«Օգնելու գործը վարակիչ և կրկնօրինակվող պետք է լինի». «Հայորդյաց տան» ուսուցչուհի
Ադրբեջանի կողմից ապրիլյան պատերազմի սանձազերծումից անցել է շուրջ վեց ամիս։ Այս ամիսների ընթացքում շատ բանի մասին խոսվեց ու գրվեց, բայց բազում օգնություններ էլ քրիստոնեաբար չբարձրաձայնվեցին։ Դրանց շարքին են դասվում նաև Մոսկվայի «Հայորդյաց տան» կողմից ՀՀ և ԼՂՀ ուղարկված դրամական կամ հոգևոր աջակցությունները, որոնցից մեկի մասին, այնուամենայնիվ, որոշեցինք գրել։
Կրթօջախի՝ Երանուհի Ղազարյանի դասղեկական 3բ դասարանի սաներն ամեն ամիս որոշակի գումար են ուղարկում զոհված մայոր Սուրեն Մելքումյանի ընտանիքին։ Չորս որդիների հայր մայոր Մելքումյանը զոհվել է ապրիլի առաջին իսկ օրերին, իսկ կինը սպասում էր հինգերերորդ զավակին։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ որոշակի գումար էինք հավաքել, որն օգնության կարգով ուղարկեցինք երեք ընտանիքների։ Դրանից հետո քննարկման ժամանակ առաջարկ եղավ «գրպանի ծախսից» ամեն ամիս, մինչև եկող տարվա մայիս, որոշակի գումար ուղարկել Մելքումյանների ընտանիքին»,- մեզ հետ զրույցում ասացին նույն դասարանի սաներ Կարինե Գասպարյանը և Արտյոմ Վարդանյանը, ովքեր մեր զրույցի ողջ ընթացքում շեշտում էին, որ իրենց արածը ամենաչնչինն է և չարժի այդ մասին բարձրաձայնել։ Սակայն, բարձրաձայնման պատճառը բոլորովին այլ է։
«Այս ամիսների ընթացքում սաներս, ովքեր մեծամասամբ ուսանողներ են, ոչ մեկին չեն ասել Մելքումյանների ընտանիքին ուղարկվող դրամական օգնության մասին։ Սակայն ես այն կարծիքին եմ, որ նրանց գործը վարակիչ և կրկնօրինակվող պետք է լինի։ Ցանկալի կլինի, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցները գոնե մեկ տարվա կտրվածքով ամսական թեկուզ մեկ լանչի գումարը հատկացնեն ապրիլյան պատերազմում ընկածների ընտանիքներին և գոնե այդ ձևով որոշ չափով թեթևացնեն նրանց հոգսը։ Շնորհակալ եմ ռուսախոս 3բ դասարանիս և ցանկանում եմ, ոպեսզի օրինակը լինի վարակիչ ու որ, ամենակարևորն է, մեր հայրենիքի երկինքը մնա կապույտ, և մեր զինվոր-հայրերը թող հերոսանան միայն խաղաղ պայմաններում, իսկ հայ մայրերի աչքերում երբեք ցավի ու կորստյան արցունքներ չլինեն»,- ասաց Երանուհի Ղազարյանը։
«Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոն
Ազբյուրը՝ «Հայերն այսօր»