ՀՀ սփյուռքի նախարարությունը հիանալի նախաձեռնություն է սկսել. արգենտինացի լրագրողը միացել է «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը
ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումն արդեն տարածում է գտնում հայկական շրջանակներից դուրս: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ` Արգենտինայում մեծ ճանաչում ունեցող քաղաքական լրագրող, միջազգային մեկնաբան, պրոֆեսոր, գրող և դասախոս Մարիանո Սարավիան նույնպես միացել է նախաձեռնությանը: Նա շարժումը խորհրդանշող ցուցապաստառով լուսանկարվելուց բացի, իր կարծիքն է արտահայտել ծրագրի մասին և քաջալերանքի խոսք հղել հայ ժողովրդին. «Կարծում եմ` ՀՀ սփյուռքի նախարարությունը հիանալի նախաձեռնություն է սկսել` իրակացնելով «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը: Տեղեկանալով այս մասին` անմիջապես որոշեցի իմ ներդրումն ունենալ ծրագրի տարածման, ճանաչելի դարձնելու գործում:
Ինչպես ամիսներ առաջ ասել եմ «Հայերն այսօր»-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ, միշտ պատրաստ եմ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին գտնվել՝ նեցուկ լինելով բոլոր հարցերում:
Այս գաղափարի կյանքի կոչումը շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ` միջազգային լրագրողների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրելու Արցախյան հիմնախնդրին:
Իսկ սփյուռքահայերի և, առհասարակ, հայերի համար Արցախին աջակցելն ինչ-որ չափով պարտականության պես մի բան է. նրանք պետք է մտածեն, թե ինչ ճանապարհներով կարող են օգնել իրենց Հայրենիքի զարգացմանը:
Եվ որո՞նք են այդ ճանապարհները… Պետք է անպայման Արցախ գնալ, լինել Ստեփանակերտում, Հադրութում, Մարտունիում, Շուշիում և մյուս գեղատեսիլ վայրերում: Անհրաժեշտ է տնտեսությունը ամրապնդելու նպատակով ներդրումներ կատարել Արցախում:
Վստահ եմ՝ չկա մի հայ, որ այցելելով Հայաստան`անպայման չմեկնի Արցախ աշխարհ: Դա նշանակում է, որ նրանք հետևողական են իրենց իսկ նկատմամբ:
Սիրելի՛ սփյուռքահայեր, գնացե՛ք Արցախ, տարե՛ք ձեր ներկայությունն այնտեղ, որի միջոցով կնպաստեք Արցախի հզորացմանն ու խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը, ինչպես նաև մեկ անգամ ևս կընդգծեք ձեր հարգանքը Արցախի ժողովրդի հանդեպ: Գրկե՛ք նրանց այնպիսի ջերմությամբ և սիրով, որպեսզի զգան`միայնակ չեն և որպես Սփյուռք` նրանց կողքին եք կանգնած:
Հուսով եմ` կգա այն օրը, երբ նորից Արցախ կվերադառնամ: 10 տարի առաջ եմ եղել այնտեղ և մինչև հիմա հիացած, անչափ տպավորված եմ Լեռնային Ղարաբաղով, հատկապես` Ստեփանակերտով ու Գանձասարով: Երբեք չեմ մոռանա Արցախի չքնաղ բնությունը, հյուրասեր, բարի մարդկանց ու հայաբնակ տարածքները: Եվ հիշենք, որ Արցախը եղել և շարունակելու է հայկական տարածք մնալ»: