«Հայաստանը առաջատար պետություններից մեկը դառնալու բոլոր նախադրյալներն ունի». ավստրալահայ քաղաքագետ

Ավստրալահայ քաղաքագետ, հանրային քաղաքականության մասնագետ Սասուն Գրիգորյանը «Հայերն այսօր»ի հետ զրույցում խոսում է աշխատանքային գործունեության,ձեռք բերած նվաճումների մասին՝ ներկայացնելով  հզոր և մրցունակ Հայաստան ունենալու իր տեսլականը:

Պարո՛ն Գրիգորյան, Ավստրալիայում զբաղվածությունը թույլ տալի՞ս է հաճախ Հայաստան այցելել:

-Հայրս Հայաստանում է ապրում: Արդեն վեց անգամ եղել եմ Հայաստանում:Այս անգամ որոշեցինք ընտանիքով գալ՝ Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելու:

 Երեխաներիս համար տոնական օրերն ուրախ անցան, շատ էին հավանել հայկական Նոր տարին: Այցելությունս նաև գործնական նպատակ ուներ:

Եվ ո՞րն էր այդ նպատակը:

-Օրեր առաջ տեղի ունեցավ իմ «Խելացի ազգ. մի նախագիծ արդիական Հայաստանի համար» գրքի շնորհանդեսը: Գիրքն ուսումնասիրում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, որոնք  անհրաժեշտ է  հաղթահարել:

 Գրքում անդրադառնում եմ արտաքին քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային, Արցախին, Սփյուռքին, Հայաստանից դուրս տնտեսության զարգացմանը, տարածաշրջանում Հայաստանի դերին առնչվող և տարաբնույթ այլ հարցերի:Այս ուղղություններով հստակ առաջարկներ եմ անում:

Անգլերեն լեզվով գրված գիրքը Լոնդում գործող «Կոմիտաս» հիմնարկի կողմից է հրատարակվել:Առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Սիդնեյում, հետո արդեն Սինգապուրում, Լոնդոնում, ապա Հայաստանում:Ցանկանում եմ առաջիկա ամիսների ընթացքում գիրքը հայերեն թարգմանել:

Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված գիրք գրելու շարժիչ ուժը ո՞րն է եղել Ձեզ համար:

-Միշտ մտահոգ եմ Հայաստանի ապագայով և ուղիներ եմ որոնում իմ ներդրումն ունենալու Հայրենիքիս առաջընթացին:

Աշխատանքային փորձառություն ունենալով միջազգային հեղինակավոր ընկերություններում՝ ցանկանում եմ օգտակար  լինել: Հավատում եմ, որ գրքի լույս ընծայումից հետո փոխշահավետ համագործակցություն կունենամ ՀՀ կառավարության հետ:

Փոքր ազգ լինելով՝ միասնաբար աշխատելով, բոլոր միջոցները գործածելով՝ պետք է միայն բարձունքների հասնենք:

Մենք պարտավոր ենք ապահով Հայաստան ունենալու համար համապատասխան քայլեր ձեռնարկել:Գրքում արծարծում եմ նաև Հայաստանը՝ իբրև աշխարհում առաջատար պետություններից մեկը դառնալու հեռանկարը, որի բոլոր նախադրյալներն, անշուշտ, ունենք: Ահա այս  հիմնահարցերն ինձ առաջ մղեցին  գիրքը գրելու համար:

-Պարբերաբար Հայաստան եք գալիս: Տարիների հեռվից նայելով՝ Հայաստանում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել:

Դրական փոփոխություներն ակներև են. Հայաստանը մեծ զարգացում է ապրել: Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1997 թվականին: Երևանը կարելի է արևելյաեվրոպական քաղաք համարել: Ծաղկաձորը, Դիլիջանը և մյուս քաղաքները զբոսաշրջության հիանալի կենտրոններ են դարձել:

Սակայն մեկ նկատառում ունեմ. պետք է մտածել Հայաստանի տարբեր քաղաքներում աղքատության վերացման մասին: Պետք է նաև տնտեսական աճը Երևանից դուրս խթանել:

Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ գործունեություն եք ծավալում Ավստրալիա մայրցամաքում:

-Տեխնոլոգիայի բնագավառում հանրային քաղաքականության առաջատար մասնագետ եմ, հատկապես` առևտրի, վճարումների և համակարգչային ծրագրերի ոլորտներում։ Խորհրդատու եմ հանդիսացել համաշխարհային բիզնես ձեռնարկություններում, որոնք ձևափոխել են առկա բիզնես մոդելները։

Հանրային քաղաքականության ոլորտում ավելի քան քսանամյա փորձ ունեմ։Աշխատել եմ Fortune 500 կարգավիճակ ունեցող չորս ընկերությունում, հանրային հարցերում աշխարհի ամենամեծ խորհրդատվական ընկերություններից մեկում, ինչպես նաև կառավարության համար քաղաքական խորհրդատու եմ հանդիսացել։
Եղել եմ բազմաթիվ արդյունաբերական ընկերությունների հոգաբարձուների խորհրդի և ընկերակցությունների անդամ։ Քաղաքագիտության բակալավրի աստիճան ունեմ Մաքուարի համալսարանից և Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ Նոր Հարավային Ուելսի համալսարանից (Սիդնի, Ավստրալիա)։

-Ավստրալիայի համայնքային կյանքին մասնակցու՞մ եք:

-Իհարկե: Եղել եմ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամ, Հայ մարմնակրթական ընդհանուր միության խմբերում եմ ընդգրկվել՝ տարբեր պարտականություններ ունենալով:Ավստրալիայի հայ համայնքը ժամանակի ընթացքում մեծացել է:

Առաջին հայերն Ավստրալիա գաղթել են 19-րդ դարի կեսին՝ Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Սինգապուրից, Հարավարևելյան Ասիայի այլ երկրներից և Արևմտյան Հայաստանից:

Հայոց ցեղասպանությունից հետո Ավստրալիա հայերի հոսքը նկատելի է եղել:Ավստրալահայ համայնքը հիմնավոր կերպով սկսել է կազմավորվել 1960-ական թվականներին:

Սկզբում Միջին Արևելքի երկրներից են հայերն այնտեղ հաստատվել, ապա՝ Պարսկաստանից, Հայաստանից և այլ երկրներից: 2010 թվականից հետո, երբ սիրիական պատերազմը սկսվեց, շատ սիրիահայեր եկան  Ավստրալիա:

Ընդհանուր առմամբ՝ կազմակերպված, գործուն համայնք է, հոգևոր, կրթական, քաղաքական, մշակութային բեղուն կյանքով է ապրում:

Ներկայումս գործում են երկու ամենօրյա և վեց մեկօրյա վարժարաններ`Համազգայինի «Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա, ՀԲԸՄ «Ալեքսանդր» ամենօրյա վարժարանները, «Ալեք Մանուկյան» կիրակնօրյա, Համազգայինի «Թարգմանչաց» մեկօրյա,  Համազգայինի «Սերոբ Փափազյան» մեկօրյա,  Համազգայինի «Թումանյան» մեկօրյա դպրոցները, Կաթոլիկ եկեղեցու «Լույս»  դպրոցը, ինչպես նաև՝ Մելբուռնի ՀԲԸՄ «Ակինյան» շաբաթօրյա դպրոցը, որոնք լավ կազմակերպված կրթական հաստատություններ են:

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի Առաջնորդանիստը Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցին է, իսկ առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:Հայկական մամուլից տպագրվում են «Արմենիա» շաբաթաթերթը, «Գարուն», «Միություն» ամսաթերթերը, «Լույս», կրոնաեկեղեցական բնույթի պարբերականը:

Ավտրալիայում հասրակական-քաղաքական կյանքը ներկայումս ապահովում են հայ ավանդական երեք կուսակցությունները, տեղական, ազգային կազմակերպությունները, բարեգործական, հասարակական, մշակութային և երիտասարդական մի շարք կազմակերպություններ:

Կարևոր եմ համարում Ավստրալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն բացելու հարցը, որը մինչև այժմ գոյություն չունի: Այս գաղափարը որպես առաջարկ եմ ներկայացնում:

img_2901

-Հանդիպեցիք նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:Ի՞նչ հարցեր քննարկեցիք հանդիպման ընթացքում:

-Նախ ասեմ, որ Ավստրալիայի հայ համայնքը ՀՀ սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցության մեջ է:Համատեղ մշակութային տարբեր միջոցառումներ են կազմակերպվել, որոնք նպաստել են Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ամրապնդմանը:

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Հայաստանից ժողովրդական, էստրադային երգիչ-երգչուհիներ են շրջագայության եկել, որոնք իրենց ելույթներով խանդավառել են ավստրալահայերին:

ՀՀ սփյուռքի նախարարին նախկինում հանդիպել եմ նրա՝ Ավստրալիա կատարած այցելությունների ժամանակ: Հայաստանում նույնպես հանդիպումը ջերմ մթնոլորտում անցավ, կարծում եմ՝ մի շարք կարևոր հարցերի շուրջ համակողմանի քննարկումներ ծավալեցինք:

12212

Տեղյակ եմ, որ Հայոց սրբազան լեռը՝ Բիբլիական Արարատն եք բարձրացել: Վաղու՞ց էիք նման որոշում կայացրել:

-Վաղեմի երազանքս է եղել: 2015թվականի օգոստոս ամսին քսան հոգանոց խմբով բարձրացանք, որի կազմում Պարսկաստանից, Բելգիայից, Ավստրալիայից, Հալեպից, Հայաստանից և այլ երկրներից հավաքված մարդիկ էին, նաև այլազգիներ կային: Սակայն այն լոկ նախաձեռնության իրականացում չէր ինձ համար:Երազանքս կատարելուց բացի, նպատակ ունեի այս քայլով օգնել Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին, հատկապես՝ երեխաներին:

Այդ նպատակով մինչ բարձրանալը դրամահավաք կազմակերպեցի, որը մեծ արձագանք ստացավ: Դրամահավաքին մասնակցեցին ոչ միայն Ավստրալիայի հայերը, այլև՝ ավստրալացիները:Գերմանիայից, Սինգապուրից և աշխարհի այլ երկրներից էլ մասնակցեցին դրամահավաքին:

Հանգանակության արդյունքում 10.000 ԱՄՆ դոլար հավաքվեց:

Արարատ բարձրանալը լայնորեն լուսաբանվեց ավստրալական մամուլի էջերում:Երեք օր տևեց գագաթը հաղթահարելը, որից հետո հպարտորեն և հուզված՝ Եռագույնը ծածանեցինք:

Այս նախաձեռնությամբ ուզում էի նաև երախտագիտությունս հայտնել Ավստրալիային. չէ՞ որ Հայոց ցեղասպանության եղերական օրերին Ավստրալիան բարոյահոգեբանական աջակցություն է տվել հայերին. մանկատուն է կառուցել հայ որբուկների համար, սնունդ և դրամական օգնություն տրամադրել:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Scroll Up