«Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրն այս տարի իրականացվել է նաեւ Արցախում

«Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրն այս տարի շարունակել է իր առաքելությունը՝ ընդլայնելով աշխարհագրությունը. դեկտեմբերի 26-ին և 27-ին Բարի Ձմեռ պապն առաջին անգամ այցելել է նաեւ Արցախ:

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտի, Թալիշի, Նոր Հոռաթաղի, Տոնաշենի, Մատաղիսի, Աղաբեկալանջի և Ծաղկաշենի շուրջ 550 նամակագիր երեխաներ, կազմակերպության կողմից ստացել են նվերներ՝ մեծամասամբ նախապես Ձմեռ պապից իրենց խնդրածը:

«Ծրագրի ողջ պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի, ինչպես նաև ԼՂՀ շուրջ 16 հազար 500 երեխաների: Մեխանիզմը հետևյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ, որոնք տեղադրվում են ծրագրի կայքում: Նվիրատու կարող է լինել ամեն ոք. մարդիկ ընտրում են կոնկրետ նամակ և իրենց նախընտրած նամակագրին ուղղում իրենց ցանկացած նվերը: Այսպիսով՝ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների եւ նվիրատուների միջև: Կարդալով նամակը, տեսնելով այն ուղղած երեխայի նկարը` նվիրատուն հասկանում է, որ իր նվերը կոնկրետ հասցեատեր ունի, նվիրատվությունն անձնավորված է»,- ասել է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար Մակար Եղիազարյանը:

«Իրականացան բազմաթիվ երեխաների երազանքներ և, համոզված ենք՝ շատերի մոտ մնաց անջնջելի տպավորություն ու ամրապնդվեց հավատը դեպի բարին՝ ամփոփված Ձմեռ պապի կերպարում: Կայքում նվիրատուների էջերում զետեղվել եւ զետեղվում են նվերների հանձնման պահին արված լուսանկարները, և նվիրատուները կարող են տեսնել փոքրիկների՝ երախտագիտությամբ ու հրճվանքով լի հայացքները: Լինելով նամակագիրների և նվիրատուների միջև կամուրջ՝ մենք փոքրիկների երախտագիտությունն ենք փոխանցում բոլոր այն բարի մարդկանց, ովքեր չեն զլանում մի պահ մտածել ու հոգալ նրանց մասին, ում համար ուշադրությունն ու ջերմությունն առանձնահատուկ կարեւոր են: Խոսքն այն երեխաների մասին է, ովքեր հրավառության փոխարեն լսում են կրակոցներ և առավել քան այլոք զգում են պատերազմի շունչը»,- ասել է ծրագրի համակարգող Ասանեթ Ալոյանը:

Այս տարի, որպես Ծրագրի գործընկեր, մեծապես աջակցել են «Ռոստելեկոմ», «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն, «Արմսվիսբանկ»-ը, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների աշխատակիցներ՝ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից, «Վեբբ Ֆոնտեն» ընկերությունից, պետական հաստատություններից: Ծրագրին աջակցել են նաև հարյուրավոր անհատ բարեգործներ Հայաստանից և Սփյուռքից, որոնք իրենց ողջ սերն ու հոգատարությունն են ներդրել ամեն նվերում:

Scroll Up