ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արգենտինայի հայ համայնքի պատվիրակությանը
Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում ընդունեց Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որի կազմում էին ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի ատենապետ Ռուբեն Կետիկյանը, ՀԲԸՄ-ի պատվո ատենապետ Ռուբեն Քեշիշյանը, ՀԲԸՄ–ի Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանը, Համահայկական խաղերի գործկոմի անդամ Ավո Թոքաթլյանը, ՀՅԴ Հարավային Ամերիկայի հանձնախմբի ատենապետ Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Հարավային Ամերիկայի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Էդուարդո Կոստանյանը, «Արմենիա» օրաթերթի խմբագիր Գևորգ Կազանչյանը:
Ողջունելով հյուրերին` նախարարն անդրադարձավ համաժողովի աշխատանքներին` նշելով, որ համախմբված աշխատանքի շնորհիվ միայն հնարավոր է արդյունքի հասնել: Քննարկվեցին համայնքին առնչվող հարցեր, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը Բուենոս Այրեսի ՀԲԸՄ-ի մասնաճյուղի գործուն մասնակցությանը, որն ուղղված է Արցախի երաժշտական դպրոցներին երաժշտական գործիքներով ապահովելուն:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց նաև «Աջակցություն աահմանապահ գյուղերին» ծրագիրը` առաջարկելով արգենտինահայ համայնքին ևս մասնակիցը դառնալ հայապահպան այս նախաձեռնությանը: