Համահայկական խաղերին սիրիահայերի մասնակցության ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը

ՀՀ կառավարությունը հատկացրեց 30,8 մլն դրամ՝ օգոստոսի 2­-13­-ն անցկացվելիք Համահայկական ամառային 6-­րդ խաղերին մասնակցող սիրիահայերի պատվիրակության ծախսերը հոգալու նպատակով:

«Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց սիրիահայերի պատվիրակությանն օժանդակությունը և Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին հանձնարարեց ներկայացրել խաղերի կազմակերպմանն ուղղված աշխատանքները:

Զաքարյանն իր հերթին նշեց, որ նշված գումարը ծախսվելու է սիրիահայ 82 մարզիկների պատվիրակության ճանապարհածախսի և կեցության ծախսերը հոգալու համար:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ լիբանանյան ավիաընկերությունը Երևան տեղափոխի ամբողջ պատվիրակությանը»,­ ասաց նա: Օգոստոսի 2-­ից մեկնարկող և 13-ին ավարտվող խաղերին մասնակից պատվիրակությունները հայրենիքից կմեկնեն մինչ օգոստոսի 17­-ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանված է մինչ հուլիսի 15­-ը: Հուլիսի 1­-ի դրությամբ ստացվել է 35 պետության 161 քաղաքի 5461 մարզիկի հայտ:

Scroll Up