Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ
Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տեսաժողով ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:
Արգենտինայից տեսաժողովին մասնակցում էին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Համբարձում Հալաճյանը, ՀԲԸՄ վարչության անդամ Անտոնիո Սարաֆյանը, պատվավոր անդամ Մադլեն Թշրյանը, Մարի Մանուկյան վարժարանի պատասխանատու Ելենա Աշճյանը, ՀԲԸՄ պատասխանատու Խոսե Տաբակյանը, դուդուկահար, ՀԲԸՄ պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը:
Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության նախաձենությամբ սկիզբ առած «2017-ը Արցախի տարի» և «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանն անմիջապես արձագանքելու և միանալու համար: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ դուք հեռավոր Արգենտինայում մասնակցում եք համահայկական ձեռնարկներին, պահպանում ու փոխանցում եք ազգային մշակույթն ու ոգին, մշտապես աջակցում եք Արցախին, դառնում հայրենիքի առաջընթացի մասնակից: Կարծում եմ, շարժման շրջանակում դուք բացառիկ, փայլուն ծրագրով եք ներկայանալու: Մենք պատրաստ ենք աջակցել Երևանում և Արցախում իրականացվելիք համերգների կազմակերպական աշխատանքներին, ձեր բոլոր ձեռնարկներին»:
Անտոնիո Սարաֆյանը ներկայացրեց «Դու ինչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից նախատեսված ծավալուն և բազմաբովանդակ ծրագիրը: Նա նշեց, որ համայնքը ոգևորված է, իրականացվելու են մի շարք մշակութային, սոցիալական, քաղաքական և քարոզչական ձեռնարկներ: Արցախ այցելած արգենտինացի լրագրողների հետ համատեղ նախատեսվում է արգենտինացի մի խումբ երաժիշների և դուդուկահար Գագիկ Գասպարյանի համերգները կազմակերպել Բուենոս Այրես Ռոսարիո, Պոսադաս, Մար դե Պլատա, Ռիո Գալոգոս, Մենդոզա և այլ քաղաքներում: Համերգներ են կազմակերպվելու նաև Բրազիլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Ծրագիրն ամփոփվելու է Գագիկ Գասպարյանի, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի և Հայաստանի պարի պետական անսամբլի Երևանում և Արցախում կայանալիք միացյալ համերգներով:
Երևանում կկազմակերպվի նաև Արցախին նվիրված նկարների ցուցահանդես վաճառք: Նախատեսված է ողջ ծրագրի իրականացումից գոյացած հասույթով գնել երաժշտական գործիքներ և նվիրել Արցախի դպրոցներին:
Քննարկվեցին նախարարության ծրագրերին համայնքի մասնակցությունն առավել ընդգրկուն դարձնելու և Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունն առավել արդյունավետ իրականացնելու հետ կապված հարցեր: