Տեսաժողով «Արևմտահայերենի վտանգվածությունը և պետական լեզվաքաղաքական խնդիրները» թեմայով

Փետրվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Լիբանանում ՀՀ դեսպանության, Լիբանանի Հայկազյան համալսարանի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի աջակցությամբ տեղի ունեցավ «Արևմտահայերենի վտանգ­վածությունը և պետական լեզվաքաղաքական խնդիրները» թեմայով տեսաժողով` ուսուցիչների, լեզվաբանների, մտավորականների մասնակցու­թյամբ (միացումը Բեյրութի Հայկազյան համալսարանից):

Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, սիրիահայ հայրենադարձ լեզվաբան Հակոբ Չոլաքյանը, ԵՊՄՀ «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, Բեյրութի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի ուսուցչուհի Նորա Թաշչյան-Սարաֆյանը, ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ համալսարանի տնօրեն Հասմիկ Խալափյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսուցիչ Անի Ֆիշենկճեանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ, լեզվաբաններ, ուսուցիչներ:

Լիբանանից հեռավար քննարկմանը մասնակցում էին Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը, Անթիլիասի արևմտահայերենի կենտրոնի պատասխանատու Ժիրայր Դանիելյանը  և Անթիլիասի դպրեվանքի ուսուցչուհի Գեղանի Էթիմեզյան, Հայ ավետարանական քոլեջի փոխտնօրեն Արմեն Յուրնեշլյանը, Հայկազյան համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Հակոբ Յակուբյանը, Մեսրոպեան բարձրագույն վարժարանի տնօրեն Գրեգուար Գալուստը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը:

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այսօր հավաքվել ենք՝ նոր ձևաչափով ևս մեկ անգամ քննարկելու արևմտահայերենի պահպանման խնդիրները և գտնելու լուծումներ: Մայրենի լեզվի պահպանումն ու տարածումը Սփյուռքի նախարարության գերակա խնդիրներից է, և այս տեսաժողովը ևս կազմակերպվել է մեր նախաձեռնությամբ իրականացված Մայրենիի շաբաթվա միջոցառումների շրջանակում: Քանի որ Լիբանանը Արևմտահայերենի պահպանման միջնաբերդն է, նրա զարկերակն ու ոգին, մենք որոշեցինք հեռակապով մեր մտահոգությունները կիսել ձեզ հետ, գտնել առկա խնդիրների իրատեսական լուծումներ:

Նախարարը ներկայացրեց այն ծրագրերն ու ձեռնարկները, որոնք նախարարությունը իրականացնում է` համագործակցելով Հայաստանի և Սփյուռքի կառույցների և մասնագետների հետ: Հրանուշ Հակոբյանը կարևորեց արևմտահայերենի դասավանդումը նաև Հայաստանում, քանի որ ի դեմս սիրիահայերի`  արևմտահայերենի շուրջ 20 հազար կրողներ են հաստատվել Հայաստանում, որը հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման հնարավորություն է ընձեռել:

«Այո, արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է վտանգված լեզու, կարծում եմ՝ պետք է միասնական ուժերով ստեղծենք արևմտահայերենի փրկության ծրագիր և հետևողականորեն իրականացնենք այն` ունենալով պետության և համահայկական, հոգևոր կառույցների աջակցությունը,-ընդգծեց նախարարը և հավելեց,- Մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում. արևմտահայերեն է դասավանդվում Հայաստանի մի շարք բուհերում, ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործում է արևմտահայերենի բաժինը: Ակտիվ գործունեություն են ծավալում ԵՊՄՀ «Սփյուռք» գիտակրթական կենտրոնը, ՀԲԸՄ վիրտուալ քոլեջը: «Սփյուռք» ամառային դպրոցում գործում է արևմտահայերենի արագացված ուսուցման դասընթաց, ստեղծվել են փորձնական երեք այբբենարան և ընթերցարան, նախարարության «Հայերն այսօր» պարբերականը միակ պաշտոնական կայքն է, որն ունի արևմտահայերեն տարբերակ: Նախարարության պատվերով ստեղծվել և գործում է «Արևմտահայերենից՝ արևելահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագիրը: Վերջերս մեր աջակցությամբ ստեղծվեց արևմտահայերեն մանկապատանեկան «Հայկաշխարհ» կայքը: Կազմակերպվել է խնդրին նվիրված երկու գիտաժողով, ստեղծվել է 3 աշխատանքային խումբ: Կառավարության առջև հարց ենք բարձրացրել` ստեղծել Հայերենի բարձրագույն խորհուրդ, որը կզբաղվի և´ արևելահայերենի, և´ արևմտահայերենի խնդիրներով»:

Հրանուշ Հակոբյանը առաջարկեց հայագիտական առարկաների, մասնավորապես՝ հայոց պատմության նոր դասագրքերը, որոնք նպատակահարմար կհամարվեն սփյուռքյան դպրոցների համար, թարգմանել արևմտահայերեն և հրատարակել:

Տեսաժողովին քննարկվեցին նաև արևմտահայերենի վտանգվածությանը, դպրոցական դասագրքերի լեզվական վիճակին, դասավանդման որակին, լեզվական ընդհանրականությանը վերաբերող խնդիրներ:

Կարևորվեց Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի դասավանդումը, հեռավար ուսուցման հնարավորությունները օգտագործելու անհրաժեշտությունը, նոր դասագրքերի ստեղծումը: Եղան մի շարք առաջարկություններ:

Որոշվեց հաջորդ տեսաժողովը կազմակերպել մայիսին:

img_7856 img_7877

Scroll Up