Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Գրենոբլի հայկական համայնք
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 27-ին, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է Գրենոբլ քաղաքի հայկական համայնքային կառույցների ղեկավարների և անդամների հետ:
Հրանուշ Հակոբյանը նախ հանդիպում է ունեցել Գրենոբլում գործող հայկական ասոցիացիաների նախագահների հետ, որոնք հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունը, ծրագրերն ու կատարած աշխատանքները:
Հանդիպմանը հաջորդել է հայկական մշակույթի տան հանդիսությունների հայաշատ սրահում կայացած ջերմ ընդունելությունը:
Երեկոն իրենց գեղեցիկ կատարումով բացել են հայ մանուկները, որին հաջորդել է Գրենոբլի մշակույթի տան նախագահ Սիրանույշ Խաչատրյանի ողջույնի խոսքը: Այնուհետև ներկաները դիտել են հայկական մշակույթի տան գործունեության մասին պատմող ֆիլմ:
Իր ելույթի ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները, 2018 թվականին նախատեսված միջոցառումները:
Ելույթի վերջում Հրանուշ Հակոբյանը հայապահպանության գործում ունեցած ավանդի համար նախարարության շնորհակալագրեր է հանձնել մշակույթի տան ուսուցիչներին:
Երեկոն եզրափակվել է հյուրասիրությամբ և Սփյուռքին հուզող հարցերի քննարկմամբ: