Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ֆրանսահայ գործարար Ռեմի Մակինաջյանը և ֆրանսիացի կինոռեժիսոր Ադել Ավարդին Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, ֆրանսահայ գործարար, բարերար Ռեմի Մակինաջյանին և ֆրանսիացի նշանավոր կինոռեժիսոր Ադել Ավարդին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց նրանց ազգանպաստ գործունեությունը և համայնքի ու եկեղեցու դերակատարությունը Ֆրանսիայում տեղի ունեցող հայանպաստ զարգացումներում:

Նախարարն առանձնակի ոգևորությամբ ողջունեց ֆրանսահայ բարերար Ռեմի Մակինաջյանի՝ Հայաստանի և Ֆրանսիայի հայ համայնքի մասին ֆիլմ նկարահանելու նախաձեռնությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռեմի Մակինաջյանը կարևորեց Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը և Հայաստանի զարգացմանը Սփյուռքի գործարարների ակտիվ մասնակցությունը: Նա ներկայացրեց նշանավոր կինոռեժիսոր Ադել Ավարդին, ով հայկական արմատներ ունի և հետաքրքրված է Հայաստանով ու հայ մշակույթով, ֆիլմի նկարահանումները սկսելուց առաջ նա եկել է տեսնելու և ընկալելու Հայաստան աշխարհը և խորապես տպավորված է, արդեն իրեն հայ է զգում:

Քննարկվեցին ֆրանսիայի հայկական համայնքային կառույցներին և Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին համայնքի մասնակցությանն առնչվող հարցեր:

Scroll Up