Ավստրալահայ քաղաքագետ Սասուն Գրիգորյանն այցելեց Սփյուռքի նախարարություն
Հունվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի խորհրդի անդամ, քաղաքագետ, կորպորատիվ հարաբերությունների մասնագետ և eBay-ի Ասիական-խաղաղօվկիանոսյան մասի հանրային քաղաքականության ղեկավար Սասուն Գրիգորյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց ավստրալահայ քաղաքական գործչի ակտիվ դիրքորոշումը ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության, ինչպես նաև՝ հայկական համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ վերջին տարիներին իրականացրած աշխատանքը։Նա մասնավորապես նշեց.«Ես տեղյակ եմ Ձեր հայանպաստ գործունեությանը, ձեր առաջարկներին: Կարծում եմ, որ ժամանակն է Սփյուռքը վերակազմակերպել մասնագիտորեն, ստեղծել նոր մասնագիտական ընկերակցություններ:Այդ նպատակն ունեն մասնագիտական համաժողովները:Կարևոր է ծրագիրը ճիշտ կազմել, թեմաները ճիշտ ընտրել և լավ կազմակերպել: Մասնագիտական համահայկական համաժողովների արդյունքում արդեն կազմավորվել են Ճարտարապետների ասոցացիան, բժիշկների, սրտաբանների, լրագրողների, ֆինանսիստների, բանկիրների, իրավաբանների ընկերակցությունները, Հայկական առևտրային ցանցը»:
Սասուն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, պատրաստակամություն հայտնեց ավելի ակտիվ համագործակցել նախարարության հետ, մասնակցել համահայկական համաժողովներին ու նախարարության ծրագրերին։ Նա նախարարին նվիրեց իր վերջին գիրքը, որտեղ արծարծված են Սփյուռքի համայնքների կազմակերպման և ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքի նրբությունները և տրված են գործնական առաջարկներ: