Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով

Դեկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին:

Սփյուռքի նախարարը շնորհավորեց Սրբազանին ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով՝ նշելով. «Անգնահատելի է Ռաֆայել սրբազանի՝ Հայաստանում և Սփյուռքում ծավալած բազմաբնույթ գործունեությունը, որը բխում է համահայկական շահերից և ուղղված է հայապահպանությանը, սերունդների քրիստոնեական, հայեցի դաստիարակությանը, կարիքավորների սոցիալական խնդիրների լուծմանը: Շնորհակալություն եմ հայտնում նրան՝ Սփյուռքի նախարարության հետ իրականացրած երկարատև բազմաբեղուն աշխատանքների համար: Երբ 2012 թվականին սիրիական պատերազմի պատճառով դեպի Հայաստան սկսվեց սիրիահայերի հոսքը, Կաթողիկե եկեղեցին մեր ամենահուսալի և լավագույն գործընկերներից մեկը դարձավ և նեցուկ եղավ Հայաստան տեղափոխվող սիրիահայերին՝ նրանց  կացարան տվեց իր հարկի տակ, օգնեց աշխատանքի տեղավորման,  առողջապահական,  սոցիալական և տարաբնույթ այլ հարցերում»:

Նախարարն անդրադարձավ նաև Ռաֆայել սրբազանի՝ Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես՝ Գյումրիում կաթոլիկ եկեղեցու կառուցման, հաշմանդամների համար կենտրոն ստեղծելու, և Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ 2016 թվականի հունիսի 24-26-ը Հայաստան կատարած այցի կազմակերպմանը  ակտիվ  մասնակցելու համար:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայրենիքին և սփյուռքին մատուցած ծառայությունների, սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նշանակալի ներդրում ունենալու, տարբեր բնագավառներում լայնածավալ ծրագրերի իրականացման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար Սփյուռքի նախարարը Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության  Ոսկե հուշամեդալով:

Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին բարձր պարգևի համար: Նա նշեց, որ շարունակելու է համագործակցել նախարարության հետ, նվիրումով աշխատել և տարբեր ծրագրեր իրականացել: Սրբազանը ներկայացրեց Արտաշատում կառուցվող «Երեխաների քաղաք» դպրոցի ստեղծման ծրագիրը: Դպրոցում մեկտեղելու են Հայաստանում ապրող անապահով ընտանիքների երեխաները, որոնք հիմնարար գիտելիքներ են ստանալու: Արդեն 300 երեխա ցանկություն է հայտնել սովորելու այդ դպրոցում:

«Հուսով եմ՝ դպրոցի կառուցմանը կաջակցի նաև Սփյուռքի նախարարությունը: Նպատակս է, որ մանուկները, երիտասարդները կարողանան ապրել զարգացած և ապահով Հայաստանում»,- եզրափակեց  Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Ի նշան արդյունավետ համագործակցության՝ Ռաֆայել սրբազանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին փոխանցեց Հայ Կաթողիկե եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» մեդալը:

%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b42%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b41

Scroll Up