«ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալն իմ կյանքում նոր ու կարևոր փուլ էր». սիրիահայ ակնաբույժ
«Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է երեք ամիս առաջ Սիրիայից հայրենադարձված ակնաբույժ Ժանին Սրուրյանի հետ: Զրույցի ընթացքում Ժանինը պատմել է իր անցած ճանապարհի և այսօր Հայաստանում ծավալած բժշկական գործունեության մասին:
-Երեք ամիս առաջ եմ Սիրիայից Հայաստան եկել: Ակնաբույժ եմ և այստեղ արդեն ունեմ իմ սեփական ակնաբուժական Srourian eye centre կլինիկան, որը գտնվում է «Ցիտադել» բիզնես-կենտրոնի 2-րդ հարկում: Աշխատում եմ միայնակ, ունեմ մեկ օգնական: Կատարում եմ նաև վիրահատություններ: Բժշկական կրթությունս ստացել եմ Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում , մասնագիտացել եմ Սիրիայում, ուր երկար տարիներ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, ունեմ 18 տարվա աշխատանքային փորձ: Աշխատելուն զուգահեռ՝ շարունակ կատարելագործվել եմ արտասահմանում. բոլոր մասնագիտություններն էլ ժամանակի ընթացքում կատարելագործման անհրաժեշտություն ունեն: Սիրիայում ես աշխատում էի պետական կառույցներում, աշխատել եմ առողջապահական կազմակերպություններում,սակայն դարձյալ ունեի իմ սեփական կլինիկան, որն այսօր, բարեբախտաբար, դեռ կանգուն է, չի վնասվել պատերազմական գործողությունների հետևանքով: Սիրիայում մի հետաքրքիր ծրագիր կար, որով նախատեսվում էր պայքարել կուրության դեմ. այն պետք է տևեր մինչև 2020 թվականը, սակայն պատերազմը բոլոր ծրագրերն իրար խառնեց, շատ նախաձեռնություններ չիրագործվեցին: Մենք ստիպված էինք աշխատել կրակոցների, հրթիռների, արկերի պայթյունների որոտի ներքո: Հաճախ հրթիռներ էին ընկնում մեր կլինիկայի մերձակայքում, և մենք հ՛ենց այդ պայմաններում էլ աշխատում էինք: Հիվանդներ ունեինք, որոնց աչքերը մեխանիկական վնասներ էին ստացել արկերի բեկորների փշուրներից:
-Բժշկուհի՛ ժանին, Սիրիայի պատերազմի ավարտից հետո կվերադառնա՞ք ծննդավայր….
-Ես չգիտեմ, թե վաղն ինչ կլինի և դեռևս որոշակի պատասխան չեմ կարող տալ Ձեր հարցին:Այնտեղ էլ միշտ ունեցել եմ աշխատանք և շատ հիվանդներ, այստեղ էլ՝ նույնը. ժամանակը ցույց կտա:
-Ո՞ւմ հետ է ավելի դյուրին աշխատել՝ մեծերի՞, փոքրերի՞….
-Բոլորի հետ էլ դյուրին է, եթե հոգեբանորեն մոտենաս հիվանդին, փորձես հասկանալ նրա ցավը, սիրալիր և մասնագիտորեն մոտենաս , բայց ավելի պարզ բառերով ներկայացնես իրավիճակը, հիվանդության աստիճանը. չէ՞ որ խոսքը ամենաթանկ զգացողություններից մեկի՝ աչքի լույսի մասին է…Փոքրերին համոզում եմ , զրուցում իրենց լեզվով, իսկ մեծերն, ավելի տարեցները շատ կարիք ունեն գուրգուրանքի, հոգատարության, որը մեր աշխատանքի, բուժման մի մեծ ու կարևոր մասն է կազմում:
-ժան՛ին, տեսողական ի՞նչ խնդիրներով են ավելի հաճախ դիմում:
-Խնդիրները շատ են և բազմաբնույթ , որոնք նաև այլ հիվանդությունների հետևանք են, սակայն գերակշռում են գլաուկոման և կատարակտը: Ցավով պետք է նշեմ ,որ մեր այցելուներից շատերն արդեն գալիս են այնպիսի փուլում, որ հնարավոր չի լինում լիարժեքորեն վերականգնել կորցրածը, բուժել. խոսքը հատկապես շաքարախտով հիվանդների մասին է, որոնցից շատերի մոտ առկա է լինում ցանցաթաղանթի բարդացած վիճակ, արդեն կտոր-կտոր այն պոկված է լինում: Եթե մարդն ունի այդ հիվանդությունը, ապա նա պարտավոր է հաճախ ստուգել աչքի հատակը և չսպասել այնքան, որ հասնի կուրության: Միշտ էլ ժամանակին դիմելը օգտակար կլինի և չի հանգեցնի անդառնալի հետևանքների:
-Որտե՞ղ եք ավելի շատ տեսողական խնդիրներով մարդկանց հանդիպել՝ Սիրիայո՞ւմ, Հայաստանո՞ւմ. արդյոք աշխարհագրական տարածքն այս հարցում էական նշանակություն ունի՞:
-Սիրիայում տեսողական հարցերով դիմողներն անհամեմատ շատ էին:
-Դուք Հայաստանի քաղաքացիություն ունե՞ք…
–Ես հաճախ եմ այցելել Հայաստան, այստեղ ազգականներ ունեմ , ընկերներ, Հայաստանում եմ սովորել, 2011-ից Երևանում արդեն բնակարան ունեի, սակայն մի բան պակասում էր , մի չիրագործված երազանք ունեի …Դեռ նոր էր ընդունվել քաղաքացիություն ստանալու մասին օրենքը, և ես առաջին երջանիկներից մեկն էի, որ ստացա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Մենք միշտ երազել ենք ունենալ անկախ Հայաստան ու լինել այդ անկախ երկրի քաղաքացիները: ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալն իմ կյանքում մի նոր ու կարևոր փուլ էր, ես կասեի ավելին՝ մեծ տոն: Ես շատ եմ սիրում իմ ծննդավայր Սիրիան, առավել սիրում եմ Հայրենիքս, որտեղ այժմ բնակվում եմ և անց եմ կացնում կյանքիս երկրորդ կեսը:
-Լինելով տարբեր երկրներում, մասնագիտանալով ու կատարելագործվելով լավագույն մասնագետների մոտ՝ ի՞նչ եք կարծում, Հայաստանում ակնաբուժությունն այնքան զարգացած է, որ բուժման համար չարժե՞ մեկնել արտերկիր:
-Իրո՛ք, Հայաստանում բարձր մակարդակի վրա է այդ ոլորտը, ունենք նորարական տեխնոլոգիաներով հագեցած, եվրոպական չափանիշներին համապատասխանող կլինիկաներ, հայտնի մասնագետներ. պարզապես գիտությունն անընդհատ պահանջում է կատարելագործում:Մենք շարունակ կապի մեջ ենք արտերկրի մեր գործընկերների հետ և մշտապես հետևում ենք ակնաբուժության բնագավառի նորություններին, նվաճումներին: Գոհ եմ մասնագիտական ընտրությանս համար: Եթե նորից ծնվեի, դարձյալ ակնաբույժ կդառնայի. ես հարգում եմ իմ ընտրությունը:
Կարինե Ավագյան