Առանց Հայրենիք Սփյուռք գոյություն չունի. Համբիկ Մարտիրոսյան

 Հոկտեմբերի 20-ին մեկնարկած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը հոկտեմբերի 20-22-ը անցկացվեց Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում: Համաժողովը կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը  Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և  Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ: Համաժողովն այս տարի մեծ խորհուրդ ուներ և  նվիրված էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:  Աշխարհի 31 երկրից համաժողովին մասնակցելու ժամանած 140 լրագրողները հայրենիք էին եկել որպես Սփյուռքի զարկերակներ, որոնք Հայաստան-սրտի ամեն տրոփյունը զգալի ու տեսանելի են դարձնում մոլորակի յուրաքանչյուր հատվածում:

Համաժողովին մասնակցում էր նաև Լիբանանի «Խոսնակ» ամսաթերթի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը:  Ըստ նրա՝ շատ խորհրդանշական է, որ համաժողովն ընթանում է Անկախության 25-ամյակը բոլորելուց ուղիղ մեկ ամիս անց՝ հայրենքի սրտում համախմբելով Սփյուռքի, Հայաստանի և Արցախի մի շարք լրագրողների, որոնց նպատակը մեկն է՝ դնել և ազդանշել նոր մեկնակետ: «Նոր տեսիլքով ու երազով ենք եկել, կարոտով և գուրգուրանքով դեպի մեր հայրենիքը, լեզուն ու մշակույթը: Եկել ենք նոր նպատակներով ու հույսերով, եկել ենք ևս մեկ անգամ ապացուցելու, որ հայրենիքը Սփյուռքին կամրջված է աներևակայելի ձգողականությամբ, այն մոր նման, որ իրենից հեռու գտնվող զավակների համար օր ու գիշեր աղոթք է հնչեցնում»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշում է պարոն Մարտիրոսյանը:

Սփյուռքի լրագրողներն իրենց մասնագիտությանը միայն մասնագիտական պատասխանատվությունների ու պարտականությունների տեսանկյունից չեն մոտենում. նրանց համար լրագրող լինելը նախևառաջ առաքելություն է, որի նպատակներից մեկն էլ սփյուռքահայերին  հայրենիքի կյանքին մշտապես հաղորդակից դարձնելն է: Սփյուռքում գործող շատ հեղինակավոր լրատվամիջոցներն են կարողացել նաև օտար միջավայրում հային հայ պահել՝ սկսած «Ազդարարից» ու «Հյուսիսափայլից», «Մշակից» ու «Մուրճից» մինչև «Նաիրի», «Փյունիկ» և «Հայրենիք»: Պատահական չէր նաև, որ հենց Սփյուռքում հիմք դրվեց հայկական մամուլին, մասնավորապես նաև՝ գրական մամուլին: «Մենք լավ ենք գիտակցում լրագրողի դերը Սփյուռքում: Մեզ համար հայրենիքը ներշնչում է, և մենք այդ ներշնչումը փոխանցում ենք մեր մյուս հայրենակիցներին՝ Հայաստանը դարձնելով մեր հոգևոր աշխարհի ողնաշարը: Մենք ապրում ենք Հայաստանի առօրյայով ու հոգսերով, հայրենիքի հաղթանակը մեր հաղթանակն է, կորուստները՝ նաև մերը:  Լուսավորելու, տեղեկացնելու, Հայաստան-Սփյուռք կապը ամրացնելու պարտականությունը ևս մեր՝ լրագրողներիս ուսերին է, մանավանդ այն լրագրողի, ով սրտացավորեն է հետաքրքրվում հայրենիքի կյանքով և նպատակ ունի Սփյուռքը  առնչելու Հայաստանին: Սփյուռքի լրատվամիջոցների լրագրողները պիտի ամեն բան գիտակցելու, ընկալելու և հասկանալու յուրահատուկ կարողություն ունենան, կարողանան ճիշտ զտել, ընտրել և հրամցնել լրահոսը լսարանին ու ընթերցողին»,- ասում է «Խոսնակի» խմբագիրը:

Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ մարտահրավերներն այսօր բազմաթիվ են՝ լեզվի և ինքնության խնդիր, մշակույթի և հայապահպանության հարց, ազգային արժեքների գիտակցում, հայ ընտանիքի պահպանում, որոնցից խուսափելու միակ ելքը հայրենիքի հետ սերտ և մշտական կապն է: «Այդ կապն այսօր առավել քան ամուր է: Վերջին տարիներին այն ավելի ամրացավ Սփյուռքի նախարարության, հատկապես՝ նախարար Հրանուշ Հակոբյանի ջանքերով: Նա բազում թելերով ու միջոցներով Սփյուռքը կամրջեց Հայաստանին, ստեղծեց միասնականության մթնոլորտ: Այս ամենի շնորհիվ մենք շատ խնդիրներ դյուրությամբ  ենք լուծում, միասնաբար քննում և հասնում ենք վերջնական ու ցանկալի արդյունքի: Մենք պետք է մեկ բան լավ գիտակցենք նաև, որ առանց Հայրենիք Սփյուռք գոյություն չունի, որքան շուտ Հայաստանը հզորանա, այնքան շուտ Հայրենիքն ու Սփյուռք կդառնան մեկ միավոր՝ մեկ միասնական հողի վրա, մեկ հայրենքի սահմաններում: Մենք հիմա մեր ոսկեդարն ենք ապրում՝ ունենալով կայացած անկախություն, որի մեջ կերտում ենք մեր ինքնությունն ու ինքնաճանաչումը, գիտենք՝ մենք ով ենք, մնում է միայն՝ մեկ բռունցք դառնալ, միավորվել»,- շեշտում է Համբիկ Մարտիրոսյանը:

Ամալյա Կարապետյան

Scroll Up