Զարմանալի՜ հայ…
Զարմանալի՜ հայ…Որտեղ էլ լինի նա, իր շուրջը ստեղծում է անպատմելի մի յուրօրինակ օազիս, ստեղծում է մի փոքրիկ Հայաստան, ուր ապրում ու արարում է ինքը, ուր կարողանում է պահպանել իր ազգային ինքնությունն ու դիմագիծը: Իհարկե, արվեստի ու մշակույթի բնագավառներում դա դրսևորվում է լավագույնս, ավելի ցայտուն, ավելի տեսանելի: Հենց այդպիսի հայկական մի օազիս է է հեռավոր ֆրանսիայում ստեղծել մեր հայրենակիցը՝ երիտասարդ ու տաղանդավոր նկարիչ Վահագն Ստեփանյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալված զրույցիս ընթացքում Վահագն Ստփանյան արվեստագետի կերպարում երևաց նաև պարզ, անկեղծ հայ երիտասարդը:
-Վահա՛գն, թույլ տվեք Ձեզ այդպես դիմել, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում հայտնվեցիք հեռավոր ֆրանսիայում:
-Ես դուրս եմ եկել Հայաստանից և եկել եմ Ֆրանսիա 2006-ին: Իմ գլխավոր նպատակներից մեկն է եղել ինչ- որ չափով ճանաչում ունենալ արտասահմանում և հայ արվեստը ներկայացնել օտարներին:
-Ես նայում եմ Ձեր նկարները, որոնցից շատերում տեսնում եմ Ձեր ՝ հայ մարդու, հայ արվեստագետի հոգու հայրենասիրության արտացոլքը. կարոտի՞ց են ծնվում դրանք:
– Ե՛վ կարոտից, և՛ հայրենասիրությունից, նաև՝ հայ լինելու հպարտության զգացումից:
-Նկարելու շնորհը Աստվածատու՞ր է, թե՞ ժառանգաբար է փոխանցվել:
-Մեր գերդաստանում չեն եղել ու չկան նկարիչներ, բայց ունենք լավ մասնագետներ, հաջողակ ուսանողներ: Ամեն մեկը շնորհալի է իր գործի մեջ: Դե, իհարկե, ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ պարգևել է այս շնորհքը եվ, միանշանակ, նաև՝ իմ ծնողներին, որոնց շնորհիվ ես դարձա նկարիչ. նրանք մինչ օրս ուրախանում են իմ ստեղծագործական հաջողություններով:
-Կարո՞ղ եք հիշել Ձեր առաջին նկարի թեման, ու՞մ եք այն ցույց տվել և ինչպիսի՞ արձագանք եք ստացել:
-Իմ մեջ տպավորվել է հատկապես այն օրը, երբ ես փոքր էի՝ մոտավորապես 5- 6-րդ դասարանի աշակերտ. մեզ տարան մասնակցելու օպերայի բակի կավճանկարի մրցույթին: Երևի կհիշեք այն ժամանակները, երբ այդպիսի մրցույթներ էին կազմակերպում հանրապետության որոշ դպրոցների միջև: Ես նկարել էի հեքիաթային պերսոնաժ մոխրոտիկին և հետին պլանում՝ Արարատ լեռը: Դա շատ տարօրինակ թվաց մարդկանց. ինձ մոտենում էին և հարցեր տալիս, ինձ մոտեցան Հենրիկ Իգիթյանի անվան կիրառական արվեստի դպրոցի ուսուցիչները, տվեցին հրավիրատոմս, որ ես գնամ եվ սովորեմ իրենց դպրոցում: Դա շատ լավ տպավորություն թողեց իմ հիշողության մեջ և առայսօր չեմ մոռացել կյանքիս այդ դրվագը:
-Առաջին ցուցահանդեսը ե՞րբ և որտե՞ղ է կայացել:
–Իմ առաջին ցուցահանդեսը կայացել է դեռ դպրոցական տարիներին՝ 1991-92թթ. Երեվանում : 2001-ին արդեն դուրս եկա հայաստանյան շրջանակներից և ցուցահանդեսներ կազմակերպեցի արտասահմանում: 2004-ին ինձ հրավիրեցին՝ ցուցադրություններ անելու Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի գլխավոր թատրոնում, որից հետո՝ Շվեյցարիայի Լոզան քաղաքի Նեստլե գիտահետազոտական ինստիտուտում: 2006 -ին եկա ֆրանսիա՝ Վալանս: Ծանոթացա շատ արվեստագետների հետ ու սկսեցինք այդտեղի Հայ մշակույթի կենտրոնի հետ կազմակերպել ցուցահանդեսներ: 2007-ին իմ գործերը ցուցադրվել են Լիոն քաղաքում: Մինչ օրս ցուցադրվում են ֆրանսիայի տարբեր քաղաքներում:
-Ի՞նչ մրցանակների, շքանշանների, պարգևների եք արժանացել. դրանցից ո՞րն է առավել թանկ Ձեզ համար:
– Ունեմ շատ պատվոգրեր, գովասանագրեր: Ինձ համար բոլորն էլ թանկ են, որովհետև դրանք իմ աշխատանքի արդյունքն են:
-Իբրև կայացած, ճանաչված արվեստագետի՝ Հայաստանում Ձեզ ճանաչու՞մ են:
-Չեմ կարծում, որովհետև վաղուց եմ դուրս եկել Հայաստանից, բայց արվեստի բնագավառում շատ ընկերներ ունեմ:
-Դեպի Հայրենիք վերադարձի ճամփան մո՞տ է արդյոք:
-Ցանկությունս մեծ է:
-Ո՞ւմ եք արվեստի բնագավառում համարում Ձեր ուսուցիչը և համաշխարհային մակարդակով այն նկարիչը կամ նկարիչները, ում գործերից ազդեցություն եք կրել:
–Ես շատ եմ սիրում Վերածննդի դարաշրջանի բոլոր նկարիչներին, բայց ինձ համար ուսուցիչներ են Լեոնարդո դա Վինչին,Միքելանջելոն,Ռաֆայելը և Սալվադոր Դալին:
-Գիտեմ, որ հանդիպել, շփվում եք մեր աշխարհաճանաչ հայրենակցի՝ Շառլ Ազնավուրի հետ, ի՞նչ դերակատարում ունի նա Ձեր կյանքում:
– Նա մեծ հայրենասեր է: Բոլորս գիտենք, թե ֆրանսիայում և, առհասարակ, ամբողջ աշխարհում, ինչ տեղ են տալիս մեր հայրենակցին: Ես առիթ ունեցա մեծ երգչին, Մեծ մարդուն ու արժանավոր հային հանդիպել ու ծանոթանալ նրա հետ Վալանս քաղաքում, Շառլի անվան պուրակի բացման արարողության ժամանակ: Այդ ժամանակ նրան նվիրեցի իմ աշխատանքը՝ իր դիմանկարը, շատ ուրախացավ և անմիջապես ասաց՝ ստորագրի՛ր, այս նկարը պետք է դրվի տուն- թանգարանում: Շատ ուրախ եմ, որ ինչ-որ հիշատակ իմ կողմից տրվեց Շառլ Ազնավուրին:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը՝ վերնագրված «100 հասցե», այդպե՞ս է…որտե՞ղ կայացավ այն և ի՞նչ արձագանքներ ունեցավ:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ շատ մեծ ցուցահանդես բացվեց Վալանս քաղաքում, բազմաթիվ այցելուներ կային՝ քաղաքապետեր, պատգամավորներ, սենատորներ. մեծ արձագանք ունեցավ այդ ցուցահանդեսը:Ես շնորհակալագիր ստացա: Ժողով արեցին, և իմ նկարներից մեկն ընտրվեց, որպեսզի 2000 տպաքանակով տպվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով թողարկվող փոստային ծրարների վրա: Վալանսի հայ մշակույթի տանը մեծ շուքով տեղի ունեցավ Կոմիտասի նկարի նվիրատվությունը, որը ես նկարել էի ապրիլի 24-ին:
-Ֆրանսիան այն երկիրն է, որի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ քրեականացման օրենքը, սակայն նույն այդ երկրում , տարբեր քաղաքներում մեծ թիվ են կազմում մահմեդականները, հայերին այդ առումով որևէ վտանգ չի՞ սպառնում…
-Ո՛չ: Այստեղ բոլորն ապրում են համերաշխ: Համենայնդեպս, նրանք գիտեն մեր բնավորության գծերը եվ աշխատում են ոչ մի բանով առնչություն չունենալ հայերի հետ:
– Վահագն, այժմ ի՞նչ նոր ու մեծամասշտաբ կտավի վրա եք աշխատում:
-Հիմա աշխատում եմ Նապոլեոնի թեմային նվիրված կտավի վրա և պատրաստվում եմ նոր ցուցահանդեսի. այն շուտով կկայանա:
-Դե ինչ, հաջողություններ մաղթենք մեր տաղանդավոր հայրենակցին և հուսանք, որ մոտ ապագայում կկարողանանք մասնակիցը դառնալ նաև Հայրենիքում կազմակերպվելիք նրա ցուցահանդեսին:
Կարինե Ավագյան