Մեկնարկեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Ապրիլի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն:

«Հայերն այսօրի»-ի փոխանցմամբ՝ քննարկվեցին համաժողովի ձևաչափին, թեմատիկ ընդգրկմանը, մասնակիցների կազմին և կազմակերպչական խնդիրներին առնչվող հարցեր:

Նախարարը նշեց, որ չափազանց կարևոր է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կարող ուժերի, փորձագետների մասնակցությունը համահայկական նշանակություն ունեցող ձեռնարկին:

Կարևորվեց Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների ակտիվ ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներում:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց առաջարկություններն ու նկատառումները, որոնք հաշվի առնելով՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ամբողջացրեց համաժողովի թեմատիկ ուղղությունները, նշելով, որ աշխատանքները պետք է ընթանան ներդրումների ներգրավման, հայապահպանության, Սփյուռքի երիտասարդության, մշակութային խնդիրների լուծման, արցախյան հիմնախնդրի և ժողովրդական դիվանագիտության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի ուղղությամբ:

Հանձնարարվեց սփյուռքյան կառույցների հետ համագործակցելով՝ մշակել համաժողովի ծրագրի նախագիծը և սկսել հերթականությամբ իրականացնել անհրաժեշտ նախապատրաստական քայլեր:

Scroll Up