ ուրախ վերադարձավ, բավականին նկարներ ցույց տվեց: Ու ես արդեն որոշակի պատկերացում ունեի Հայաստանի մասին: Մտածում էի, որ շատ անուշիկ է Երևանը, թաղերը մաքուր են:

Լիբանանում ակումբ ենք գնում, ամենուր հայկական մթոնոլորտի մեջ ենք, այդ մթնոլորտով ենք մեծանում: Երբ եկա Հայաստան, ես արդեն այդ մթնոլորտով էի լեցուն, և այդ ամենը կրկնապատկվեց:

Հայաստանում շատ հանգիստ է, ապահով: Եթե անգամ մայրդ քովդ չլինի, ապահով կարող ես անգամ արևածագը փողոցում դիմավորել:

– Պարո´ն Ջերեջյան, Ձեր կարծիքով՝ Ծովակը փոխվե՞ց:

– Ո´չ, Ծովակը մնաց նույն աղջիկը՝ բարի, խելոք, համեստ, չարքաշ, կամքի տեր: Նախընտրությունս ճիշտ էր, ինչ որ մտածում էի իր մասին, կատարվեց: Միայն Ծովակի երազանքներին մեկն էլ ավելացավ՝ բարձրանալ Կիլիմանջարո:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

ԱՐարատԾովակ2

Scroll Up