Հույն գործընկերների հետ քննարկվեցին համագործակցության հեռանկարները

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հունական սփյուռքի հարցերով տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքիին:

Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց հայ-հունական քաղաքական երկխոսության և երկկողմ համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում միջազգային պայմանագրերի և հուշագրերի ստորագրումը:

Տերենս-Նիկոլաոս Քուիքին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց. «Հայաստանի արտգործնախարարություն այցի ժամանակ շեշտվեց, որ պետք է սփյուռքի ներուժը օգտագործենք Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության զարգացման ձևաչափով: Մեր ժողովուրդները քրիտոնյա են, համարյա նույն ճակատագիրն են ունեցել, և, ցավոք սրտի, ունեցել ենք և ունենք անհաջող հարևան՝ Թուրքիան: Մեր երկու նախարարությունները կարող են արդյունավետ օգտագործել սփյուռքի ներուժը, միատեղել գործողությունները՝ բանակցելով, կոորդինացնելով, իրազեկելով միմյանց: Լինենք մի ընդհանուր բռունցք: Ես պատրաստ եմ լսել Ձեր առաջարկները և քննարկել կետ առ կետ: Նաև հիշեցնեմ, որ Կիպրոսի կողմից եռակողմ համագործակցություն ստեղծելու, Կիպրոսում հանդիպելու և եռակողմ համաձայնագիր ստորագրելու առաջարկ է եղել»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական սփյուռքի ընդհանուր նկարագիրը, Հայաստանի քաղաքականությունը Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում և հարաբերությունների օրակարգը, գերատեսչության ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի առանձնահատկությունները:

Նա մասնավորապես նշեց. «Մենք պիտի բռունցքվենք՝ աշխարհում մեր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Մինչև այսօր աշխատել ենք երկիր-սփյուռք ձևաչափով: Հիմա ժամանակն է զարգացնել սփյուռք-սփյուռք հարաբերությունները: Միջազգային իրավունքի տեսակետից այսօր սփյուռքագիտության մասին կան փոքրիկ հետազոտություններ, չկա նույնիսկ սփյուռքի սահմանումը, չկան հետազոտություններ սփյուռքի իրավունքների ու պարտականությունների, միջպետական, վերպետական, երկկողմանի հարաբերություններում սփյուռքի դերի մասին: Կարող ենք առաջարկել ՄԱԿ-ին՝ հանձնախմբեր ստեղծել այդ հարաբերությունները ուսումնասիրելու, դեկլարացիա և կոնվենցիա ունենալու համար: Կարող ենք Եվրոպայի սփյուռքների համաժողով կազմակերպել և քննարկել այդ հարցերը»:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց վերջերս Կիպրոսի Նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ կնքված փոխմբռնման հուշագրին: Սփյուռքի նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցել նաև հունական կողմի հետ՝ սփյուռքի հարցերի շուրջ համանման հուշագիր կնքելու համար:

«Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համաձայնագիրը, կարծում եմ, լուրջ քաղաքական ուղերձ է մեր երկրների սփյուռքներին, որպեսզի նրանք համագործակցեն միմյանց հետ, միասնական լինեն ընդհանուր շահերի պաշտպանության գործում», – հավելեց Սփյուռքի նախարարը:

 

Scroll Up