«Թո՛ղ խաղաղություն հաստատվի Սիրիայում, իսկ ես ապրեմ Հայրենիքում՝ ամեն լուսաբաց դիմավորելով ճերմակաթույր Արարատի լույսի ներքո». Մելվին Աջոյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում պարբերաբար հյուրընկալվող մեր սիրիահայ հայրենակիցների հետ տարվող հարցազրույցների ընթացքում քիչ չեն նաև ուրախանալու առիթները՝ կապված Հայրենիքում հաստատվելուց հետո նրանց ունեցած հաջողությունների հետ, որոնց շարքին կարող ենք դասել նաև աշխատանք ունենալու կարևոր գործոնը: Հայաստանում գործող շվեյցարական «Կազա»  մարդասիրական  հիմնադրամի զբոսաշրջության զարգացման ծրագրի օգնական հալեպահայ Մելվին Աջոյանը մեկն է այն  բազմաթիվ հայրենադարձներից, ում հետ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում  ծավալված զրույցի ընթացքում գոհունակության  ու ջերմ խոսքեր հնչեցին Հայրենիքի և նախարարության հայանպաստ, ազգապահպան գործունեության մասին:

«2012 թվականի օգոստոսին, երբ  Սիրիայում արդեն  սկսվել էին պատերազմական գործողությունները, ես և քույրս եկանք Երևան՝ տեսնելու Հայաստանը, քույրերով իրար հանդիպելու, սակայն՝ Սիրիա վերադառնալու նպատակով: Մինչ այդ Հայաստանում չէի եղել և որոշել էինք դեռևս ծնողներիս  կենդանության օրոք գալ  ու հաստատվել Հայրենիքում, սակայն մեր երազանքը չիրականացավ. ցավոք, մեր ծնողները մահացան: Երկու քույրերս ամուսնացել են, այսօր նրանցից  մեկն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մյուսը՝ ԱՄԷ-ում: Մի ամիս մնացինք Երևանում. մեր թռիչքը սեպտեմբերի 4-ին էր, սակայն այն հետաձգվեց մի քանի անգամ, որովհետև արդեն վտանգավոր էր դարձել Սիրիա գնալը: Շարունակ հուսադրում էին՝ ասելով, որ շուտով կհասնենք Հալեպ, սակայն մեզնից ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի ընթացք, սրացումներ կունենան պատերազմական գործողությունները: Թռիչքները հետաձգվում էին, մեքենաներով վախենում էինք ճանապարհ ընկնել: Մեկ ամսով ծրագրած մեր ուղևորությունը դարձավ Հայրենիքում մշտապես հաստատվելու առիթ, թեև մենք ավելի վաղուց որոշել էինք վերջնական հանգրվան գտնել Հայաստանում: Քրոջս ամուսինը հորդորեց, ասաց, որ մեզ ամեն ինչով կօգնի, լավ կլինի, խոստացավ մինչև աշխատանք գտնելն ինձ օգնել և օգնեց: Մոտ մեկ տարի է, ինչ աշխատում եմ, գոհ եմ: Շվեյցարական «Կազա» մարդասիրական կազմակերպությունը տարբեր ոլորտներ ունի և տարբեր մարդասիրական գործառույթներ է իրականացնում Հայաստանում: Ես զբաղված եմ զբոսաշրջության ոլորտում: Ես Հալեպում սովորել եմ տեղի համալսարանի լեզուների կենտրոնում, տիրապետում եմ իտալերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն  լեզուներին, որոնց շնորհիվ կարողանում եմ հաղորդակցվել  դրսից եկող հյուրերի հետ. դիմավորում եմ նրանց, տեղավորում հյուրանոցում,տալիս անհրաժեշտ ամեն մի տեղեկատվություն: Մեր նպատակն է այնպես ընդունել դրսից եկողներին, որ նրանք իրենց երկրներ վերադառնան լավ տպավորություններով և կրկին ցանկություն ունենան գալու Հայաստան: Տնօրինությունը գնահատում է իմ աշխատանքը: Ապրում եմ իմ հարազատի տանը, վարձի խնդիր չունեմ, քույրերս  էլ դրսից օգնում են: Փա՛ռք Աստծո, ամեն ինչ լավ է, միայն մի մտահոգություն ունեմ. շարունակ մտածում եմ իմ ծննդավայրի ճակատագրի մասին. Հալեպում մեր ծնողների շիրիմներն են, մեր պատմական, հոգևոր արժեքները, մեր դպրոցներն ու սիրելի թաղամասերը, դեռևս այնտեղ մնացած մեր հայրենակիցները, մեզ հարազատի պես սիրող արաբ հարևանները, ովքեր հրթիռակոծումից ավերված մեր տան տանիքն այս օրերին վերանորոգել են սեփական նախաձեռնությամբ, որպեսզի գոնե ներսում մնացած գույքը չվնասվի: Կուզեմ պատերազմի ավարտից հետո գնալ Հալեպ և վերադառնալ Հայաստան՝ ինձ հետ բերելով հիշատակներ, թանկ մասունքներ, ոչ՝ նյութական արժեքներ. փափագում եմ այցելել ծնողներիս շիրիմներին…Ափսո՜ս, հազար ափսոս մեր Սիրիան, մեր Հալեպը: Վաղուց ի վեր այնտեղ հաստատված հայերն այնքա՜ն մեծ մշակույթ են բերել իրենց հետ.1915թ. Հայոց ցեղասպանությունից  մազապուրծ հայերին հյուրընկալող, ապաստան տվող արաբ ժողովուրդն այսօր այնքա՜ն ամուր թելերով է կապված սիրիահայությանը, որ ցավ է ապրում հայերի՝ Սիրիայից հեռանալու առիթով: Այսպես ստացվեց. ցավոք, պատերազմական ավերիչ, վտանգահարույց գործողությունների վերջը չի երևում: Տա Աստված, որ շուտով ավարտվի պատերազմը և Սիրիայում 2017-ի և եկող բոլոր գարունները խաղաղ լինեն. սակայն իմ որոշումը հաստատուն է՝ մնալո՛ւ եմ Հայաստանում: Մի ցանկություն ունեմ միայն՝ ձեռք բերել թեկուզ մեկ սենյանականոց մի փոքրիկ սեփական բնակարան և ամեն լուսաբաց դիմավորել ճերմակաթույր Արարատից ճառագող լույսի ներքո»:

Մելվին Աջոյանի՝ նրբակիրթ ու համեստափայլ այս հայուհու մեղմ ձայնով ասվող ամեն մի խոսքի ետևում շղարշվող  թախիծը, Հայրենիքի մասին խոսելիս՝ նրա լայնահուն ժպիտն ու հուզմունքը, ծննդավայրի և Հայրենիքի խաղաղ ու ծաղկուն, հզոր տեսլականի հանդեպ  ունեցած հույսն ու հավատն էլ դարձան աշնանային ավարտվող օրվա և մեր զրույցի վերջաբանի գեղեցիկ խորհուրդն ու հմայքը:

Կարինե Ավագյան

Scroll Up