«Ինձ համար լավ հայը նա է, ով սրտով է սիրում Հայրենիքը». Շաքե Թումայան

ՀՀ սփյուռքի նախարարության դռները միշտ բաց են Հայրենիք վերադարձող և Հայրենիքում հյուրընկալվող յուրաքանչյուր հայի համար. նրանցից շատերը՝ դաժան ճակատագրի բերումով օտար ափերում հանգրվանած, Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների սերունդները, որտեղ էլ, որ ծնվել ու մեծացել են, իրենց հոգու և սրտի խորքում մշտապես կրել են Հայաստանի պատկերն ու փայփայել մի օր Հայրենիքում հաստատվելու հույսը, վերջնական որոշման արդյունքում՝ Հայաստանում տեղափոխվելու և իրենց կյանքի մնացած բոլոր տարիներն այստեղ ապրելու: Նրանցից մեկն էլ իմ զրուցակից լիբանանցի Շաքե Թումայանն է, ում հետ հարցազրույց ունեցա «Հայերն այսօր»-ի խմբագրությունում: 

-Շաքե՛, բարով եք եկել Հայրենիք, թո՛ղ հետագայում Հայաստանում հիմնավորվելու Ձեր ցանկությունն ու որոշումը շուտափույթ իրագործվեն ու դառնան մի նոր ու հետաքրքիր կյանքի սկիզբ : Ե՞րբ և ինչպե՞ս կայացրեցիք Հայասատանում տուն գնելու, հիմնավորվելու որոշումը:

-3-4 տարի առաջ, երբ եկել էի Հայաստան՝ պտույտի, երբ Հայաստանի քաղաքացու անձնագիր ստացա, հենց ա՛յդ ժամանակ էլ կայացրեցի Հայրենիք տեղափոխվելու որոշումս. զգացի, որ իմաստ չունի այլևս ուրիշ երկրի մեջ ապրել, մանավանդ վերջին օրը, երբ օդանավակայանում էի, մտածում էի, թե՝ այս ո՞ւր եմ գնում, ի՞նչ գործ ունեմ Լիբանանում: Անձագիր ստանալու օրը վճռորոշ դարձավ. մեկ վայրկյանում Լիբանանում ապրածս 47 տարիների զգացումներս հօդս ցնդեցին, կարծես ամբողջ կյանքս այստեղ էի ապրել:

…Լիբանանում և՛ տուն ունեմ, և՛ աշխատանք, հարազատներ, ընկերներ, սակայն այնտեղ ես արդեն ապրում եմ ասես զբոսաշրջիկի նման: Այս տարվա սեպտեմբերին եկա Հայաստան՝ նաև տուն փնտրելու նպատակով: Արդեն Հայաստանում տուն եմ գնել, և սա էլ ներդրում եմ համարում Հայրենիքում: Ապրելու համար ընտրեցի Աշտարակ գեղատեսիլ քաղաքը: Սկզբում բացեցի Երևան քաղաքի քարտեզը, ծանոթացա բոլոր թաղամասերին, դրանց շրջակա տեսարաններին, գնային քաղաքականությանը, անշարժ գույքի գործակալությունների միջոցով շատ տներ նայեցի, տեսա, որ քաղաքում կանաչը քիչ է, շենքերի շքերթ է, օդը մաքուր չէ, աղմուկը շատ է, բնակարանների գները թանկ են…հետո գնացի Աշտարակ, ուր ինձ ցույց տվեցին այսօրվա տունս: Շատ հավանեցի կանաչախիտ Աշտարակը, ուր օդը մաքուր է, տան գինն ավելի մատչելի էր, ուրախացա, որ ամեն տեղից երևում է Մասիսը, պատուհանիցս երևում է Սուրբ Կարմրավոր եկեղեցին: Տանս դիմաց պտղատու ծառերով 1300 մետր այգի է: Տուֆ քարից պատրաստված երկհարկանի տուն է, հիմա ներսում մի քիչ փոփոխություններ եմ անում, վերանորոգում եմ: Ես քաղաքներում չեմ սիրում ապրել. քաղաքներում կյանքն անընդհատ շարժման մեջ է, անհանգիստ, աղմկոտ, ավելի հանդարտ բնակավայր եմ սիրում: Լիբանանում ես աշխատում եմ Բեյրութում, սակայն արվարձանում եմ ապրում: Կարևորը, որ Աշտարակը Երևանից հեռու չէ, այս նոր կառուցած ճանապարհով մեքենայով 18 րոպեում կարելի է Երևան հասնել, որովհետև իմ ոտքս քաղաքում շատ պետք է լինի, Երևանում շատ գործեր կունենամ:

-Ի՞նչ մասնագիտություն ունեք, Շաքե՛, Հայաստան տեղափոխվելու մտադրությունից ելնելով՝ մտա՞ծել եք Երևանում, Աշտարակում աշխատանք գտնելու մասին:

-Ես երկու տարեկանից գիշերօթիկում՝ «Թռչնոց բույն» -ում եմ մեծացել. 8 տարի այնտեղ եմ եղել, ավարտել եմ Մելքոնյան կրթական հաստատությունը, Բեյրութում մի շինարարական ընկերությունում վարչական աշխատանք եմ կատարում, գրասենյակի ընդհանուր պատասխանատուն եմ: Մինչև Հայաստան տեղափոխվելը՝ պետք է աշխատանք գտնեմ:

-Շաքե՛, երբ Դուք Հայաստանում տուն գնելու, հետագայում հիմնավորվելու որոշում կայացրեցիք, Ձեր հարազատները, ընկերներն ինչպե՞ս արձագանքեցին:

Բոլորը ողջունեցին իմ ընդունած որոշումը. շատերը նեղվում են, որովհետև իրենք էլ շատ մեծ ցանկություն ունեն, սակայն մեծ ընտանիքներ են, պետք է բոլորի համաձայնությունը լինի, նյութական միջոցները պետք է բավարարեն, որպեսզի Հայաստանում կարողանան տուն գնել: Իմ եղբոր երկու զավակները Լիբանանում համալսարանի ուսանողներ են, եղբայրս սպասում է, որ երեխաներն ավարտեն ուսումը և իրենք էլ գան Հայաստան: Քույրերս, եղբայրներս, բոլո՛րը կուզեն գալ:  Այնտեղ եղբորս մեկ զավակի ուսման վարձը տարեկան կազմում է 20 հազար դոլար, երկու զավակի համար եղբայրս վճարում է 40 հազար դոլար, իսկ ես իմ տունն ու հողամասը գնեցի այդքանով: Եղբայրս ասում, եթե 10-15 տարի առաջ Հայաստանի անձնագիր ունենային և գիտենային, որ դրությունն այսպես լավ է լինելու, շուտ կգային, երեխաներն էլ այստեղ Ամերիկյան համալսարանում կսովորեին՝ ավելի մատչելի գներով: Իմ պարագայում ավելի դյուրին է որոշում կայացնելը, որովհետև միայնակ եմ, ամուսնացած չեմ, ծնողներս մահացել են:

-ՀՀ սփյուռքի նախարարության մասին ի՞նչ գիտեիք:

-Վատ եմ զգում, որ չեմ հետաքրքրվել Սփյուռքի նախարարությունով, նրա գործունեությամբ, տեղյակ չեմ եղել, որ կա «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական. ընկերուհիս ինձ ուղղորդեց, և Սփյուռքի նախարարն ինձ շատ ջերմությամբ ընդունեց, զրուցեցինք: Ես առաջարկ ունեմ. դրսից եկողներից ոչ բոլորը կարող են ինքնուրույն տուն գնել, փնտրել լավ թաղամաս, լավ կլինի, որ այդ հարցում նախարարությունում ուղղորդող մարմին լինի:

-Ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեր աչքերով, հա՛յը և ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Հայաստանն ու հային:

– Նախ ասեմ , որ Հայաստանն ու հայն իրար հետ ոչ մի կապ չունեն. երկիրն՝ առանձին, ժողովուրդն՝ առանձին: Հայաստանը դրա՛խտ է, ոչ մի բանի պետք չունի: Ամեն ինչ գեղեցիկ է Հայաստանում. Հայրենիքս նման է առավոտյան քնից արթնացող մի տիկնոջ, ով առանց լվացվելու և շպարվելու էլ շատ գեղեցիկ է: Գեղեցիկ են պատմամշակութային հուշարձանները, բոլոր տեսարժան վայրերը, Երևանի լայն փողոցները, Հանրապետության հրապարակը, երգող շատրվանները…Ես շատ եմ եկել Հայաստան, սակայն ամեն այցիս ինձ թվում է, թե նոր եմ եկել և չեմ հասցրել տեսնել ամեն ինչ. դա, իրո՛ք, այդպես է. մի ամբողջ տարին չի բավականացնի՝ տեսնելու Հայաստանի բոլոր անկյունները, չքնաղ, գողտրիկ վայրերը: Գնում են Հայաստանից՝ կարծելով, թե ուրիշ տեղ լավ է, թե ուրիշ երկրներում դոլարները ծառերից կախված են: Ազատ քայլում ես Երևանի փողոցներով, անցնում գեղեցիկ պուրակներով, շրջում տեսարժան վայրերով…Այստեղ մրգերը, բանջարեղենը, միսը մաքուր են, բնական, ուրիշ է ջուրը, օդը…Մեր Հայրենիքն ամենից լավն է, միայն աշխատանք լինի, ուրիշ բան պետք չէ: Ինչ վերաբերում է հայի տեսակին, ասեմ, որ ինձ համար լավ հայը նա է, ով սրտով է սիրում Հայրենիքը: Ես սրտի՛ն եմ նայում:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up