«Մի օր անպայման վերադառնալու եմ այնտեղ, որտեղից սկսել եմ իմ մեծ ճանապարհի սկիզբը». Վարդուհի Խաչատրյան

«16 տարի ապրում եմ դրսում, սակայն հոգով ու սրտով միշտ ներսում եմ՝ իմ Հայրենիքում» 

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարի կողմից «Կոմիտաս» մեդալով պարգևատրված, 7 միջազգային մրցույթների դափնեկիր, Ժնևի «Գրանդ» օպերայի մեներգչուհի Վարդուհի Խաչատրյանի հետ զրուցել է  «Հայերն այսօր»-ի  թղթակիցը:

 

-Հարգելի՛  Վարդուհի ,  սրտանց շնորհավորում եմ  բարձր պարգևի արժանանալու առիթով:  Խնդրում եմ  ներկայացրեք  Ձեր ստեղծագործական անցած ճանապարհի համառոտ  խճանկարը:

-Ծնվել եմ Երևանում. հայրս ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ  Խաչատրյանն է: Մեծացել եմ երաժշտական մթնոլորտում,  երաժշտական բարձրագույն կրթությունս ստացել եմ Երևանում:  Եղել եմ ՀՀ  ֆիլհարմոնիայի և կամերային նվագախմբի մենակատար, աշխատել եմ նաև Հայաստանի ակադեմիական երգչախմբի հետ: Առաջին մեծ հաջողությունս 1999-ին Լիեժում  (Բելգիա) վոկալիստների մրցույթում տարած հաղթանակն է եղել, որին հետագայում հաջորդեցին շատ հաղթանակներ ու մրցանակներ:  Հայաստանում,  որպես տարվա լավագույն երգչուհի,  2004-ին արժանացել եմ  «Արտավազդ»  մրցանակի:  Բազմաթիվ հրավերներով հանդես եմ եկել աշխարհի տարբեր բեմերում՝  համագործակցելով հանրահայտ շատ երգիչների, դիրիժորների և երաժիշտներիր հետ,  բազմաթիվ մենահամերգներ եմ տվել աշխարհի շատ քաղաքներում:  Երգում եմ 7 լեզուներով:  2007-ից  բնակվում և աշխատում  եմ  Ժնևում:

-Կոմիտասն  ի՞նչ տեղ է զբաղեցնում Ձեր կյանքում,  Ձեր երգացանկում:

-Կոմիտասի երգերին ու մշակումներին ծանոթացել եմ դեռևս մանուկի հասակից՝ լսելով հայրիկիս՝  ՀՀ ժողովրդակիան արտիստ Ալբերտ Խաչատրյանի կոմիտասյան անզուգական կատարումները:  Իմ բոլոր մենահամերգների ծրագրերում ընդգրկված են Կոմիտասի վոկալ ստեղծագործությունները,  որոնք ներկայացրել եմ եվրոպացի հանդիսատեսներին:  Նարեկացի,  Կոմիտաս,  Եկմալյան, Բաբաջանյան և հայ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները ևս ներկայացրել եմ միջազգային հայտնի փառատոների ժամանակ: 2010-ին  լույս է տեսել  իմ՝ «Կոմիտասի հիշատակին» ձայնասկավառակը, որն ընդգրկում է Կոմիտասի քնարական երգերի շարքը:

-Ես լսել եմ ,  որ Ժնևում  Դուք ստեղծել եք  «Ավետիս»  հայ- շվեյցարական մշակութային կազմակերպությունը.  ո՞րն է այդ կազմակերպության առաքելությունը, նպատակը:

-«Ավետիս»-ի նպատակը եվրոպացի  հանդիսատեսին հայ կոմպոզիտորների և երաժիշտ- կատարողների հետ ծանոթացնելն է,  հայկական երաժշտությունն  ու արվեստը Եվրոպայում տարածելը և Եվրոպայում ճանաչում ստանալու համար հայ տաղանդավոր երիտասարդներին,  արվեստագետներին աջակցելը:  2015-ին «Ավետիս»-ը  Հայոց  ցեղասպանությանը նվիրված 3  մեծ միջոցառում է կազմակերպել Ժնևի  հանրահայտ սրահներում:

-Ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանում:

-Մասնագիտական առումով՝ ոչ մի. եթե հրավիրեն, կգամ ու կերգեմ: Հուլիսի 25-ին մեկնելու եմ Իտալիա, որտեղ  օգոստոսի 11, 12-ին «Աիդա»  օպերայից հանդես եմ գալու Ամներիսի դերերգով:

-Ի՞նչ զգացումներ  ունեցաք,  երբ ՀՀ սփյուռքի նախարարը Ձեզ  «Կոմիտաս» մեդալով պարգևատրեց:

-Շատ  հուզված էի. ուրախ եմ, որ նման պարգևի ինձ Հայրենիքո՛ւմ են արժանացնում: Շատ մրցանակների եմ արժանացել, սակայն Կոմիտասի մեդալով պարգևատրվելը  անչափ թանկ  ու  զգայացունց  պահ էր ինձ համար:  Ես միշտ երգում եմ՝ առանց որևէ պարգևի ակնկալիք ունենալու, սակայն չեմ կարող չխոստովանել,  որ հաճելի է նման վերաբերմունքի,  ուշադրության արժանանալը:

-Դուք  մի քանի օրից մեկնելու եք . ի՞նչ եք Ձեզ հետ տանում Հայաստանից…

-Շատ բան՝ արև, ժպիտ, անսահման ջերմություն,  նաև՝ անհանգստություն…Ես կարոտում եմ  ինձ հարազատ մարդկանց,  Երևանի՝ ինձ ծանոթ ու բազում հույզեր, հիշողություններ արթնացնող փողոցները, եկեղեցիները…Մի  օր անպայման վերադառնալու եմ այնտեղ , որտեղից սկսել եմ իմ մեծ ճանապարհի  սկիզբը:  16 տարի ապրում եմ  դրսում, սակայն հոգով ու սրտով միշտ ներսում եմ՝  իմ Հայաստանում:

Զրուցեց  Կարինե  Ավագյանը

Scroll Up