ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Բելգիայում

Նոյեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել Բրյուսելում: Հանդիպումների ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարին ուղեկցել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Առավոտյան նախարարն այցելել է Բրյուսելի հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենելյուքսի փոխանորդ Հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի և ծխական խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել եկեղեցու հոգևոր այրերը, դպրաց և սարկավագաց դասը, երգչախմբի անդամները, եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ Գրիգոր Պողոսյանը: Հանդիպմանը քննարկվել են բելգիահայ համայնքի իրավական կարգավիճակին, համայնքային կյանքին և ապագա անելիքների առնչվող հարցեր:

Երեկոյան Բրյուսելի Հայ տանը կայացել է հանդիպում, որին ներկա էին Բելգիայի հայկական կազմակերպությունների, միությունների, համայնքի շուրջ 200 ակտիվ անդամներ: Հանդիպման սկզբում  ՀՀ սփյուռքի նախարարը տեսանյութերի միջոցով ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության հայեցակարգային մոտեցումները, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը, իրականացրած աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Ապրիլյան պատերազմի օրերին համայնքի կողմից ցուցաբերված նյութական և ֆինանսական աջակցության համար Հրանուշ Հակոբյանը Բելգիայի հայ համայնքին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիր: Նախարարը խոսել է նաև «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման մասին՝ կոչ անելով բելգիահայերին ևս միանալ այս շարժմանն ու մշտապես զորավիգ լինել Արցախի ժողովրդին, նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, տնտեսության զարգացմանը, սոցիալական, մշակութային խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին: Այնուհետև Սփյուռքի նախարարը պատասխանել ներկաների հարցերին:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր է հանձնել Հայ տանը կից գործող հայկական դպրոցի երկու ուսուցիչների՝ Լիանա Մելքոնյանին և Հռիփսիմե Հարությունյանին:

12 34

Scroll Up