Չեխահայ մարզիկը իր հաղթանակը նվիրում է Արցախի պահապան զինվորներին
Ապրիլի 9-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կայացած King of Kings (KOK) քիքբոքսինգի միջազգային մրցույթում չեխահայ քիքբռնցքամարտիկ Տիգրան Մովսիսյանը փայլուն հաղթանակ տարավ իր մրցակից, Մոլդովայի լավագույն քիքբռնցքամարտիկ Վասիլ Մատեյի նկատմամբ եւ հռչակվեց մրցաշարի չեմպիոն։ Իրականում նրա մրցակիցը պետք է լիներ մոլդովացի մի այլ մարզիկ՝ Քրիստիան Դորելը, սակայն մրցամարտից 10 օր առաջ կազմակերպիչները փոխեցին մրցակցին։
Տիգրանը մի քանի շաբաթ առաջ արդեն լուրջ վնասվածք էր ստացել Ավստրիայում կայացած մրցաշարում, ինչը զգացնել տվեց նաեւ այս մրցամարտում։ Չնայած, ցավերին, նա կարողացավ վարպետորեն հաղթանակ գրանցել։
Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց Տիգրան Մովսիսյանը, իրեն մեծ աջակցություն են ցույց տվել Մոլդովայի հայերը, ովքեր մրցամարտի ողջ ընթացքում ոգեւորել են իրենց բացականչություններով ու մեծ լիցք հաղորդել։ «Շատ շնորհակալ եմ նրանց։ Ես իմ հաղթանակը նվիրեցի Արցախի սահմանին կանգնած հայ զինվորներին, ովքեր պաշտպանեցին մեր հայրենիքը եւ նաեւ շնորհակալություն եմ հայտնում մեր զինվորներին »,- ասաց Տիգրանը։
Ի դեպ, հաղթանակից հետո Տիգրանը ծածանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը։
Հիշեցնենք, ինչպես հաղորդել էր ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, մարտի 18-ին Վիեննայում տեղի էր ունեցել Քիքբոքսինգի Final fight championship 23 եվրոպական առաջնությունը, որտեղ չեխական Բռնոյի «Muay zhai Brno» ակումբը ներկայացնող 70կգ քաշային Տիգրան Մովսիսյանը լիակատար հաղթանակ էր տարել ավստրիացի պարսկական ծագումով մարզիկ Ֆոադ Սադեղին եւ դարձել առաջնության չեմպիոն։
Ջերմորեն շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։