Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի լիբանանահայ մասնակիցների հանդիպումը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ
Դեկտեմբերի 12-ին Լիբանանանում ՀՀ դեսպանությունում Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի լիբանանահայ մասնակիցները համաժողովի արդյունքների արժևորման նպատակով հանդիպեցին աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Հանդիպմանը ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, «Ազդակ», «Արարատ», «Զարթոնք» օրաթերթերի խմբագիրները, ինչպես նաև համաժողովին մասնակցած լրագրողները:
Այս տարվա հոկտեմբեր ամսին Հայաստանում տեղի ունեցեծ Լրագրողների 8-րդ համաժողովի մասնակիցներն իրենց տպավորությունները, տեսակետները և առաջարկները ներկայացրին նախարար Հրանուշ Հակոբյանին: Մասնակիցները նկատեցին, որ Սփյուռքի նախարարության կազմակերպած լրագրողների համաժողովները իրենց դրական արդյունքներն են ունեցել տարբեր ոլորտներում: Նրանք կարևորեցին, որ այս համաժողովներին ամեն տարի ավելի մեծ թվով մասնակիցներ են ներկայացվում, և ավելի շատ արձագանքներ են ստանում այդ օրերին արծարծված հարցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև համահայկական տեղեկատվական դաշտի միասնականությանը, որի լավագույն ապացույցը ապրիլյան քառօրյա պատերազմը եղավ: Ըստ փորձագետների՝ տեղեկատվական դաշտը փայլուն կատարողականություն ցույց տվեց քառօրյա պատերազմի ընթացքում: Այս կատարողականության մեջ մեծ դերակատարություն ունեին լրագրողների համահայկական համաժողովները, ժողովների ընթացքում արված հետազոտությունները, քննարկումները և այլն:
Նախարար Հրանուշ Հակոբյանը օգտաշատ նկատեց շրջաններում մամուլի ակումբների ձևավորումը, որը կարող է նպաստել լրագրության խնդիրների, շրջանային հարցերի քննարկմանը և Հայաստան-Սփյուռք կապերիի ամրապնդմանն ու խորացմանը: Այս առումով նախարարը կարևորեց նաև ընդհանուր գործում ներգրավել օտար լրատվամիջոցներում աշխատող հայ անհատներին, որոնց միջոցով հայ ձայնը կարելի է հասցնել աշխարհին:
Նա նաև նշեց, որ պետք է խորացնել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը և այն աշխուժացնել առավելաբար դպրոցներում, համալսարաններում, մշակութային ու քաղաքական կենտրոններում: Նախարար Հակոբյանն անդրադարձավ նաև Հայրենիքում տնտեսական ներդրումներ կատարելու քարոզչական աշխատանքի կարևորությանը և վերջապես շեշտը դրեց Մայրենիի պահպանության և աղավաղման խնդիրների վրա: «Հայերենն ամեն բանից ավելի տաք պետք է պահենք: Մեր պատասխանատվությունն է զգալ ու զգացնել տալ սրբությունը Մայրենիի: Եթե լեզուն կորցնենք, ամեն բան կկորցնենք: Աշխատենք ամեն գնով պահել ու տեր կանգնել մեր լեզվին»,-ասել է ՀՀ սփյուռքի նախարարը:
Ներկաները առաջարկեցին, որ համաժողովների ընթացքում հնարավորություն ստեղծվի բոլոր մասնակիցների համար՝ քննարկումներին մասնակցելու, առաջարկվեց նաև օտարազգի լրագրողներին ևս ներգրավել և տեղեկացման նպատակով հրավիրել Հայաստան:
Մտահոգություն հնչեց զգույշ լինել ապատեղեկատվությունից և աշխատել ամեն գնով բացառել Սփյուռքի մեջ ապատեղեկատվության, հերյուրանքի և վիրավորանքի տարածումը լրատվության դաշտում:
Հանդիպման մասնակիցները ողջունելի համարեցին նար լրագրողներին առաջնագիծ տանելու հրաշալի գաղափարը, ինչը, բնականաբար, դրական հետևանքներ կունենա լրատվության վրա, ապա` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նախագահների, վարչապետի հետ լրագրողների հանդիպումները, որոնք կնպաստեն շատ ավելի իրազեկ լինելու հայաստանյան խնդիրները լուսաբանելու ժամանակ:
Հանդիպման վերջում քննարկվեցին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու հետագա անելիքները:
Լուսանկարը՝ «Ազդակ»-ի: