Հայաստանը դրախտավայր է, եկեք, միացեք մեզ. հայեպահայ գրող Նուշիկ Միքայելյան

Գրող, «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» նախաձեռնության անդամ Նուշիկ Միքայելյանը Հալեպից է, տեղափոխվել է ԱՄՆ և 90-ականներին վերջնականապես հաստատվել Հայաստանում: Հալեպում ունի հարազատներ, շփում ունի հալեպահայերի հետ ու հաստատում է.

«Հալեպում կա մի զանգված, որը ոչ մի գնով Հալեպից դուրս գալ չի ուզում: Չեն ուզում և ունեն իրենց պատճառները»:

Այսօր հալեպահայերին վերաբերող քննարկման ժամանակ տիկին Նուշիկն ասաց, թե նկատել է՝ Հայաստանից դուրս սփյուռքահայերը հայաստանյան կյանքով չեն ապրում, նրանց կարծես չի հետաքրքրում դա, ունեն իրենց կյանքը: Մինչդեռ, նրա կարծիքով, տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում դրսում ապրող հայերը պետք է իմանան, թե ինչ է կատարվում Հայաստանում, «ապրեն Հայաստանի կյանքով»:

«Ես չգիտեմ, թե ինչու, տարիներով սփյուռքահայերը այդպես են պատկերացրել, որ եթե իրենք այստեղ չեն ապրում, հայրենիքը պետք է մնա որպես վերացական գաղափար: Եվ սփյուռքահայերը հայաստանցիների հետ պիտի կարողանան մեր պետության բարօրության համար իրենց ջանքերը հավասար ներդնել՝ ով կարող է գալ, գալով, ով չի կարող, մնալով», -ըստ Panorama.am-ի` նշեց Նուշիկ Միքայելյանը:

Նրա խոսքով, շատերն են զարմացել, երբ իմացել են, որ ինքն ԱՄՆ-ից եկել, հաստատվել է Հայաստանում ու այդ մասին հարցերը նա «ահավոր» է համարում: «Հայաստան գալիս ենք, որովհետև մերն է», -նկատեց նա:

Հրապարակախոսը նաև Հայաստան գալու և հաստատվելու կոչ արեց սիրիահայերին. «Եթե Հայաստանը չլիներ որևէ սփյուռքահայի կյանքը քանի՞ կոպեկի գին ուներ: Եկեք փայփայենք Հայաստանը: Միգուցե մեր պետությունը շատ թերություններ ունի, բայց պետք է հասկանանք, որ այդ թերությունները միայն ներսում ապրողը չպիտի լուծել, այլ պիտի գաք, պիտի միանաք մեզ, որպեսզի կարողանանք միասին լուծենք մեր պետության առջև ծառացած խնդիրները: Կոչ եմ անում հալեպահայերին Հայաստանից մի վախեցեք: Շատերը կարծում են, թե դրախտավայրը այն երկիրն է, որը «գրին քարտ» է տալիս, բայց ես պնդում եմ՝ դրախտավայրը Հայաստանն է»:

Scroll Up