ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Վիգեն արք. Այքազյանին ԵՀԽ Գործադիր կոմիտեի ընտրական հանձնախմբի ղեկավար ընտրվելու առիթով

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ

ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿ

ՎԻԳԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՅՔԱԶՅԱՆԻՆ.

 Սրբազա´ն  Հայր,

Իմ սրտաբուխ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Գործադիր կոմիտեի ընտրական հանձնախմբի ղեկավար ընտրվելու առիթով, ինչը Ձեր երկարամյա նվիրյալ և ազնիվ ծառայության ու միջեկեղեցական-էկումենիկ հարաբերություններում ունեցած ավանդի և հավատարմության արգասիքն է։

Նախկինում ևս լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում` աստվածահաճո ծառայություն մատուցելով, նպաստել եք Հայ եկեղեցին համաշխարհային էկումենիկ կյանքին առավել ներգրավվելուն:

Ավելին` այս նոր պաշտոնի ստանձնումով  նոր նախաձեռնություններով հանդես գալու Ձեր հնարավորություններն ընդլայնվում է: Առավել քան համոզված ենք, որ Ձեր ջանքերը նպատակաուղղելու եք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը աշխարհի տարբեր երկրներում հավուր-պատշաճի նշելուն և այսուհետ մարդկային ամենադաժան և զազրելի հանցագործությունները բացառելուն:

Սրբազա´ն Հայր, Ձեր ազգանվեր գործունեությամբ սերտորեն շաղկապված եք եղել հայկական Սփյուռքին՝ սկսած Ամերիկայի հեռավոր ափերից մինչև Հայրենիք, որտեղ հայկական նոր օջախներ ստեղծելու գործում ակնառու է նաև Ձեր անմիջական մասնակցությունն ու հոգատարությունը: Ձեր այս դիրքը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի առանձնակի հպարտությամբ և հմտությամբ հետապնդելու հայոց երկրորդ պետության՝ Արցախի Հանրապետության անկախության իրավունքն ու ինքնիշխանությունը միջազգային ատյաններում բարձրաձայնելու և հայ ժողովրդի շահերը մերօրյա հասարակությանը ներկայացնելու ուղղությամբ:

Առաջիկա ութ տարիներին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի բարձր ամբիոնից Ձեր ազդեցիկ ու իմաստալից ելույթները արդարության նորովի կոչ են լինելու համայն մարդկությանը՝ դրանք հասանելի դառնալով ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ միջազգային զանազան կազմակերպություններին և նրանց անդամակցող պետություններին:

Ցանկանում եմ, որ շարունակեք նոր լիցքերով Ձեր նպաստը բերել աշխարհասփյուռ հայությանը և Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդմանը:

Ձեր` նոր պաշտոնում ընտրվելով թո´ղ ջերմության, խաղաղության ու սիրո նոր շնչով իմաստավորվի միջեկեղեցական և էկումենիկ կյանքը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և երկար տարիների կյանք:

Թո´ղ Ամենակալ Տիրոջ Աջը միշտ զորավիգ լինի Ձեզ:

ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ    

Scroll Up