«Կիպրահայեր» կայքի ստեղծման հիմքում Արցախում նոր գյուղ հիմնելու շարժառիթն է եղել

Կիպրոսում գործող «Կիպրահայեր» կայքի ստեղծման հիմքում Արցախում նոր գյուղ հիմնելու շարժառիթն է եղել, որի աշխատանքների իրագործմանը օժանդակելու համար կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը Հայաստանից վերադառնալով՝ կուսակից ընկերների հետ որոշել են դրամահավաք կազմակերպել:

Սկզբում 50 էլեկտրոնային նամակ են ուղարկել տարբեր մարդկանց, որոնց թիվը գնալով հետագայում շատացել է: Հավաքված հանգանակությամբ իրենց մասնակցությունն են ունեցել 1999 թվականին Քաշաթաղի շրջանում Դիցմայրի գյուղը հիմնելուն: Այնուհետև Կիպրոսից կամավորական խմբեր են ուղարկել, որոնք մեկ տարի շարունակ օգնել են շինարարական աշխատանքները կատարելուն, մեկ այլ դրամահավաք էլ կազմակերպել են գյուղում ջրի մատակարարման հարցը կարգավորելու համար:

 Հետո արդեն վճռականորեն որոշել են լայնածավալ գործունեություն ծավալելու նպատակով առցանց հարթակ ստեղծել: Այսպիսով, 1999 թվականին «Կիպրահայեր» կայքն այլևս իրականություն դարձավ:

«Երբ կայքը ստեղծման ճանապարհին էր, չէինք կողմնորոշվում, թե ինչ լեզվով գործարկել այն: Չէինք ցանկանում միայն հայերենով լուրեր հրապարակել, քանի որ մեր նպատակը նաև օտար շրջանակներին Հայաստանի և հայ ժողովրդի մասին տեղեկություններ հաղորդելն էր: Որոշեցինք միայն անգլերեն լեզվով նյութերով հանդես գալ՝ չնայած, որ ժամանակի ընթացքում նաև հայերեն հոդվածներ ենք հրապարակում»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Սիմոն Այնեջյանը:

Խմբագրակազմը 6 հոգուց է բաղկացած, ովքեր, ինչպես գլխավոր խմբագիրն է վստահեցնում, սիրով և պատասխանատվության զգացումով են կատարում իրենց աշխատանքը: Կայքում զետեղվում են կիպրահայ համայնքում, Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող նյութեր: Նաև «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության՝ 1981 թվականին հիմնադրված «Արձագանք» շաբաթաթերթի հետ են համագործակցում:

Սիմոն Այնեջյանը կարծում է, որ հայ լրագրողի առաքելությունը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, պետք է ոչ միայն հայ հասարակության հիմնախնդիրներին անդրադառնալը լինի, այլ նաև՝ հայկական իրականությունից դուրս լրագրողական գործունեություն ծավալելը, սերտ հարաբերություն ձևավորելը, որի շնորհիվ  մեր առջև դրված քաղաքական խնդիրները կհաջողենք լուծել:

Սիմոն Այնեջյանը կարևորում է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող լրագրողների համահայկական համաժողովները, քանի որ դրանք  սփյուռքյան խմբագիրներին և լրագրողներին միմյանց հետ ծանոթանալու, հետագա համագործակցության ուղիներ որոնելու մեծ հնարավորություն են ընձեռում: Առաջին անգամ մասնակցել է Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական  5-րդ համաժողովին:

Ամփոփելով հոկտեմբերի 20-ից 24-ը կայացած «Հայոց պետականությունը՝ միասնության  առանցք» խորագրով լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքերը՝ Սիմոն Այնեջյանը ընդգծում է այն հանգամանքը, որ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունն է մեծացել, մտերմացել է այն մարդկանց հետ, որոնց նախկինում ճանաչել է միայն համացանցային շփման միջոցով: «Հայերն այսօր»-ի զրուցակիցը նաև հույս հայտնեց, որ համաժողովի օրերին համակողմանի քննարկումների արդյունքում հնչած կառուցողական առաջարկներն անպայման  թղթից գործի կվերածվեն:

Գևորգ Չիչյան

Scroll Up