«…Հիմա ես աշխատում, ներդրումներ եմ անում ու ապրում  Կյանքի՛, Ազգայի՛ն ամենամեծ գերատեսչությունում՝ հայկական գյուղում».Նադյա Անտոնյան

Նա, ով ցանկություն ունի ինչ-որ  ներդրում անելու Հայաստան աշխարհի հզորացման համար, նպաստելու ազգային  ներուժի համախմբանը  Հայրենիքի շուրջ և Հայրենիքում, միշտ էլ  գտնում է  միջոցներ և կարևոր չէ, որ այդ ներդրումն անպայման  նյութականի  տեսքով լինի, քանզի  պետականության  շարունակական  կերտման աշխատանքում  յուրաքանչյուրի մեկ շյուղն անգամ մեծ ներդրում է, որը կարող է լինել  նաև հայապահպան, լեզվական- կրթական օջախների ստեղծմամբ: Նմաննախաձեռնության հեղինակ է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի տնօրեն Նադյա Անտոնյանը, ում  մեծ ջանքերի ու նվիրումի շնորհիվ Սանահին գյուղում բացվել է «Հայի տուն-թանգարան» կենտրոնը, որի ծառայություններն իրենցում ներառում են հայկական պարի ուսուցում, հայկական լավաշի թխում, ուսուցում, համտեսում, հայկական հարսանիքի, տարբեր ավանդույթների կենդանի ներկայացում՝ հյուրերի մասնակցությամբ, հայկական ազգային տարազների ցուցադրություն (հյուրերը կարող են հագնել հայկական տարազներ, լուսանկարվել), տնական գինիների համտեսում… Սա մի հայկական ավանդական օջախ է, ուր մուտք գործող յուրաքանչյուր ոք զգում է հայոց շունչը,  հայի ազգային  էությունն ու ոգին է ըմբռնում,  այստեղ  թևածում է մաքրամաքուր հայոց լեզուն, այստեղ մեր՝ հայկական դիմագիծն է  ամբողջանում:

…Սանահինը, լինելով  մեր երկրի զբոսաշրջության կարևոր կենտրոններից մեկը, ասես վերակակենդանացել է նորովի,  ու հնչում են արդեն Սանահինի եկեղեցու զանգերը… Գյուղն ապրում է, մարդիկ ասես արթնացել են  թմբիրից,  հոգևոր  արթնության մի յուրօրինակ  շրջան է սկսվել, որի մասին  մեր զրույցի ընթացքում ավելի հանգամանալից  պատմում է  տիկին Նադյան:

-Տիկի՛ն Անտոնյան,  Ձեզ վաղուց եմ ճանաչում՝ իբրև  հայրենասեր մի անհատականություն, ով երբեք չի դադարում  հայրենանվեր աշխատանքներ անել, իր ներդրումն ունենալ հայկական մշակույթի զարգացման ու պահպանման շնորհակալ գործում: Շնորհավորում եմ  նոր  մշակութային կենտրոնի ստեղծման առիթով. խնդրում եմ պատմեք, թե ինչպես ծնվեց այդ կենտրոնը հիմնելու գաղափարը:

– Շնորհակալությո՛ւն: Ձեր կողմից վերը նշված  մտահոգությամբ, հայ մշակույթի, ազգային ոգու պահպանության ու զարգացման նպատակով Լոռու մարզի Սանահին թաղամասում (նախկին գյուղն է)  հիմնադրեցինք մեր «Մեսրոպ Մաշտոց» խոսքի կենտրոնի սանահինյան մասնաճյուղը, որը մեծ ոգևորությամբ ընդունեցին գյուղի բոլոր բնակիչները, հատկապես՝ երեխաները, ովքեր նվիրյալն են դարձել մեր կենտրոնի. միայն տեսնել է պետք այդ երեխաներին՝ հրա՛շք են, շատ ընդունակ, տաղանդավոր: Այստեղ տեղին է հիշել  Նժդեհի տողերը.«Ազգային ոգին ննջում է յուրաքանչյուր հայի երակներում, պետք է արթնացնե՛լ երակների մեջ գերհային, և հաղթանակը երաշխավորված է»: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում թե՛ գյուղի բնակիչների, թե՛ հյուրերի համար  մենք  ներկայացրեցինք  թումանյանական մի համակցություն-կոլաժ. տեսնել էր պետք, թե ի՜նչ սիրով  սովորեցին այդ երեխաները: Կենտրոնում ընդունելությունն ազատ է, տարիքային սահմանափակումներ չկան:

-Հնարավո՞ր է, որ այդ տուն–թանգարանը դառնա ՝ տուն-թանգարան-ինստիտուտ,գուցե  Դու՞ք լինեք այդ եռամիասնության գաղափարն իրականացնողը, ուր այսօր հաճախող երեխաները, մեծանալով, մասնագիտական կրթություն ստանալով, հետագայում այդ ինստիտուտում կկատարեն գիտական ուսումնասիրություններ, հնարավոր է՝ նաև ստեղծեք մեծ գիտական գրադարան

-Շատ հետաքրքիր գաղափար տվեցիք և, այո՛, հնարավոր է, որ այդպես էլ լինի: Ասեմ,  որ այս ներդրած գաղափարը, որն արդեն երկու ամիս է, ինչ դարձել է իրականություն, բավականին աշխատատար էր, որովհետև այնտեղ ոչ մի հնարավորություն չկար, դա ամուսնուս հայրական տունն էր , որը վերանորոգել ենք, ստեղծել ենք բակ, միջավայր, առաջ ենք գնացել՝ ստեղծելով  վերնատուն, ամառային դահլիճ, բեմ, ուր երեխաները սիրով են հաճախում: Դա հայկական տուն է, հայկական ավանդական միջավայր՝ իր ձևավորմամբ, հին հայկական կահկարասիով, ուր մարդիկ հայտնվում են ասես 19-րդ դարի վերջերի, 20-ր դարի սկզբների հայկական միջավայրում:  Ներկայացնում ենք նաև տոհմածառը: Դա մի ավանդական ընտանիքի տուն է եղել , ուր 7 երեխա է ծնվել,  մեծացել, և բոլորն էլ ստացել են բարձրագույն կրթություն: Այդ տուն-թանգարանը կոչվում է Րիցանց տուն. ամուսնուս գերդաստանն անվանել են Երեցանց, Հովհաննես պապը երեց է եղել, ուստի  տեղի բարբառով, արտասանությամբ՝ Րիցանց  են ասում:Այստեղ ոչ միայն խոսքի, մշակույթի ուսուցում է տարվում, այլև ներկայացնում ենք մեր ժողովրդի, մեր ազգի հոգևոր ու մշակութային, բարոյական արժեքները,  պատմաբարոյական կառուցվածքը, տոհմածառն ենք ներկայացնում մատաղ սերնդին ու հյուրերին. ես ուզում եմ հատկապես երեխաներին, երիտասարդներին  ասել, ուսուցանել, նրանց գիտակցության մեջ ամրագրել այն, որ ամեն ինչ չէ, որ միայն նյութից ու նյութականից է կախված: Իմ ամուսնու ծնողներն անգրագետ մարդիկ են եղել՝ եզնարած, սակայն ստեղծել են այդպիսի տոհմածառ, որովհետև նրանց մեջ խտացված է եղել կյանքի խոր փիլիսոփայությունը: Համոզված եմ, որ ընդամենը երկու ամսվա պատմություն ունեցող այս կենտրոնը մի քանի տարի հետո ավելի  կընդարձակվի: Այստեղ մենք կարողանում ենք  համախմբել ազգային ներուժն  ու գործարկել  այդ ներուժը՝ ի շահ Հայաստանի զարգացման: Սա՛ էլ  ներդրում է Հայրենիքի ներսում, Հայրենիքի համար:

-Բնականաբար, կողքի գյուղերից, Սանահին քաղաքից լսել են այդ կենտրոնի մասին.  արդյոք ցանկություն չե՞ն հայտնում ՝ իրենց գյուղերում էլ նման կենտրոն հիմ նելու, չե՞ն գալիս, չե՞ն հետաքրքրվում, Մաշտոց կենտրոն հաճախելու ցանկություն ունեցող երեխաներ  չե՞ն դիմում Ձեզ:

-Իհարկե՛, գալիս են, հետաքրքրվում են, արձագանքներն ու ցանկությունները շատ են,  ուղղակի ժամանակը կարճ էր, որովհետև ընթանում էին նաև շինարարական աշխատանքներ : Հետագայում գուցե հնարավորություն լինի  այլ գյուղերում էլ ունենալ մասնաճյուղեր: Սանահինյան մեր ծրագրերի մեջ մտնում է դեռևս Երևանի մեր կենտրոնում  սկսված՝ Եղեռնազարկից հայազորացում  խորագրով ծրագիրը,որըհամահայկական մի շարժում է. ես կարծում եմ, որ 100-101 տարի անց մենք պետք է անցնենք մի այլ փուլի՝ հզորացման: Ունենք ֆեյսբուքյան այդպիսի էջ, որին պետք է մասնակցեն բոլոր հայերը, պետք է կարդան կամ ընթերցեն մի հատված հայ գրողների գործերից ՝ արձակ կամ չափածո. հայոց լեզուն ու գրականությունը հայազորացման կարևոր նախապայմաններից են: Ես ուղերձով դիմել եմ աշխարհասփյուռ հայությանը, և արդեն կան շատ արձագանքներ, մասնակիցներ ունենք տարբեր երկրներից: Սա մի շարժում է, որն ունի նաև իր քաղաքական աստառը, այն է՝ գյուղում պահել գյուղացուն, որպեսզի չդատարկվեն մեր բնակավայրերը: Գյուղն ու գյուղացին մեր բնաշխարհն են , մեր բանահյուսությունը, մեր հայկական գույները: Ես վարպետության դասերը փոխարինեցի բարության դասերով. հավաքեցի իմ շուրջ գյուղի տատիկներին, զրույցներ ունեցանք, որոնք, հիրավի, բարության ու իմաստության դասեր են: Ես Երևանում տարիներ շարունակ աշխատել եմ  տարբեր գերատեսչություններում, հիմա աշխատում, արարում, ներդրում եմ անում  և ապրում եմ Կյանքի՛, Ազգայի՛ն ամենամեծ գերատեսչությունում՝ հայկական գյուղում. 10 ամիս է՝ գյուղում եմ  և ասես վերածնվել եմ, ավելի իմաստնացել ու  զուլալ ակունքներից եմ կրկին սկսում իմ Սկիզբը: Գյուղն ու գյուղացիներն այնքա՜ն լավն են, պետք է շա՛տ սիրենք նրանց, մի հոգևոր կայծ, ու բոլորը հավաքվում են, գալիս են, օգնում:

-Ասացիք՝  հոգևոր կայծ, ու ես ցանկանում եմ անդրադառնաք Ձեր ընտանիքի, գերդաստանի կողմից եկեղեցու վերականգնված զանգերի պատմությանը ևս:

-Նախ՝ ասեմ, որ տուն-թանգարանի պաշտոնական բացումն էլ դեռևս չի եղել. նախատեսում ենք գարնանը  և՛ այդ միջոցառումն իրականացնել, և՛ եկեղեցու զանգերի օծման արարողությունը: Զանգերի տեղադրման գաղափարն իմն էր, իսկ զանգերի տեղադրումն իրականացրել ենք Մարտիրոսյանների՝ ամուսնուս և իր գերդաստանի, «Ռոսգոսստրախ»-ի օգնությամբ: Այդ մասին տեղյակ ենք պահել նաև  Լոռու մարզպետին, ով միջնորդագիր գրեց: Շնորհակալ ենք Մարտիրոսյանների բոլոր թոռներին, ողջ գերդաստանին,  գումարը փոխանցող «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը, Լոռու մարզպետին: Ես ասես չորրորդ զավակի ծնունդ ունեցա: Զանգերի ղողանջից  մի տեսակ զարթոնք ապրեց ժողովուրդը: Զանգերը պատվիրեցինք Ռուսաստանի Դաշնությունում: Սանահինի այդ գյուղը զբոսաշրջային արժեք ունի, այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, աշխարհի տարբեր ծայրերից գալիս են այստեղ. այստե՛ղ է եղել առաջին համալսարանը, այն հոգևոր մեծ արժեք ունի, ուստի զանգերն անհրաժեշտ էին, նաև հոգևոր հովվի առկայությունն է պարտադիր:

-Տիկի՛ն Նադյա, Դուք այսօր Սփյուռքի նախարարությունում հյուր եք, սակայն՝ հնաբնակի, «համասեփականատիրոջ» իրավունքով. գիտեմ, որ մշտապես նախարարության ծրագրերին մասնակից լինելու, արձագանքելու  առաքելությունն  ունեք. ինպե՞ս և ի՞նչ գործերով մասնակից դարձաք նախարարության  նախաձեռնած «Դո՛ւ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:

-Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնը ստեղծման օրվանից սկսած՝ իր ուշադրության կենտրոնում միշտ ունեցել է Արցախ աշխարհը. մենք բազմիցս բարեգործական համերգներ, մեծամասշտաբ միջոցառումներ ենք իրականացրել Արցախում: Պատերազմից հետո  Շուշիում բեմադրել ենք Ռուզան Ասատրյանի «Շուշի» ստեղծագործությունը: Մեր ֆիլմերից մեկը՝ ըստ «Շուշի» վիպերգի, նկարել ենք Ղարաբաղում, որի համար Արցախի կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեզ պատվոգրի արժանացրեց: 25 երիտասարդի 7 օրով հատուկ տարել եմ Ղարաբաղ՝ ճանաչելու ղարաբաղցուն ու Ղարաբաղը և նրանց գիտակցության մեջ ամրագրել, որ Ղարաբաղն ու Հայաստանը մենք բոլորս ենք և մեկ միասնություն ենք: Հիմա  էլ Սանահինի Մեսրոպ Մաշտոց կենտրոնում Ղարաբաղաճանաչողության ծրագրեր եմ անում: Հայրենաճանաչողությունը, ներդրումները Հայրենիքի բոլոր անկյուններում, լեզվի ու մշակույթի , արվեստի պահպանության  հարցերը մշտապես պետք է լինեն մեր կյանքի  գերագույն նպատակը: Հայրենիքը պետք է պահպանել, զորացնել  և ոչ միայն մեռնել Հայրենիքի համար, այլև՝ ապրել Հայրենիքի համար:  Հայրենասիրությունը դարձնենք ապրելու հոմանիշ:

 – Տիկի՛ն  Անտոնյա՛ն, շնորհակալությու՛ն անչափ հետաքրքիր, բովանդակալից, արժեքավոր հարցազրույցի համար, արգասաբեր  շարունակական ընթացք եմ մաղթում Ձեր հայրենանվեր բոլոր ձեռնարկներին:

Կարինե Ավագյան

%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d6%80%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d6%801 %d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d6%802%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d6%803

 

 

 

Scroll Up