Հալեպի ազատագրումից հետո հալեպահայերը հետ չեն վերադառնում
Սիրիայի Հալեպ հայաշատ քաղաքի ազատագրումից հետո Հայաստանում ապաստան ստացած հալեպահայերը հետ չեն վերադառնում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Նրա խոսքով` հալեպահայերը պարբերաբար այցելում են Հալեպ` իրենց թողած գույքի, սեփականության մասին տեղեկություն ստանալու համար, բայց կրկին հետ են վերադառնում: «Հայաստանում այս պահի դրությամբ 20 հազարից ավել սիրիահայ է բնակվում: Հիմնականում այդ թիվը չի պակասում, այլ ավելանում է»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ հալեպահայերը սպասում են, որպեսզի այդ խնդիրը վերջնականապես լուծվի, իսկ փոխայցեր միշտ էլ եղել են: «Այն, ինչ կատարվում է Հալեպում, դեռեւս հիմք չի տալիս, որ հալեպահայերը Հայաստանից գնալու որոշում կայացնեն»,-հավելեց նա:
Անդրադառնալով Հայաստանում սիրիահայերի առջեւ ծառացած խնդիրներին` նախարարության աշխատակազմի ղեկավարը հիմնականում առանձնացրեց նրանց կեցության եւ աշխատանքի խնդիրները: «Սիրիահայերի բնակարանային խնդիրը մենք հիմնականում լուծում ենք բնակվարձերի տրամադրմամբ: Մեր այդ ծրագրում տարեկան 1000 սիրիահայ ընտանիք է ընդգրկվում»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը:
Սիրիայի կառավարական զորքերը դեկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել են, որ Հալեպն ամբողջությամբ գտնվում է իրենց հսկողության ներքո:
Արեւելյան Հալեպից ապստամբների ու քաղաքացիական բնակչության տարհանումն սկսվել Էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին: Դրա կազմակերպմամբ զբաղվում Էր Ռուսաստանը՝ իր գործողությունները համաձայնեցնելով Թուրքիայի հետ: