Հրանուշ Հակոբյանը Լիբանանում մասնակցել է Գերսամ Ահարոնյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/naxarar-1.jpg)
Դեկտեմբերի 11-ին Լիբանանում «Թեքեյան» մշակութային միության հովանավորությամբ և ՌԱԿ «Զարթոնք» օրաթերթի կազմակերպմամբ կայացել է վաստակաշատ մտավորական, Լիբանանի Թեքեյան մշակութային միության համահիմնադիր, ՀԲԸՄ-ի վետերան անդամ, ՌԱԿ կարկառուն ներկայացուցիչ Գերսամ Ահարոնյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսություն: Հանդիսությանը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այս տարի լրացավ «Զարթոնք»-ի 31 տարիների խմբագիր Գերսամ Ահարոնյանի ծննդյան 100 և մահվան 35 ամյակները, և մեր պարտականությունն էր անդրադառնալ այդ հոբելյաններին: Մեր փափագն էր նաև, որ միջոցառմանը ներկա լինի նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ուրախ ենք, որ նա սիրով ընդառաջեց մեզ,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը և հավելեց,- Ձեռնարկը կազմակերպվել էր Թեքեյան կենտրոնում, որտեղ աշխատել է Գերսամ Ահարոնյանը: Դահլիճում, որտեղ հավաքված էին հիմնականում նրա գործընկերներն ու աշակերտները, կարծես զգացվում էր Գերսամ Ահարոնյանի շունչը և հոգեկան ներկայությունը»:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ներկայացուցիչ Նորայր եպիսկոպոս Աշկարյանը, Ավետարանական համայնքից վերապատվելի Փոլ Հայդոստյանը, Լիբանանի Կաթողիկե համայնքից գերապայծառ Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը և այլք:
Ձեռնարկի սկզբում Վահան Թեքեյան դպրոցի աշակերտները կատարել են Լիբանանի, Հայաստանի և ՌԱԿ-ի օրհներգները: Այնուհետև «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տեղեկություններ է փոխանցել Գերսամ Ահարոնյանի կյանքի և գործունեության մասին:
Բացման հայտագրից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ կարևորելով հայրենանվեր ազգային գործիչների շարքում Գերսամ Ահարոնյանի դերն ու վերջինիս ավանդը Սփյուռքի կազմավորման և հայկական մամուլի վերելքի մեջ:
«ՌԱԿ-ի պաշտոնաթերթ «Զարթոնք»-ի խմբագրի պատասխանատու պաշտոնը ստանձնելով՝ Գերսամ Ահարոնյանն իր փորձառությամբ ու ինքնաշխատությամբ կուտակած գիտելիքներով նպաստեց թերթի զարգացմանը, դրսևորեց ուրույն դիմագիծ և հակառակ Լիբանանում տիրող պատերազմական իրավիճակին՝ օրաթերթն իր գլխավորությամբ շարունակեց անխափան գործել:
Ազգային նվիրյալ գործիչը խորապես գիտակցելով սփյուռքահայության գոյության անհրաժեշտությունը և հիմք ընդունելով լեզվի պահպանման հրամայականը, խմբագրապետի իր գրչով նոր դրոշմ հաղորդեց սփյուռքահայ մամուլի ձևավորմանը։ Նա իր խմբագրականներով աչքի ընկավ՝ որպես իր օրերի ուղղամիտ առաջնորդներից մեկը՝ իր ընթերցողներին տոգորելով հայրենիքի գոյատևման ու հզորացման հեռատեսությամբ»,- ասել է ՀՀ սփյուռքի նախարարը:
Այնուհետև ներկաները հնարավորություն են ունեցել լսելու Գերսամ Ահարոնյանի ձայնը՝ 1970 թվականին արտասանած նրա ոգեշունչ ճառը:
Օրվա առաջին բանախոս Զավեն Մսրյանը անդրադարձել է Գերսամ Ահարոնյանին՝ որպես Հայ դատի ռազմիկ, իսկ Արամ Սեփեջյանը՝ որպես ՌԱԿ անխոնջ մտավորական:
Բանախոսների ելույթներին հաջորդել է գեղարվեստական հայտագիրը: Ներկաները երաժշտական քառյակի մատուցմամբ հնարավորություն են ունեցել ունկնդրելու Կոմիտասի ստեղծագործություններից:
Այնուհետև ներկաները ունկնդրել են Գերսամ Ահարոնյանի աշակերտների և գործընկերների՝ Գասպար Տերտերյանի, Համո Մոսկոֆյանի, Զվարթ Նաջարյանի, Կարո Հովհաննիսյանի, Վիգեն Չերչյանի հուշերը և վկայությունները իրենց ուսուցչի և գործընկերոջ մասին:
Միջոցառումը եզրափակել է Հակոբ Կասարջյանը՝ ներկայացնելով Գերսամ Ահարոնյանի դերը Լիբանանի Թեքեյան մշակութային միության հիմնադրման մեջ: