Պատրիկ Մալաքյանը ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին աշխարհահռչակ կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի ղեկավար Պատրիկ Մալաքյանը և ֆրանսահայ գործարար Ռեմի Մակինաջյանը:

Ներկայացնելով հյուրերին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Պատրիկ Մալաքյանի իրականացրած ծրագրերի մասին: Ի հիշատակ իր նախնիների  նա Մարսելից իրականացրել է մի հուզիչ ճամփորդություն. մոտոցիկլետով կտրելով եվրոպական մի շարք երկրներ՝  մտել է Թուրքիա, եղել հոր ծննդավայրում՝ Ռոդոսթոյում,  անցել է Արևմտյան Հայաստանով և այնտեղից մտել Հայաստան: Մյուս կարևոր ծրագիրը՝ Ֆրանսիայում Անմոռուկի պատկերով  դրոշմանիշի ու դրոշմաթղթի տպագրությունն է՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով, որի շնորհանդեսը կայացավ վերջերս՝ Մարսելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պատրիկ Մալաքյանը խոսեց իր ազգային զգացողությունների մասին: Նա նշեց, որ ինքը խորապես կապված է իր հայկական արմատներին և ափսոսում է, որ չի տիրապետում  հայերենին, սակայն փորձում է սովորել: Ապա պատմեց այն դժվարությունների մասին, որ ունեցել է դրոշմանիշի և դրոշմաթղթերի տպագրության ընթացքում, քանի որ չէր խրախուսվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը: Եվ, այնուամենայնիվ, նա կարողացել է հաղթահարել խոչընդոտներն ու իրականացնել իր ծրագիրը: Պատրիկը հատուկ շնորհակալությամբ նշեց, որ միշտապես զգացել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աջակցությունը:

«Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ իմ տուրքը տալ նախնիներիս հիշատակին: Ես խոր հարգանք ունեմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր կարողացան պահել-պահպանել Հայաստանն ու հայությունը: Մեծ երջանկություն է, որ  հնարավորություն ունեցաք երկիր կառուցել, հայրենիք պահել» , –  ասաց Պատրիկ Մալաքյանն՝ իր խոսքի ավատին:

gg

Scroll Up