ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին

Հունվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին:

Նախարարը բարձր գնահատեց Տեր հոր ծավալած ազգանպաստ գործունեությունը՝ շեշտելով այն փաստը, որ Հայ Առաքելական եկեղեցին Սփյուռքում հայապահպանության կարևոր գործոններից մեկն է:

Տեր Տիրատուրը նախարարին ներկայացրեց Հայաստանում գտնվելու իրենց առաքելության բուն նպատակը, այն է՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Արցախի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելը:

«Սուրբ Ծնունդը սիրո և ջերմության տոն է, մենք պետք է թու՛յլ տանք, որ Մանուկ Հիսուսը ծնվի մեր մեջ, այլապես անիմաստ կլինի այդ տոնը»,-իր խոսքում ասաց քահանան:

Տեր հայրը նախարարին տեղեկացրեց Արցախի անապահով ընտանիքներին իրենց ցուցաբերած 26 տոննա օգնության մասին՝ սննդի և հագուստեղենի տեսքով՝հավելելով, որ այն շարունակական բնույթ է կրելու:

Հանդիպման վերջում Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը Սփյուռքի նախարարի հետ քննարկեց հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ այսուհետ երկուստեք ավելի սերտորեն կհամագործակցեն Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման շուրջ:

 

Scroll Up