ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հանրային ռադիո

Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հայաստանի հանրային ռադիո և հանդիպեց նորանշանակ գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև տնօրենի տեղակալ Լիլիթ Թումանյանը և Հանրային ռադիոյի հասարակական հաղոդումների բաժնի գլխավոր խմբագիր Ռուզան Առաքելյանը: Հանդիպումն անցկացվեց Հանրային ռադիոյի՝ հանդիպումների համար նախատեսված նորաստեղծ սրահում, որի առաջին հյուրը դարձավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Կարևորելով Հանրային ռադիոյի աշխատանքը Հայաստան-Սփյուռք գործակցության ընդլայնման և լուսաբանման գործում՝ Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց ռադիոյի ղեկավարությանը և մասնավորապես նշեց. «Հանրային ռադիոն լավագույնս իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությանն ու Հայաստան-Սփյուռք գործակցությանը նվիրված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Կամուրջ», «Հայկական գաղթօջախներ», «Սփյուռքի ձայնը», «Հայրենադարձություն», «Պատմական հայրենիք», «Գերդաստաններ» և «Հայկական հետք» հաղորդաշարերը: Այսօր համայն հայության համար առաջնահերթություն է դարձել մայրենիի պահպանումն ու տարածումը՝ իբրև ազգային միասնության կարևորագույն գործոն: Այդ առումով առաջնահերթություն է նաև արևմտահայերեն հաղորդաշարի հեռարձակումը Հանրային ռադիոյով»:

Հանրային ռադիոյի հասարակական հաղոդումների բաժնի գլխավոր խմբագիր Ռուզան Առաքելյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է «Կամուրջ» ծրագրի շրջանակներում կազմակերպել  առցանց ռադիոկամուրջներ տարբեր երկրներում ապրող հայ մտավորականների, քաղաքական գործիչների մասնակցությամբ:

Քննարկվեցին Հանրային ռադիոյի և Սփյուռքի հայական ռադիոների համագործակցության  հնարավորությունները, Հայրենքի-Սփյուռք գործակցության նոր հեռանկարները, այն առավել լայնորեն լուսաբանելու խնդիրները:

Scroll Up