«Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց հայուհի եմ ծնվել». Նադյա Հովհաննիսյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/Ari-tun-hyur@nkal.jpg)
«Արի տուն» հայրենաճանաչողական ծրագրի շրջանակներում մեր հայրենակիցներից շատերն իրենց ընտանեկան հարկի ներքո ամեն տարի հյուրընկալում են սփյուռքահայ պատանիների ու աղջիկիների՝ նրանց տալով հայկական օջախի ջերմությունն ու սերը:
«Արի տուն-2016 » ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում մայրաքաղաքի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Մխոյանն իր տանը հյուըրնկալել է Ջավախքից՝ Նինոծմինդայից եկած Նադյա Հովհաննիսյանին, ում հետ էլ տիկին Մխոյանը եկել էր «Հայերն այսօր»-ի խմբագրություն:
«Դպրոցում խոսակցություն էր գնում «Արի տուն» ծրագրի մասին, հյուրընկալ ընտանիքների, և ես մտածեցի իմ ընտանեկան հարկի ներքո հյուրընկալել մի հայորդու: Իմ աղջիկը 25 տարեկան է, նա ևս հավանություն տվեց իմ որոշմանը: Սովորաբար մեր որոշումները համընկնում են: Ես միտումնավոր ընտրեցի հուլիս ամիսը, որպեսզի դպրոցում արձակուրդ լինի, ես տանը լինեմ և կարողանամ իմ հյուրի հետ շփվել, զբաղեցնել նրան, զբոսանքների տանել և համեղ կերակրատեսակներ պատրաստել: Ահա այդպես մեր տանը հյուրընկալվեց Նադյան՝ զուսպ, հայրենասեր, խելացի 17-ամյա հպարտ ու արժանապատիվ հայուհին: Ես իմ սենյակը տվեցի նրան, որպեսզի իրեն ազատ զգա, Նադյային տրամադրեցի նաև իմ համակարգիչը: Նադյան շփվում է աղջկաս հետ, ծրագրեր են կազմում: Մի երկու օրում Նադյան մեզ համար շատ հարազատ մարդ դարձավ, ասես շատ վաղուց ենք նրան ճանաչում. ամեն առավոտ Նադյան ինձ համար շատ համեղ սուրճ է պատրաստում: Պետք է այնպես անել, որ հյուրն իրեն հյուր չզգա, չնեղվի. հայ ժողովրդի բնավորության հատկանշական լավագույն կողմերից մեկը հենց հյուրամեծար լինելն է: Աղջիկս՝ Արփինեն, շատ զբաղված է իր աշխատավայրում, տանն էլ է աշխատում, սակայն կարողանում է ժամանակ տրամադրել նաև Նադյային, շփվել նրա հետ. երեկ նրանք միասին նույնիսկ ճաշ էին պատրաստել՝ ինձ անակնկալի բերելով: Ապրում ենք մի ընտանիքի նման. օրերս բանակից զորացրվել է ընկերուհուս տղան , գնացինք շնորհավորելու, և Նադյան, բնականաբար, եկավ մեզ հետ: Իմ ընկերուհիներն են մեզ հյուր հրավիրել: Ծրագրել ենք, որ իմ աշակերտները հանդիպեն Նադյային, ծանոթանան, միասին գնան զբոսանքի:
Նադյան յուրօրինակ աղջիկ է. 17-ամյա այս հայուհին շատ նպատակասլաց է , բազմակողմանիորեն զարգացած, ուսումնատենչ, հայրենասեր ու պատվախնդիր: Նա նպատակադրվել է անպայման բարձրագույն կրթություն ստանալ: Անշուշտ, դժվար կլինի մեր բաժանումը, սակայն կարծում եմ, որ մեր կապը կշարունակվի նաև ծրագրից դուրս: Ես հիացած եմ «Արի տուն» ծրագրով. հրաշալի գաղափար է: Հայանվեր մեծ աշխատանք է կատարում Սփյուռքի նախարարությունը»:
Մեր զրույցը շարունակում ենք Նադյայի հետ, ով զարմացնում է իր դիպուկ, խելացի , հասուն և ճանապարհ անցած մարդուն բնորոշ դատողություններով, հայրենասիրական կրակոտ ոգով, վերլուծություններով, հայոց լեզվից ու պատմությունից ունեցած իր գիտելիքներով:
« Այս ծրագրի մասին լսել եմ նախկինում «Արի տան» -ը մասնակցած իմ ընկերուհիներից: Պատմամշակութային շատ հուշարձաններ ենք այցելել, սակայն ավելի մեծ տպավորություն ստացել եմ Սարդարապատից. ես սիրում եմ այն ամենն, ինչը կապված է իմ Հայրենիքի պատմական անցուդարձերի հետ: Հերոսապատում, հայ ժողովրդի համար ճակատագրական դրվագներ ունեցող պատմության էջերն են ինձ հետաքրքրում և դրանց վերաբերող պատմամշակութային հուշարձանները, հուշահամալիրները: Ես Հայաստանում էլի եմ եղել, մենք այստեղ ազգականներ ունենք. ամեն այցն իր նպատակն ու զգացողություններն ունի: Ես կարող էի մնալ նաև բարեկամներիս տանը, սակայն ճիշտ համարեցի հյուրընկալվել օտար մեկի տանը՝ այդպիսով ձեռք բերելով մի բարեկամ ևս: Այս ծրագրի շրջանակներում 3-րդ փուլի մասնակիցներից շատերը խոսում են ռուսերենով, որն ինձ բարկացնում է. ես գտնում եմ, որ հայը միայն հայի հետ պետք է ամուսնանա, և ընտանիքներում բոլոր հայերը պետք է պահպանեն հայոց լեզուն ու հայկական ավանդույթները: Ծրագրի մասնակիցներից շատերի հետ եմ ընկերացել, կարծում եմ, որ այդ կապը նաև ծրագրի ավարտից հետո կշարունակենք: Ես չեմ սիրում շատ ազատ պահելաձև ունեցողներին. իհարկե, պետք չէ կաշկանդված լինել, սակայն ամեն ինչ պետք է չափի մեջ լինի. հենց այդպես եմ ընկերներ ընտրել: Իմ ծննդավայր Ջավախքում՝ Նինոծմինդայում, շատ է կարևորվում հայկական ավանդապաշտ ընտանիք ունենալը, պատվախնդրությունը, հպարտությունը. ես էլ , բնականաբար, մեծանալով այդպիսի միջավայրում, նույնպիսի դաստիարակություն եմ ստացել: Որոշել եմ անպայման բարձրագույն կրթություն ստանալ. հավանաբար կսովորեմ Թիֆլիսում, որովհետև այն իմ ծննդավայրին մոտ է: Այսպիսին են իմ հայացքներն ու ապագայի ծրագրերը. մնացածը թողնում եմ ժամանակին:
Շնորհակալությո՛ւն « Արի տուն» ծրագրին՝ նոր ընկերներ ու բարեկամներ ձեռք բերելու այս հնարավորությունն ընձեռելու համար, անչափ շնորհակալ եմ ինձ հարազատ հյուրընկալ ընտանիքին՝ տիկին Աննային և Արփինեին:
Շնորհակա՛լ եմ Աստծուն, որ հե՛նց հայուհի եմ ծնվել, որ Հայաստան անունով մի փոքրիկ ու անուշ Հայրենիք ունեմ»:
Այս հետաքրքիր ու բովանդակալից զրույցից հետո մնում է միայն դարձյալ հպարտանալ Արարչից մեր ժողովրդին բաժին հասած թանկ պարգևներով՝ խելքի ու մտքի թռիչքներով, հոգու և սրտի ներդաշնակությամբ շաղախված հայ էության ինքնատիպությամբ:
Կարինե Ավագյան