«Արի տուն-2017». Հայոց լեզվի ուսուցման դասընթացի ուսուցիչները՝ արիտունցի «աշակերտների» մասին

«Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն»:

Ջորջ Բայրոն

Հուլիսի 3-ին ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» ծրագրի 2-րդ փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ մոսկովյան խումբը, որի ուսուցչուհին Լուսինե Հայրիյանն էր, առանձնանում էր ուսումնատենչ երեխաներով, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում մատուցվող նյութը ընկալելու և սերտելու համար: Երեխաների մի մասը իրականացրեց գրաճանաչ դառնալու իրենց բաղձանքը և ամբողջովին յուրացրեցին հայոց այբուբենը, իսկ մյուս մասը ծանոթացավ արդի հայերենի ուղղագրական կանոններին:

Մոսկվայի «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանը հայտնում է իր խորին շնորհակալությունը Սամարայից, Ուֆայից, Սուրգուտից, Տվերից, Մինսկից, Ռոստովից, Սանկտ Պետերբուրգից, Օմսկից, Կրասնոյարսկից, Իվանովոյից և Ախալցխայից եկած արիտունցիներից կազմված դասարանի «աշակերտների» ծնողներին՝ այսքան հայեցի, հայրենանվեր երեխաներ դաստիարակելու համար, ինչի վառ արտացոլումն էր նրանց կողմից պատկերված տոհմածառը, որի արմատը հայրենիքն է՝ Հայաստանը, իսկ ճյուղերն ու տերևները՝ իրենք: Այդ երեխաներից 13-ը դարձան գրաճանաչ ու խոստացան՝ կփորձեն այնպես անել, որ իրենց գծած տոհմածառը նորանոր ճյուղեր տա, որպեսզի հայ ազգը շատանա:

Հունգարիայից ժամանած խմբի երեխաները հինգ օրերի ընթացքում հասցրեցին յուրացնել հայերեն տառերը, հաղորդակից դարձան հայերենի խոսակցական բառապաշարին: Հավելենք, որ Հունգարիայից ժամանած յոթ երեխաների համար Մարիամ Սարգսյանը հայերենի առաջին ուսուցչուհին դարձավ: Իսկ Թուրքիայից ժամանած պատանիներն ու աղջիկները, ի ուրախություն մեզ, գրաճանաչ էին և այս օրերի ընթացքում ծանոթացան արևելահայերենի ուղղախոսական և ուղղագրական առանձնահատկություններին:

Վրացահայերն առանձնապես հետաքրքրված էին հայոց պատմությամբ, ուստի ուսուցչուհի Լենա Թաթոսյանը հայոց լեզվի դասապրոցեսը համեմեց հայոց պատմության հիշարժան էջերով: Իսկ վրացահայերի մյուս խումբը, որի ուսուցչուհին Գայանե Բարսեղյանն էր, քանի որ տիրապետում էր հայերենին, ավելի խորացրեց գիտելիքները հայերենի երկհնչյուններից, շարադասությունից և  բայական համակարգից:

Ուսուցչուհի Անի Խալաթյանն էլ հավաստում է, որ հայոց լեզվի ուսուցումն իրակացրել է երկու փուլով՝ տեսական և գործնական:

Այս փուլին մասնակցող երեխաներին այցելության եկած համահայկական ծրագրերի վարչության պետ պարոն Գագիկ Գյանջումյանին երեխաները ուղիղ և ազնիվ պատասխաններ տվեցին ու իրենց գոհունակությունը հայտնեցին դասընթացի ընթացքում մեսրոպյան այբուբենին տիրապետելու, իրենց գիտելիքների պաշարը հարստացնելու համար:

Scroll Up